Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության հուշարձանի վերականգնումը, որն ուղղակի ռեմոնտ է հիշեցնում. Սարհատ Պետրոսյան

Հոկտեմբեր 23,2025 15:18

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ մի քանի նկատառում, որոնք չեն տարբերվում նախկինում իմ կողմից հանրայնորեն հնչեցվածներից, բայց կարծում եմ՝ բարձրաձայնման կարիք ունեն.
Շատ հավանական է՝ շինարարության ժամկետներն ընտրված են Եվրոպական համայնքի ժողովի կամ այլ «ափալ-թափալ-խաղաղության» համատեքստում։ Սա մի նկատառում, որի համար բնականաբար քաղաքական իշխանությունը պետք է պատասխան տա` ի թիվս այլ հակապատմական արարքների։

Հուշարձանի՝ ոչ հուշարձանային մեթոդաբանությամբ վերականգնումը, որն ուղղակի ռեմոնտ է հիշեցնում, այսինք՝ Ցեղասպանության հուշարձանին չմոտենալ այնպես, ինչպես կմոտենային Սանահինի վանակական համալիրին կամ Գառնու տաճարին, հանդիսանում է երկար անունով ԿԳՄՍ նախարարության հերթական սխալը։ Նրանք, փորձելով հուշարձանի հեղինակ Սաշուր Քալաշյանին ու անհասկանալի կազմով գիտամեթոդական խորհրդին հղում տալով լղոզել իրենց մեղքը, չեն կարող խուսափել ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատասխանատվությունից։ Գիտամեթոդական խորհրդի դիլետանտ ու թայֆայական մոտեցմամբ աշխատելաոճ ունեցող ներկայիս կազմը գրեթե երբեք չի ապահովել և այժմ, առավել եւս, չի ապահովում պատշաճ մասնագիտական քննություն որեւէ նախագծի համար։ Հարցում արեք նախարարությանն ու թող ասեն՝ ովքե՞ր և ի՞նչ տրամաբանությամբ են ընդգրկված դրա կազմում։

Իմ կողմից շատ սիրելի Հայնախագիծը, հանդիսանալով երբեւէ աշխատածս միակ կազմակերպությունը, եւս պետք է այլ մոտեցում որդեգրեր այս նախագծի դեպքում։ Միգուցե վերակառուցման փոխարեն, ընտրեր դասական վերականգնման ավելի պահպանողական ճանապարհ, որի փորձառությունը մեծ հաշվով չուներ, ներգրավեր այլ նախագծային կազմ կամ առհասարակ հրաժարվեր այս աշխատանքից։

Նշածների մեղքերը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ շատերի, այդ թվում և Անահիտ Թարխանյանի, բարձրաձայնած մտահոգությունները տեղին են։ Սակայն կարծում եմ՝ վերջինիս մեթոդները, հատկապես Հայաստանի ճարտարապետների պալատի անունը շահարկելով ու թիրախավորել հատկապես նախագիծը և ոչ մյուս արդեն նշված խնդիրները, խնդրահարույց են ու ինձ համար անընդունելի։ Ճիշտ դրա համար դիմել եմ պալատի խորհրդին այս հարցի էթիկական մասը և այլ կազմակերպչական հարցերը քննության առնեն, չնայած մեդալներով տարված ներկայիս կազմից շատ մեծ սպասելիքներ չունեմ, անկեղծ ասած։ Այս մասով միայն կարճ հիշեցնեմ. Ճարտարապետը և նրա ժառանգները ՉՈՒՆԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԾՈՎ, այսինքն՝ գծագծրերով արտահայտված գաղափարների նկատմամբ։

Հատկապես վերջինի մասով կարծում եմ՝ պալատի ներկայիս ղեկավարության մեղքն էլ բավականին մեծ է, սակայն հույս ունեմ դա կքննարկվի պալատի ներսում։

Ասում են՝ հարցերը լուծվելու են՝ բոլոր կողմերին հրավիրելով նախարարության ինչ-որ կազմում քննարկման։ Ցավոք կարծում եմ՝ դրանով հարցը ծածկադմփոց կարվի, քանի որ ինչպես Հայնախագծի դեպքում, այնպես էլ ակտիվ քննադատողների դեպքում, չկա այն մասնագիտական նուրբ միջամտության գիտակցումը․ վկան՝ Ազգային ժողովի ռոկոկո ոճով կիսակլոր դահլիճն է՝ նախագծված Անահիտ Թարխանյանի ճարտարապետական կազմակերպության կողմից, որի համար քանդվեց նախկին՝ 1960-70-ականների մեծ նիստերի դահլիճը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031