Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով նիստը։ Հանրային մեղադրողները ներկայացրեցին հետազոտման ենթակա գրավոր ապացույցների ցանկը եւ վկայակոչման ենթակա անձանց ցանկը։ Ըստ այդմ, հանրային մեղադրողների կարծիքով, սույն գործով իբրեւ վկա պետք է վկայակոչվեն գործարար Սամվել Մայրապետյանը՝ հնարավորության դեպքում, քանի որ վերջինս բուժման նպատակով գտնվում է արտերկրում, սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանը, նախկին բարձրաստիճան պաշտոնյա, այժմ ԱԺ պատգամավոր Արմեն Գեւորգյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, նախկինում Սերժ Սարգսյանի վարորդ Վաչագան Սարգսյանը եւ այլոք։
Հանրային մեղադրողը, հիշեցնենք, գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց էր ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, դատախազությունը հօգուտ պետբյուջեի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրեւ փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից եւ Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից եւ Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։ Դատարանը նրանց ճանաչեց գույքային պատասխանող։
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ: Դատավորը միավորեց գործերը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

















































