Երեկ ՔՊ-ի ղեկավարը փաստացի հայտարարեց Հայ առաքելական եկեղեցու դեմ իր հայտարարած պատերազմի քայլերի շարունակականության մասին: Եթե մոտավորապես թարգմանենք նրա միտքը, ապա նա ցանկանում է ՀԱԵ եկեղեցիները փոխանցել «պետությանը», ստեղծել սեփական եկեղեցին, հենվել քաղաքացի «Ստեփան Ասատրյանների» վրա: Երևի հետո ինքն էլ «կաթողիկոս» կնշանակի որևէ մեկին: Իսկ մինչ այդ ոչ պակաս վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում:
Միանգամյան կանխատեսելի էր, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ պիտի արվեր, ինչպիսի պահանջ, ի դեպ, Մայր Աթոռին ներկայացնում էին նաև բազմաթիվ հավատացյալներ, քաղաքացիներ: Եվ հիմա, երբ անխուսափելին կատարվեց, ՔՊ-ն ու Փաշինյանը փորձում են առավելագույնը քամել իրենց սրտի «քահանայի» կարգալույծ արվելուց:
Նախ՝ նա, չունենալով դրա ո՛չ բարոյական, ո՛չ էլ ծիսական իրավունքը, հայտարարեց, թե, միևնույնն է, ինքը շարունակելու է իրեն հոգևորական համարել, ավելին՝ պատրաստվում է առաջիկա կիրակի պատարագ մատուցել Հովհաննավանքում: Փաշինյանը, չնայած արտերկրում գտնվելու հանգամանքին, քաղաքացի Ստեփան Ասատրյանի հայտարարությանը արձագանքեց կայծակնորեն, թե՝ ինքն անպայման մասնակցելու է այդ «պատարագին»:
Ու միանգամից հարց ծագեց, թե Փաշինյանը, որ շարունակ կոկորդ է պատռում, թե ինքը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, վերջին անգամ ե՞րբ է որևէ եկեղեցում պատարագի մասնակցել: Լավ, ենթադրենք, Ամենայն Հայոց կաթողիկոսին հավան չի: Էհ, թող այլ եկեղեցիներում մասնակցեր: Քավ լիցի, որքա՜ն եկեղեցիներ կան Երևանում ու շրջակայքում: Հայաստանը եկեղեցիներով հարուստ երկիր է: Մյուս կողմից՝ այստեղ՝ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց զզվանք, արհամարհանք, ատելություն ու ծայրահեղ թշնամանք է դրսևորում մեր ազգային Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Բայց վազելով, «թռած» գնում է Վատիկան՝ համբուրելու Հռոմի պապի կամ կաթոլիկ հոգևորականների աջը (թեկուզ և հայ):
Կարդացեք նաև
Լավ, Կաթողիկոսին չի ընդունում, չի ընդունում: Ոչ մի արքեպիսկոպոսի, եպիսկոպոսի, քահանայի՞ էլ չի ընդունում: Հապա ինչո՞ւ որևէ պատարագի մասնակցելու (վերջին շրջանում) մասին ոչինչ հայտնի չէ: Ու այդքանից հետո կանխատեսելիորեն հայտարարում է, որ մասնակցելու է կարգալույծ արված անձնավորության մատուցելիք «պատարագին»: Սա, հասկանալի է, քաղաքականապես դեմարշ է: Իսկ հոգևոր և բովանդակային առումով դա ամենաուղիղ աղանդավորականություն է: Կլասիկ աղանդավորություն է, կարելի է ասել:
Է, թող հաջորդ «պատարագն» էլ, ասենք, որևէ քպական մատուցի, ի՞նչ տարբերություն՝ քաղաքացի Ստեփանը, թե՞ որևէ քպական: Ոչ մի:
Ուզո՞ւմ եք ձեր «քպական պատարագն» անե՞լ, է՜հ, արեք: Գնացեք, ձեր ՔՊ գրասենյակում «պատարագ» արեք, ի՞նչ գործ ունեք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ, որ կարգալույծ եղած հոգևորականի պատարագին եք մասնակցում:
Մյուս կողմից՝ կա տեսակետ, որ պետք չէ թույլ տալ Հովհաննավանքում նման «պատարագ», պետք է խոչընդոտել դրա անցկացմանը: Այդ հարցում, կարծում ենք, արժե զգույշ լինել: Շատ հնարավոր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց դա է, որպեսզի հնարավորություն ունենա բախումներ հրահրել ու «խոնարհ քպականների» անվան ու հագուստի տակ քողարկված «կարմրասև բերետավորներով» հարձակվի հայ մարդկանց վրա, վերջում էլ գոռա, թե հոգին փառավորվեց…
Իսկ կիրակի արժե ոչ թե այնտեղ գնալ, այլ Մայր Աթոռ՝ ընդգծելով հավատացյալ ժողովրդի համախմբումը ազգային եկեղեցու և իր հոգևոր առաջնորդների շուրջ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով:


















































