Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Գյումրու ավագանու ևս մեկ անդամ․ կալանավորվել են ԲՀԿ կառույցի ղեկավարը, «Հայաքվեի» անդամն ու նրա եղբայրը

Հոկտեմբեր 23,2025 16:23

Գյումրու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու անդամ, 23-ամյա Գեւորգ Ղուկասյանին, որը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն է, երկամյսա կալանքի ենթարկելուց բացի, Aravot.am-ի տեղեկություններով, երեկ կեսօրին տանից դուրս գալուց ձերբակալել են նույն խմբակցության ևս մեկ անդամի՝ Սեդրակ Սահակյանին (լուսանկարում Գեւորգ Ղուկասյանն ու Սեդրակ Սահակյանն են՝ Գյումրու ավագանու նիստի ժամանակ):

Մեր տեղեկություններով, Գեւորգ Ղուկասյանից բացի, դատարանը որոշում է կայացրել նաև նրա կրտսեր եղբոր մասին, որը եւս մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, ու որն անչափահաս է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դատարանն անչափահասի նկատմամբ կիրառել է տնային կալանք և բացակայելու արգելք։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կալանքի որոշում է կայացրել 13 անձի նկատմամբ, որոնց թվում են ԲՀԿ Շիրակի մարզի կառույցի պատասխանատու Արմեն Բադեյանը, «Մեր ձևով» շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը, որին հայտարարությամբ անդրադարձել է «Հայաքվեն»՝ գրելով․ «Ի թիվս Գյումրիում ոստիկանական բռնություններից տուժած տասնյակ այլ անձանց` բացարձակապես անհիմն կերպով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը, ով բողոքի ակցիային իր մասնակցությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում» :

Մեր տեղեկություններով, կալանավորվել է նաև նրա եղբայրը՝ Կարեն Հովեյանը, նրանց բնութագրում են որպես համեստ, դաստիրակված երիտասարդների։

Այս պահին էլ  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում  է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող ևս 6 անձի խափանման միջոցի քննությունը։

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, որն այսօր այցելել էր Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայր, որտեղ Գյումրու համայնքնապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ են գտնվում, գրում է․ «Համատարած մարդաորս, որ այսօր թեւածում է Գյումրիում։ Ձերբակալված մարդկանց ես հանդիպում, որ խենթանալ կարելի է։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմներով անցած պահեստի սպա, որ մեքենավարությամբ ընտանիքն է պահում, պատերազմ անցած նախկին զինվոր, հոգեկան խնդիրներ ունեցող, քաղաքային մաքրությանը մասնակցող տարիքն առած պապիկ։ Գյումրին 1918 եւ 1920 թվականին տեսել է թշնամական արշավանքներ։ Բայց սա ավելի ահավոր է, բռնության հեղինակն ու տասնյակ կատարողները յան ազգանունով մարդիկ են։ Ավելի ճիշտ՝ կամակատարներ»։

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի,  Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակցելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել 29  անձի նկատմամբ։

Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն․ «Նրանք կոչեր են հնչեցրել, արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ»։

Մինչդեռ փաստաբանները պնդում են, որ բոլորին նույնաբովանդակ մեղադրանք է առաջադրված, բոլորին դիտարկում են որպես զանվածային անկարգության մասնակից, նույնիսկ այն դեպքում, երբ ապացույցներ են ներկայացվել, որ նրանցից ոմանք Վարդան Ղուկասյանի ձերբակալման օրը, գտնվելով Վարդանանց հրապարակում, կանգնած են եղել ու որևէ գործողություն չեն կատարել․ ոստիկանները նրանց բռնել ու տարել, նստեցրել են իրենց մեքենաների մեջ։

Երեկ ձերբակալել էին նաև Գյումրու քաղաքապետի խորհրդական Աշոտ Պետրոսյանին և Գյումրու համայնքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի ժ/պ Արթուր Մեսրոպյանին։

Ի դեպ, Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ, որն, ըստ մեղադրանքի, համարվում է կոռուպցիոն պատմության գլխավոր դերակատարը, ենթարկվել է մեկամյսա կալանքի, նա այժմ Արմավիր քրեակատարողական հիմնակում է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031