Սկիզբը` «Առավոտի» նախորդ համարում
1980-ականների վերջում եւ 1990-ականների սկզբին մեր ազգը հասավ հաջողության ոչ թե անհատին հետեւելու արդյունքում, այլ գաղափարներին: Եվ, ընդհակառակը, մենք գնալով մարում ենք վերջին 30 տարվա այն պոտենցիալը, որը ձեռք բերեցինք այդքան դժվարությամբ անկախության հասնելու շնորհիվ, քանի որ սկսեցինք շարունակ գնալ անհատների հետեւից եւ չփորձեցինք ստեղծել համակարգ, որտեղ վերահսկողությունից դուրս պետական պաշտոնյա կամ մարմին չլիներ: Ինչ էլ ունեցանք՝ բոլորը ձեւական:
Քաղաքական կուսակցություններ Հայաստանում ոչ թե քաղաքական ուժերն են այնքան կայացած, որ իրենց շարքերում ծնեն ու հասունացնեն այնպիսի անհատի կամ քաղաքական գործչի, որն օժտված լինի անհրաժեշտ կրթությամբ, մարդկային եւ մասնագիտական որակներով՝ երկրի ղեկը ստանձնելու եւ իրենց քաղաքական հայացքներն առաջ տանելու համար, այլ անհատն է ստեղծում կուսակցություն կամ քաղաքական դաշինք կամ ազդեցիկ անձանց մի խումբ՝ լավագույն դեպքում իր պատկերացումներն առաջ տանելու համար, իսկ վատագույն դեպքում՝ իր ցանկությունները: Հնարավոր է նաեւ, որ անհատն իր տակ մտցնի մի ամբողջ կուսակցություն, այն կոլեգիալ մարմնից դարձնելով գործիք իր համար: Ինչպե՞ս անել քչացնելու համար այն ռիսկը, որ երկրի ղեկավարը կարող է լինել կոռուպցիոներ, անգրագետ, սրիկա, դավաճան եւ այլն: Ես վստահաբար այն կարծիքին եմ, որ հասարակությունն է ծնում իրեն արժանի ղեկավարի, հետեւաբար, ինչպես արդեն ասել եմ, չի կարող մի հասարակություն, որտեղ բոլորը թքած ունեն մեկը մյուսի վրա, ընտրել լավ ղեկավար: Դրա համար անհրաժեշտ է փոխել երկրի կառավարման կարգը, որտեղ բոլորը կունենան վերահսկող մարմին եւ ոչ ձեւական, որտեղ բոլորը ստիպված կլինեն պատասխան տալ իրենց կատարած լավ եւ վատ քայլերի համար, որտեղ բոլորը ստիպված կլինեն մտածել եւ աշխատել իրենց ոլորտներում առկա խնդիրների շուրջ: Շեշտս դնում եմ հենց այդ արտահայտության վրա: Պետք է ստեղծել համակարգ, որի գործունեության արդյունքում հասարակությունը կինքնամաքրվի:
Ներկայիս իշխող ձեւը՝ անկախ կառավարման կարգից
Խնդիրը նույնն է թե նախագահական, թե կիսանախագահական եւ թե պառլամենտական կարգերում: Դա հատկապես սրացված է ներկայիս պառլամենտական կառավարման ձեւում: Անհատն ունի թիմ, որոնց մի մասի հետ լավ ընկեր է, մի մասի հետ բարեկամ, մի մասին առել է գործ ու փող տալով, պաշտոն խոստանալով եւ այլն: Ինչպես ես արդեն նշել եմ՝ անհատն է ստեղծում կուսակցություն: Ասում է իր կուսակցության անդամներին աջակից լինել իրեն, քանի որ ընտրության դրական արդյունքի դեպքում ինքը կդառնա վարչապետ (իշխող անձ) եւ հնարավորություն կստանա պաշտոններ բաժանել (Առաջին կոռուպցիոն ռիսկը)՝ լինի դա նախագահական, կիսանախագահական, թե պառլամենտական ձեւում:
Մեծ հաշվով ժողովրդի համար կարեւոր չի լինում, թե ովքեր են այդ անձի թիմակիցները, նա ընտրում է՝ հույսը դնելով նրա վրա, որ այդ «առաջնորդը» լավ թիմակիցներ կունենա: Այդ անձը այս կամ այն կերպ հասնում է պաշտոնի (ղեկավարի) եւ կանչելով իր թիմակիցներին՝ սկսում է պաշտոններ բաժանել՝ նախարարներ, շտաբի պետ, ոստիկանապետ եւ այլն: Այս պարագայում չենք բացառում նաեւ, որ այդ նշանակումները կարող են լինել ոչ կոմպետենտ մարդկանց պաշտոնների դնելով, քանի որ վերահսկում չկա: Իսկ չկա, որովհետեւ ներկա պառլամենտում քաղաքական մեծամասնությունն իրենք են: Իսկ նախագահականի եւ կիսանախագահականի դեպքում եւս չի կորում այդ ռիսկը, որովհետեւ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է մի մարդու ձեռքում: Գումարած դրան՝ պառլամենտում կարող է մեծամասնություն լինել նախագահին հարող քաղաքական ուժը: Այս ռիսկը մեծանում է, երբ իշխող նախագահն անց է կացնում ընտրություններ եւ ինքը դառնում հաղթող (Երկրորդ կոռուպցիոն ռիսկը): Քանի որ իր թիմակիցներն են իրեն իշխանության բերել, նա պաշտոններ է բաշխում վերջիններիս: Նա լիազորություն է ունենում վերահսկել իր թիմակիցների աշխատանքը՝ կախված իր հայացքներից կամ ցանկություններից, քանի որ իր ձեռքերում են կենտրոնացված լինում ուժային կառույցներն ու դատարանները, սահմանադրական կարեւորագույն պաշտոններում մարդ նշանակելու բոլոր լծակները: Նա հնարավորություն է ստանում պահանջել իր թիմակիցներից (կարեւորագույն պաշտոնատար անձանցից) իր ցանկացածը (Երրորդ կոռուպցիոն ռիսկը): Այսպիսով, այս թիմի անդամները ժամանակի ընթացքում դառնում են միմյանց շահերի սպասարկող՝ ամենայն հավանականությամբ մի կողմ դնելով կամ լավագույն դեպքում երկրորդ պլան շպրտելով պետական շահը: Այս պարագայում կարող է առաջանալ նաեւ ամենագետի սինդրոմ:
Շատ հեշտ է թեկուզ եւ քո մեջ վստահ լինել, որ դու լավ ղեկավար կլինես, քանի դեռ քո առաջ չեն բացվել անսահման հնարավորություններ, քո առջեւ չեն դրել օրինակ մի քանի պարկ գումար այս կամ այն ծառայության համար: Այդ ժամանակ երկրի ղեկավարը դառնում է մունետիկ՝ լիակատար իշխանություն ունենալով նրանց նկատմամբ, ով կարող է բողոքել իր դեմ: Այսպիսով, ժողովուրդը տալիս է իշխանությունն անհատին իր ներկայի ու ապագայի համար որոշում կայացնելու՝ առանց գործուն գործիքակազմ ունենալու, հետո այդ անհատից պատասխան պահանջելու համար: Իսկ դա ծնում է իրավիճակ, երբ մշտապես առկա է լինում մի անձ երկրի ներսում լիարժեք իշխանությամբ օժտված:
Հաճախ ձեւականորեն ձեւակերպվում են տարբեր զսպող օղակներ երկրի ներսում իշխանության տարբեր թեւերի միջեւ հավասարակշռություն ապահովելու համար, բայց որպես կանոն այդ ամենն ուղղված է լինում ոչ թե պետական կառավարման համակարգն ամրապնդելու, այլ անհատի իշխանությունն առավել հզորացնելու համար: Հնարավոր է՝ այդ անհատը ցանկություն ունենա իր իշխանությունն ամրապնդել զուտ երկրի շահերին ծառայելու համար՝ համարելով, որ 5 կամ 10 տարին բավարար չեն այդ նպատակներին հասնելու համար, բայց նույնիսկ այդ տեսանկյունից նայելիս ժողովուրդը քեզ տալիս է ժամանակ աշխատելու, այլ ոչ թե այդ ժամանակն անվերջ երկարացնելու հնարավորություն: Ամեն ինչ կարելի է մեկնաբանել յուրովի, բայց պետք է բանականություն ու քաջություն ունենալ համակերպվելու իրականության հետ: Այս ամենն առավել դրամատիկ է դառնում, երբ պետական պաշտոնյան սկսում է մտածել իր նեղ անձնական շահերի մասին պետության ու ժողովրդի հաշվին: Ունենալով լիակատար իշխանություն կառավարման բոլոր թեւերի վրա եւ չունենալով փաստացի վերահսկող մարմին՝ մեղմ ասած, շատ դժվար է դեմ գնալ անձնական բարեկեցությունն ապահովելու բնական ցանկությանը: Կարող ենք անդադար խոսել այն մասին, թե ինչ բացասական կողմեր ունեն մեր պետությունն ու ժողովուրդը՝ չմատնանշելով դրական կողմերի մասին: Շատ ավելի կարեւոր է գիտակցել եւ ընդունել սեփական թերություններն ու սխալները, որոնք տանում են անվերջ ձախողումների: Իսկ ի՞նչ պետք է անել այդ սխալներն ու սեփական թերություններն ընդունելու համար: Մի՞թե պետք է հավերժ փնտրենք մեկին, ով բացառիկն ու միակը կլինի ոչ միայն մեր ազգի ու պետության մեջ, այլեւ աշխարհում՝ օժտված լավ մարդուն եւ պետական պաշտոնյային բնորոշ լավագույն հատկանիշներով: Իսկ միգուցե այդ մարդուն այդպես էլ չգտնե՞նք: Բայց ախր պետության ու ժողովրդի բարոյահոգեբանական վիճակի բարձրացումը պետական իշխանությունների ուղիղ պատասխանատվությունն է: Ինչու համար այդքան մեծ կարեւորություն ունեցող հարցը պետք է վստահվի ընդամենը մի մարդու, որը, ինչպես արդեն նշել եմ, ունի ԼԻԱԿԱՏԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ եւ չունի որեւէ իրական վերահսկողություն: Իմ խորին համոզմամբ, պետք է ստեղծել համակարգ, որի առկայության պարագայում այլեւս չի լինի պատասխանատվությունից դուրս որեւէ անձ, եւ բոլորն օրենքի առաջ հավասար կլինեն: Շատ կարեւոր է դիտարկել երկրի ղեկավարի լիազորությունների սահմանափակումը նաեւ արտաքին աշխարհի հետ շփվելու համատեքստում:
Առավել եւս մեր նման թույլ, փոքր տնտեսությամբ, ներքին լուրջ անվտանգային հարցերով պետության համար շատ մեծ խնդիր է, երբ այլ ավելի ուժեղ պետությունները կարող են մի մարդու վրա ազդելով կամ ինչ-ինչ ձեւերով իրենց հարմար անձին մեր երկրում իշխանության դնելով կարողանան ազդեցություն տարածել ամբողջ երկրի վրա: Այս ամենի կոնտեքստում չպետք է մոռանալ, որ որեւէ պարագայում իշխանության աղբյուրը միշտ ժողովուրդն է՝ անկախ նրանից, թե կառավարման ինչ համակարգի մասին է խոսքը տոտալիտարից մինչեւ հանրապետություն։
Ամբողջ հարցը նրանում է՝ այդ ժողովրդի համբերության թելը երբ է կտրվում, արդյոք նա հնարավորություն ունի ժամանակ առ ժամանակ արտահայտել իր դժգոհությունները, որոշակի քայլեր ձեռնարկել այդ դժգոհությունների բավարարման ուղղությամբ, թե ճարահատված սպասելու է մինչեւ վերջ եւ սրբի տանի ամենքին ու ամեն ինչ։ Շատ կարեւոր է ստեղծել այն համակարգը, որի պարագայում ժողովրդի զարգացման կամ իր ես-ը պահելու համար ստիպված չլինի գնալ հեղափոխությունների ճանապարհով, այլ կարողանա առանց ցնցումների իր ասելիքը ասել օրվա իշխանավորներին։ Նման համակարգի ստեղծումը կարող է նաեւ խթան հանդիսանալ, որ պետությունը չնույնացվի օրվա իշխանության հետ, դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, իսկ օրվա իշխանությունը հնարավորություն չունենա միայն իր ցանկությամբ ու կամքով կարողանա ամեն ինչ փոխել 180 աստիճան հակառակ ուղղությամբ։ Ես փորձեցի շատ համառոտ ներկայացնել այն, թե ինչի մեջ եմ գտնում մեր այսօրվա խնդիրների բուն պատճառն ու էությունը: Սակայն քաջ գիտակցում եմ, որ միայն փաստերի արձանագրությունը բավարար չի մեզ այս վիճակից հանելու համար: Ցավոք, արձանագրում եմ, որ մեր քաղաքական դաշտը զբաղված է հենց փաստերի արձանագրմամբ՝ մոռանալով, որ փորձագետ չեն, այլ իրենց ներկայացնում են որպես քաղաքական գործիչ:
Քաղաքական ուժերը Հայաստանում զբաղված են միայն օրվա իշխանության քննադատությամբ՝ այն էլ իմ համեստ կարծիքով ոչ պրոֆեսիոնալ: Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ այսօրվա իշխանությունից կամ ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանից բողոքները որպես ով են նրան դիտարկում. որպես տգետ, ով չի կարողանում իր իշխանությունը հօգուտ մեզ իրականացնել, որպես դավաճան (ելնելով քրեական օրենսգրքի դրույթներից), ով այս կամ այն փուլում ստիպված է եղել գնալ դավաճանական քայլերի, թե որպես թշնամի, ով ի սկզբանե ներդրված է եղել մեր մեջ երկիրը վերացնելու, սուբյեկտայնությունից զրկելու համար։ Ես անձամբ դժվար եմ պատկերացնում, որ որեւէ իշխանություն այսքան սխալներ գործի կամ Նիկոլ Փաշինյանին այդքան հեռատես չեմ համարում, որ երկարաժամկետում իր գործողությունները դրական արդյունքի բերեն։ Ուստի ավելի շատ հակված եմ երրորդ տարբերակին եւ ելնելով վերոնշվածից՝ կարծում եմ, որ մինչեւ այս իշխանությունը չհեռացվի, որեւէ դրական ելքի չենք հասնի, այդ թվում սահմանադրական այնպիսի փոփոխությունների, որի արդյունքում երկիրն ինստիտուցիոնալ զարգացման ուղի կբռնի: Եվ այստեղ շատ մեծ հարց է առաջանում. բա ինչպես դրան հասնել։
Հայկ Արմենի ԴՈՐՈՒՆՑ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2025