Լույս է տեսել հեղինակի չորրորդ գիրքը, որը նաեւ յուրատեսակ զրույց է Աստծո հետ
«Ամեն օր վաղվան սպասելով, բայց վաղվա համար ոչինչ չենք անում։ Աշխարհին կարծես մեր խաբված սիրտը բացել ենք ու չենք փակում։ Լալկանի պես օգնություն ենք խնդրում՝ մեր ցավի հանդեպ անտարբեր դարձած։ Ու ցանկանում ենք, որ մեզ գան փրկեն։ Ու չենք հագենում` անարդար Աստված։ Ու խնդմնդում է անցորդն անծանոթ ու չի հասկանում՝ ինչո՞ւ ենք այսքան մենակ ու համառ մեր կույր վշտի հետ։ Հիմա մեր փոխարեն թշնամին գործում է։ Ճանապարհներ է մեր տան մեջ գցում։ Մեր տունը մեր ձեռքից առել ու իր համար շենացնում է։ Տաճարում բորենիների խրախճանքը շարունակվում է… նրանք շատացել են, մեզնից բան չի մնացել` Աստծո մենակը։ Թշնամին հանգիստ է, թշնամին դարան է դրել… սպասում է… Դանդաղում է լուսաբացը։ Ամպերը կախվել են գլխիս։ Ճակատիս նոր կնճիռ տեսա։ Կեսգիշերն իր վերջին բարուրն է քանդում։ Տատս գրկել է ինձ ու բաց չի թողնում` արի տուն գնանք, արի ու մնա, ամուր կանգնիր ոտքերիդ վրա, թեկուզ դու մենակ, թեկուզ վերջինը` մենակ ու մոլոր այս խաչելության»,-այս տողերը լրագրող, գրող Արթուր Հայրապետյանի 4-րդ՝ «Աստծո մենակը» գործից են: Համանուն գրքի շնորհանդեսը օրերս կայացավ Կամեր 23-ում:
«Առավոտի» հետ զրույցում հեղինակն ասում է, որ գրքի վրա աշխատել է մի քանի տարի, փորձել է ամբողջացնել ներսում կուտակված հույզերն ու մտածումները. «Ես երբեք արձակ չեմ գրում, բայց 44-օրյա պատերազմիից հետո նաեւ այդպիսիի մի քանի գործ գրեցի պատերազմի մասին, մեկը «Կարմիր կիրակի», մյուսն էլ՝ «Աստծո մենակը», որտեղից էլ գրքի վերնագիրը ծնվեց: Գրքում կան եւ արձակ, եւ չափածո գործեր: Նարեկ Մալյանը, որ միջոցառման բացումը արեց, ինձ բնորոշելիս ասաց՝ Աստծո մենակը հենց այս մարդն է: Ինքն ամբողջացրեց գիրքն ինձանով:
Գիրքն ունի իր ուղերձը, այս ծանր օրերին, երբ պատերազմների մեջ էինք եւ ենք, չէր կարող այդ ամենը չարտացոլվել գրքում, որը շատ հուզական է, փոթորկուն է, ուղղակի տակնուվրա է անում: Շնորհանդեսին մի գործ կարդացի ու տեսա, թե ինչպես են բոլոր ներկաները արտասվում: Հոգու պոռթկման, վաղվա օրվա սպասումի, ելքեր գտնելու մասին է գիրքս, մեր տեսակը չկորցնելու մասին: Սրանից բացի, այլ բան չէր կարող անհանգստացնել, ցավեցնել, որ ես ստեղծագործեի, գրեի ու դարձնեի գրականություն»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ շատերն այսօր տալիս են Աստծո անունը, բայց գործում են արարքներ, որոնք աստվածամերժություն եւ հակաքրիստոնեական տարրեր են պարունակում, գրքում կա՞ն գոնե մոլորվածներին դարձի բերելու «դեղատոմսեր», Արթուր Հայրապետյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես մի գործ ունեմ գրքում, որտեղ ասում եմ՝ Աստծուց երես թեքած Աստված ենք կանչում… Թվում է՝ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, պատարագների ենք գնում, փորձում ենք մեր կենցաղով, ապրումներով մոտ լինել Աստծուն, բայց այդպես չէ, մեր հոգեւորականությանը եւ եկեղեցուն այլկերպ ենք վերաբերվում… Ես չեմ անդրադարձել եկեղեցականներին, որովհետեւ չգիտեի, որ ապրելու ենք մի շրջան, որ նույնիսկ Վեհափառին են փորձելու թիրախավորել: Գրքում ես ունեմ Աստծո հետ իմ զրույցը: Կարծում եմ՝ ընթերցողը այն կարդալով փորձելու է ինքն էլ զրուցել Աստծո հետ… Հնարավորինս կա այդ ուղերձը, առանց որի հնարավոր չէ: Մարդ էակն այն վիճակում է, որ երբ հողի մեջ մանանեխի հատիկի չափ հավատի հատիկ է գցվում, դրան սպասում է, սպասում է, որ արդյունքը տեսնի: Քանի որ գիրքն այլեւս ընթերցողինն է, ես էլ փորձել եմ մանանեխի հատիկից ստանալ արդյունք, ու կարծում եմ՝ բարեբեր կլինի»:
Մեր զրույցի ժամանակ Նարեկացուն էլ անդրադարձ եղավ: Արթուրն ասաց, որ Նարեկը իր մահճակալի մոտ է դրված եւ ինքն անբաժան է այդ գրքից. «Ես սովորություն ունեմ երեկոյան եւ առավոտյան ուղղակի մի էջ բացել եւ լռության մեջ կարդալ»: Հավելեց նաեւ, որ հաճախ Եզրաս արքեպիսկոպոսի կատարմամբ Նարեկացի է լսում, ասում է Նարեկը մարդուն ոչ միայն կտրում է աղետներից, այլեւ խաղաղություն է բերում, հոգեւոր բալասանի եւ փրկօղակի նման: Ասում է՝ շատ կուզենար, որ մարդիկ հաճախ կարդային Նարեկ, չհեռանային հոգեւորից, որովհետեւ համատարած մաղձն ու չարությունը հոգեւորից հեռանալու հետեւանք են: Ափսոսում է, որ մարդիկ միայն խնդիր ունենալուց են Աստծուն դիմում:
Մեր զրույցի ավարտին Արթուր Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Արթուր Վանեցյանին՝ գրքի տպագրությանն աջակցելու համար, գրքի խմբագիր Սեդա Կարապետյանին, ով ծանոթ է իր ներաշխարհին եւ այն մարդկանց, որոնք միշտ իր կողքին են, ինչպես նաեւ շնորհանդեսի մասնակիցներին՝ քաղաքական, մշակութային, հասարակական ոլորտների ներկայացուցիչներիին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2025


















































