Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջապահական ապահովագրության խնդիրը լուծվելու է «Զինապահ» հիմնադրամի հաշվին, հաշվե՞լ եք՝ տուժելո՞ւ են հերոսի ընտանիքը, վիրավոր զինծառայողը»

Հոկտեմբեր 22,2025 19:25

«Առողջության համընդհանուր ապահովագրություն ենք փոխել մեր համակարգի անունը, որովհետեւ այն 3 տարիների ընթացքում ներառելու է ողջ բնակչությանը, բայց ծառայությունների առումով ապահովագրական բազային փաթեթը, իհարկե, ամեն ինչ չի փակելու»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշեց, որ 2026 թվականի բյուջեով արդեն իսկ բարեփոխման առաջին փուլի ֆինանսական հատվածը ներառվել է։

«Եվ արդեն իսկ հստակ սկսել ենք կոմունիկացնել, թե որ խմբերն են առաջին փուլով ներառվելու ապահովագրության շրջանակներում։ Մենք այսպես ենք մոտեցել հարցին, որ նախ մինչեւ 18 տարեկան երեխաները, 65+ տարիքի անձինք եւ 18-65 տարեկան առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամները, սոցկարգավիճակ ունեցողները կապահովագրվեն պետության կողմից։ Այսինքն՝ պետությունը պետական բյուջեի շրջանակներում կվճարի նրանց ապահովագրավճարը»,- ասաց նա։

Մյուս խումբը, որն առաջին փուլով կընդգրկվի համակարգում, նախարարի խոսքով, 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ունեցող խումբն է։ «Եվ քանի որ առաջին տարում մենք բոլորս պետք է միասնաբար ընտելանանք համակարգի գործարկմանը, կառավարությունը նաեւ որոշում է կայացրել, որ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ու եկամուտ ստացող անձինք ապահովագրավճարը վճարելու համար կունենան հնարավորություն՝ «Զինապահ» հիմնադրամի համար վճարները կնվազեցվեն մինչեւ 1000 դրամ, եւ մնացած մասը կգնա ապահովագրությանը։ Եվ այս անձինք նաեւ սոցիալական կրեդիտների շրջանում կստանան եկամտահարկի հետ վերադարձ»,- ասաց նախարարը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Այդ հարցը մի խավի անհանգստացնում է, որ առողջապահական ապահովագրության խնդիրը լուծվելու է «Զինապահ» հիմնադրամի հաշվին։ Դուք հաշվե՞լ եք, «Զինապահ» հիմնադրամի կրճատումից տուժելո՞ւ են արդյոք հերոսի ընտանիքը, վիրավոր զինծառայողը, նրա ընտանիքը»։

Այս հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, նա ասաց․ «Հարց՝ առողջապահության ապահովագրության հարցը լուծվելու է «Զինապահ» հիմնադրամի հարցին, այս ձեւակերպումն արդեն ինքնին պրոբլեմ է։ Խորհրդարանական այս մեծամասնությունն է նախաձեռնել 2020 թվականին, որ «Զինապահ» հիմնադրամի վճարումներն էականորեն ավելացել են պատերազմից հետո։ Հիմա մենք տեսնում ենք, որ հիմնադրամում էնքան գումար է արդեն կուտակվել, որ ինքն իր տոկոսներով եւ այլնով շատ երկար ժամանակ բոլոր պարտավորությունները կկատարի։ Մարդիկ «Զինապահ» հիմնադրամի նկատմամբ 5 տարի լրացուցիչ պարտավորություն են կատարել, որը տասնամյակներով ապահովելու է հիմնադրամի բնականոն գործունեությունը, էդ մարդիկ իրավունք չունե՞ն իրենց առողջության վրա ծախսելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը հավելեց, որ դրույքաչափերն են փոխվում, այսինքն՝ վերադարձ է կատարվում 2020 թվականից առաջ վճարվող 1000 դրամին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031