Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես համոզել աղանդավորներին

Հոկտեմբեր 23,2025 14:00

Արդյո՞ք այս հարցում կիրառելի են Յուրգեն Հաբերմասի դեղատոմսերը

2008-10 թվականներին առաջին նախագահի կողմնակիցներին նրանց ընդդիմախոսներն անվանում էին «Լեւոնի վկաներ»: Այժմ Փաշինյանի ֆանատներին են ժամանակ առ ժամանակ կոչում «Նիկոլի վկաներ»: Կան նաեւ այլ նման դեպքեր: Ակնարկը պարզ է՝ աղանդավոր են՝ «Եհովայի վկաների» նման:

Երբեմն «աղանդավոր» բառը կարող է պարզապես պիտակ լինել: Այդպես է նաեւ հոգեւոր կյանքում, երբ մենք նույնիսկ բողոքականներին կամ կաթոլիկներին «աղանդավոր» ենք համարում, իսկ նրանք՝ մեզ: Բայց բոլոր դեպքերում երեւույթը կա, եւ կարեւոր է հասկանալ դրա արմատները: (Դրան նվիրված վերջերս մի քննարկման եմ մասնակցել):

Արմատներից մեկը ճշմարտության վերաբերյալ սխալ պատկերացման մեջ է: Կամ, եթե ուզում եք, թերահավատության պակասի մեջ: Խոսքը սկեպտիցիզմի այն տեսակի մասին է, որը Գյոթեն անվանում էր «դրական, բարյացակամ»: Այսինքն, դու չես ասում, որ ամեն ինչ սուտ է, եւ ոչ ոք ոչ մի բան չի կարող 100 տոկոսով պնդել: Փոխարենը դու ընդունում ես, որ առաջընթացը ոչ թե բոլոր սխալներից ու մոլորություններից ազատվելն է, այլ մի անբավարար ճշմարտությունը փոխարինելն է մեկ այլ՝ պակաս անբավարար ճշմարտությամբ: Սակայն անբավարար լինելով, այն չի դադարում ճշմարտություն լինելուց:

Այստեղից կարելի է միանշանակ հետեւություն անել, որ ոչ ոք իրավունք չունի ճշմարտությունը «սեփականաշնորհել»: Այդպես են վարվել ավետարանական «չար մշակները», որոնք, կտրվելով իրականությունից, երեւակայել են, որ խաղողի այգին, որը նրանց վարձով տրվել է մշակելու, իրականում իրենց է պատկանում: Այդ առակը մեզ, կարծում եմ, սովորեցնում է, որ պետք է բավականաչափ հեզություն ունենալ՝ հասկանալու համար, որ չենք կարող մեր իմացած իբր բացարձակ ճշմարտության տեսանկյունից դատել մարդկանց ու իրադարձությունների մասին: Հեզությունն այս դեպքում նշանակում է հողի վրա կանգնած (humility – ն humus, հող բառից է):

Երբ մարդիկ ոչ թե հողի վրա են կանգնած, այլ սավառնում են իրենց եսասիրական ֆանտազիաների մեջ, նրանք փնտրում են միայն իրենց պես մտածող մարդկանց, մնացած մարդկությունից մեկուսանալու, նրան չընդունելու, նրան ատելու համար: Գործում է էքսկլյուզիվ (բացառող), ոչ թե ինկլյուզիվ (ներառող) համակարգը:

Աղանդի անդամները, բնականաբար, ճիգեր չեն գործադրում ճշմարտությանը մոտենալու համար: Ճշմարտության հետ կապված բոլոր գործառույթները նրանք «արտապատվիրակում են» խարիզմատիկ առաջնորդին, «վոժդին», ֆյուրերին: Հանուն այդ առաջնորդի աղանդի անդամները պատրաստ են մեծ զոհողությունների: «Տղաս զոհվել է պատերազմում, բայց հանուն քեզ, իմ ֆյուրեր, եւս երեքին կզոհեմ»:

Ելքը, բնականաբար, քննադատական մոտեցումն է, գրագիտությունը, երկխոսությունը: Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասը խորհուրդ է տալիս ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ կարող են իրար համոզել՝ առանց ստիպելու, առանց բռնության: Հայտնի է, ի դեպ, որ հայհոյանքը, վիրավորանքը նույնպես բռնության ձեւ է:

Բայց եկեք համաձայնենք, որ առաջարկածը բավականին տեսական լուծում է: Պատկերացրեք տոտալիտար աղանդի որեւէ ներկայացուցչի, որը պատրաստվում է ինքնահրկիզվել՝ առաջնորդի հրամանով: Կամ, «լավագույն» դեպքում, էքստազի, տրանսի մեջ է ընկնում, երբ լսում է իր կուռքի ձայնը: Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ո՞ր հարթակում ի՞նչ երկխոսություն է հնարավոր տրանսի մեջ ընկածի հետ:

Կամ՝ ինչպե՞ս եմ ես ինչ-որ բան համոզելու հետեւյալ մեկնաբանությունը գրողին. «Иск
жоховурто шат тхур е вор дзез нман тахвац шнер гоютюн унен»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031