Լրահոս
Օրվա լրահոսը

Անաիս Սարդարյան. «Կարապետյանների ընտանիքը սովոր է բարի գործ անել եւ վստահ եմ, որ դեռ շատ-շատ բաներ կանենք միասին»

Հոկտեմբեր 22,2025 21:01

Tashir Arena բազմաֆունկցիոնալ համալիրում գլխավոր պրեմիերայից առաջ երեկ կայացած «ETERNIA» բարեգործական շոու-ներկայացման առաջին հանդիսատեսը այսօր ուշադրության եւ հոգատարության կարիքն ամենաշատն ունեցող շերտն էր:

Բարեգործական այս գաղափարի հեղինակը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի դուստրն է՝ Տաթեւ Կարապետյանը, ում նախաձեռնությամբ բացառիկ հեքիաթային աշխարհի առաջին հանդիսատեսն ու անմիջական մասնակիցը դարձան բազմազավակ ընտանիքներ, Արցախից տեղահանված ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, վետերաններ, բարեգործական հիմնադրամի շահառուներ եւ այլոք:

«2020 թվականի պատերազմից հետո ես եւ իմ կամավորները, որոնք 900-ից ավելի են, փորձում ենք իրականացնել բարի գործեր: Ու դա անում ենք հայերի միջոցով: Իմ համար շատ կարեւոր է, որ բարի գործերը հայերը անեն հայերի համար, ոչ թե միայն մեկ հոգի անի, այլ՝ ընդհանուր: Ես այդ սկզբունքով եմ առաջնորդվում:

Tashir Arena-ում արդեն երկրորդ անգամ ենք բարի գործ կատարում: Տաթեւիկ Կարապետյանը երկրորդ անգամ է հրավիրում անապահով, սոցիալապես մի քիչ ծանր վիճակում գտնվող արցախցիների, զոհված հերոսների բալիկներին: Այսօր ունենք իրականում բազմաշերտ հանդիսատես, որովհետեւ 1380 տեղ է մեզ հատկացվել եւ մենք փորձել ենք 200-ականով բաշխել բոլոր շերտերին, որպեսզի կարողանանք երեխաներին հրավիրել, որպեսզի ոչ մեկն անտեսված չլինի: Կարծում եմ, այսպիսի միջոցառումները շարունակվելու են, որովհետեւ Կարապետյանների ընտանիքը սովոր է բարի գործ անել: Վստահ եմ, որ դեռ շատ-շատ բաներ կանենք միասին»,-շոու ներկայացումից առաջ Aravot.am-ին ասաց դերասանուհի եւ բարեգործական ծրագրերի ակտիվ կամավոր Անաիս Սարդարյանը:

«Ես զբաղվել եմ երեխաներին հավաքագրելով: Մենք ունենք շատ մեծ բազա: Ցավոք սրտի, ունենք զոհված հերոսների երեխաների շատ մեծ ցուցակներ: Ես կուզենայի, որ այդ եւ անապահով երեխաների ցուցակը ինձ մոտ քչանա՝ բոլորը դառնան ապահով: Բայց, ցավոք սրտի, այն տարեց-տարի շատանում է: Եվ ունենում ենք երեխաներ, որոնք կարիք ունեն ուշադրության: Ոչ միայն ներկայացմամբ ուշադրության, ինչպես այսօր: Ամեն անգամ տարբեր միջոցառումներ ենք անում: Վստահ եմ, նրանք դրա կարիքն ունեն: Եթե հարցնեք երեխաներին եւ ծնողներին, ոչ մեկը չի զգում, որ սա օգնություն է եւ իրենց վատ զգալով են ստանում: Այստեղ բոլորը գիտեն, որ բոլորը մեր գլխի վրա տեղ ունեն եւ բոլորը այստեղ գալիս են որպես կարեւոր հյուր:

Ես ուզում եմ կարեւորել, որ Tashir Arena-ն դեռ չի բացել իր դռները: Ամսի 24-ին տեղի է ունենալու մեծ բացումը: Գիտեք՝ ինչքան կարեւոր հյուրեր են գալու: Բայց Տաթեւիկ Կարապետյանը այդ հյուրերից ավելի կարեւոր համարել է այս երեխաներին: Եվ դրա համար ես նրանից շատ-շատ շնորհակալ եմ»,-շարունակեց Անաիս Սարդարյանը:

Պատասխանելով ներկայացումից իր ակնկալիքների եւ իր երեխանների ստանալիք տպավորությունների եւ մասին հարցին՝ Անաիս Սարդարյանը ասաց. «Եթե ազնիվ ասեմ, քանի որ մուտք ու ելք ունեմ Tashir Arena-ի շենք, կարող էի օգտվել առիթից, խնդրել ու մի օր փորձ նայել: Բայց հատուկ չեմ խնդրել, որովհետեւ գիտեի, որ գրանդիոզ է լինելու: Հավատացեք, եղել եմ շատ երկրներում, տեսել մեծ շոուներ, բայց այն, ինչ կատարվելու է այսօր այստեղ, միայն լուսային էֆեկտները նայելով հասկանում ես, որ ընտիր ու կրակոտ է լինելու:

Ամենայն անկեղծությամբ եմ ասում: Այս երեխաները այնքան քչով են բավարարվում, այնքան քիչ բանից են ուրախանում, որ ուղղակի իրենց պետք է պահենք ուշադրության կենտրոնում»:

Անաիս Սարդարյանը նշեց, որ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համագործակցությունն սկսվել է ավելի վաղ: «Մեզ Կարապետյանների ընտանիքի տարբեր անդամները օգնել են 2020 թվականից: Տաթեւին ճանաչում եմ մոտ երեք տարի: Նա եւ իր ընտանիքի անդամները մեր բարեգործներից են եղել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ: Tashir Arena-ն էլ, որ բացվելու վրա էր, կապ հաստատեցին ինձ հետ, առաջարկեցին համագործակցություն: Ես մեծ սիրով ընդունեցի: Իրականում ես բաց եմ բոլորի համար, բայց չգիտես ինչի, բոլորը չէ, որ ուզում են համագործակցել: Բարի մարդիկ շատ կան: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք այդ ամենին հաշվենկատ են մոտենում:

Օրինակ, նախանցած տարի մենք խնդրել էինք օպերայի եւ բալետի շենքը անվճար տրամադրել, որպեսզի զոհված հերոսների երեխաների համար այնտեղ կազմակերպեինք միջոցառում: Եվ ԿԳՄՍ-ն մեզ մերժել էր, ասել՝ չկա տենց շենք անվճար տալու, որպեսզի դուք զոհվածների երեխաների համար միջոցառում անեք: Փաստորեն ստացվում է, որ զոհված հերոսների երեխաները միայն իմ հերոսների երեխաներն են, իրենք թքած ունեն այդ ամեն ինչի վրա: Ես ամենայն անկեղծությամբ, դա եմ հասկացել: Գուցե, սխալվում եմ, գուցե, մեծ միջոցառումներ են անում՝ մենք չենք տեսնում: Չնայած, վստահ էլ չեմ, որ իրենք միջոցառում անեն ու այս մարդիկ գնալու եւ նայելու են այդ միջոցառումը»,-ասաց Aravot.am-ի զրուցակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031