Ի՞նչ բառամթերքով և ի՞նչ մեթոդներով է պետք ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանել, որպեսզի հասկանալի լինի բոլորի համար մեր այսօրվա իրականությունը։
Իմ պատկերացմամբ իրավիճակն այսպիսին է և ուզում եմ կիսվել ընթերցողի հետ։
Նիկոլ Փաշինյանը կանգնած է իր չափերով մի հայելու առաջ, որտեղ իր կողքի մարդիկ չեն երևում և բարձրացրել է իր ձախ ձեռքն ու հարցնում է իր համախոհներին, ես ո՞ր ձեռքս եմ բաձրացրել, և նրանք ասում են աջ ջեռքդ ես բարձրացրել։ Եթե նայում եք հայելու մեջ, ապա դա ճիշտ է, հայելու մեջ վարչապետը բարձրացրել է իր աջ ձեռքը։ Եւ նրա համախոհները միանում են այդ խաբկանքին ու սկսում են քարոզել, որ Նիկոլ Փաշինյանը իր աջ ձեռքն է բարձրացրել։
Հայ հոգևորականներն ու ողջամիտ մարդիկ տեսնում են իրականությունն ու փորձում են խոսել ճշմարտության մասին, բացատրում են, որ ո՛չ սիրելի ժողովուրդ, Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբում է, նա իր աջ ձեռքը չի բարձրացրել, դա միայն հայելու մեջ է այդպես երևում, նա իր ձախ ձեռքն է բարձրացրել։
Կարդացեք նաև
2025 թվականի օգոստոսի 8-ից վարչապետի կողքին մի քանի հոգի ևս կանգնեցին արդեն ավելի մեծ հայելու առաջ ու բարձրացրեցին իրենց ձախ ձեռքն ու սկսեցին համոզել ժողովրդին, որ իրենք իրենց աջ ձեռքն են բարձրացրել և ժողովուրդն էլ է նայում հայելու մեջ ու ասում է, հա էլի էս մարդիկ ճիշտ են ասում, իրենց աջ ձեռքն են բարձրացրել, կու՞յր է այս ընդդիմությունն ու հոգևորականությունը, չե՞ն տեսնում, որ մարդիկ իրենց աջ ձեռքն են բարձրացրել։
Հայելու մեջ իրենց հայացքները գամած ժողովրդին դժվար է բացատրել հակառակը, բայց դա հնարավոր է և պետք է միահամուռ ուժերով հենց այդ աշխատանքը կատարվի։ Պետք է կարողանանք հայ ժողովրդին ցույց տալ այսօրվա իշխանությունների իրական դեմքը և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Ժողովրդին հայելին են ցույց տալիս ու ասում. «Տեսեք մենք պատերազմով ոչինչ չենք կորցրել, այլ գտել ենք, մենք չենք պարտվել մենք հաղթել ենք։ Հերոսը ազգի համար պայքարողը չէ ժողովուրդ ջան, նայեք հայելու մեջ ու տեսեք, որ հերոսը նա է, ով մեզ փող է տալիս, ով հարկ է տալիս։ Հայրենիքը, ժողովուրդ ջան, ասում են, կեղծ կատեգորիա է, իրականում չկա այդպիսի հասկացություն, նայեք հայելու մեջ եթե չեք հավատում, նայեք ու տեսեք, որ հայրենիքը այնտեղ է, որտեղ հաց կա, որտեղ հաց, այնտեղ հայրենիք սիրելի ժողովուրդ, նայեք հայելու մեջ, ասում է, ես չեմ խաբում ձեզ։ Արարատ լեռան մասին ընդհանրապես մի՛ մտածեք, նա մերը չէ։ Թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել, տեսեք, ասում են, նայեք հայելու մեջ նրանք մեր բարեկամներն են, նրանք հայերի նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել։ Նայեք հայելու մեջ ու տեսեք, թե ինչպե՞ս է շուտով Ղասախստանից Վրաստանով Հայաստան ներմուծվելու արդար ցորենը, հանկարծ չմտածեք, որ նրանք կարող են այն թունավորել, չկա այդպիսի բան, նրանք մեր բարեկամներն են։ Կաթողիկոսն ու իր շրջապատի հոգևորականները կարգալույծ են ժողովուրդ ջան, նրանք հոգևորականներ չեն, իսկական հոգևորականը Ստեփան Ասատրյանն է ու իր նմաններն են, նայեք հայելու մեջ ու ինքներդ համոզվեք»։
Ու այդպես շարունակ կարելի է թվարկել «երկրի հակառակ կողմի» առեղծվածային ընթացքը։
Այժմ կենսական նշանակություն ունի այս իշխանությունների ստոր խաբկանքներից հրաժարվելը։ Սթափ հայացքով կանգնենք մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևորականների կողքին, այլապես հակահային գործակից կդառնանք։ Եկեք այսօր ամբողջ ազգով ի լուր աշխարհի մեր հրեշտակային լեզվով շշնջանք․ «Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայն խաբեութենէ նորա» ու պատրաստ լինենք պաշտպանելու մեր ինքնությունն ու մեր սրբությունները։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով