Տաթեւիկ Հայրապետյանը՝ տարանցման մասին
«Տրվող տեղեկատվական ֆոնը չունի այն նշանակությունը, ինչ դրան տալիս են։ Ադրբեջանը սահմանը չի բացել։ Ադրբեջանի տարածքով ապրանքներ չեն գալիս։ Ադրբեջանն ընդամենը թույլ է տվել, որ իր տարածքով ապրանքներ գնան Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան»։
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
Համատեքստ
Կարդացեք նաև
«Խաղաղությունը հաստատված է»,-երեքշաբթի պնդեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ղազախստանցի իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները՝ դեպի Հայաստան բեռների տարանցման համար»։
Նախարար Պապոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր՝ տարանցվող ղազախական ցորենը Ղազախստանից նախ Ադրբեջան կտեղափոխվի։ Հայաստան ցորենը կհասնի ադրբեջանական եւ վրացական երկաթգծով։
Ինչպես նախկինում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացման մասին տեղեկացանք ադրբեջանական կողմից։ Հիշեցնեմ, մարտին, երբ պաշտոնական Երեւանը համաձայնեց սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու եւ միջազգային ատյաններից դատական հայցերը հետ կանչելու մասին Ադրբեջանի պահանջներին, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովից տեղեկացանք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Այս անգամ «բարի ավետիսը» բերեց անձամբ Ադրբեջանի ղեկավարը։
Ադրբեջանն անում է մինիմալը
«Վերջին ժամանակներում Ադրբեջանը տեղեկատվական դաշտում դոմինանտ է։ Այսինքն՝ գերազանցապես Ադրբեջանից եկող տեղեկատվության միջոցով ենք տեղեկանում զարգացումների մասին։ Հիշեցնեմ 2023 թվականի ավարտը, երբ մեր գերիներն էին վերադառնում, մենք էլ իրենց երկու դիվերսանտի էինք հանձնում, այդ ժամանակ նույնպես ադրբեջանական ԶԼՄ-ներն էին տեղեկատվական աղբյուրը… Առհասարակ, ներկա ժամանակներում տեղեկատվական դոմինանտությունը կարեւոր գործն է եւ պետությունների հարաբերություններում ունի կարեւոր նշանակություն», – ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին՝ Ալիեւի հայտարարությունն արդյո՞ք Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման լրիվ վերացման, միջպետական սահմանի բացման եւ ավելի լայն հաշտության ուղղությամբ առաջին քայլն է, Հայրապետյանը բացասական պատասխան տվեց։
«Ադրբեջանն, իսկապես, փորձում է անել այն մինիմալ քայլերը, որոնք Հայաստանի ներկայիս իշխանությունները կօգտագործեն որպես հարաբերություններում գրանցված ձեռքբերումներ։ Մեկ-երկու ժեստ անել, որպեսզի ՀՀ իշխանությունը կարողանա հայ հանրությանը վաճառել, ինչո՞ւ պետք է չանեն»,-ասաց «Առավոտի» զրուցակիցը։
Փաշինյանը՝ հայկական պետության գաղափարական քայքայման դաշնակից
Ճշտող հարցին՝ դա Բաքվի շահերի՞ց է բխում, Հայրապետյանը կարճ պատասխանեց՝ «միանշանակ»։
«Ներկայիս իշխանությունների մնալը Ալիեւի համար երկարաժամկետ առումով գերնպատակ է, քանի որ Փաշինյանի կուսակցությունը նրան օգնում է՝ գաղափարական քայքայման ենթարկել հայկական պետությունը։ Չեմ կարող ասել՝ Ալիեւն այլ երկրներում դաշնակիցներ կգտնի՞, թե՞ ոչ, բայց այդ հարցում նա ունի ռեալ դաշնակից՝ հանձինս Փաշինյանի եւ իր կուսակցության, որոնք հստակ, նպատակադրված, տարբեր ուղղություններով այդ պայքարը մղում են»։
Հայրապետյանը նշեց՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակումը կարող էր «ավելի լուրջ եւ ծանրակշիռ» ժեստ լինել։
Սահմանի բացում դեռ չի նշմարվում։ Ադրբեջանագետը հիշեցրեց նաեւ, որ COVID-19 համաճարակի մեկնարկից ցայսօր Ադրբեջանի ցամաքային բոլոր սահմանները փակ են ուղեւորափոխադրումների համար։ Սահմանային անցակետերը գործում են բեռնափոխադրումների համար։
Համատեքստ
Պաշտոնական Երեւանը ոգեւորությամբ ընդունեց դեպի Հայաստան տարանցումների արգելքից հրաժարումը, սակայն ո՛չ վարչապետի աշխատակազմից, ո՛չ արտաքին գործերի նախարարությունից կամ այլ գերատեսչությունից չհակադարձեցին Ալիեւին՝ նույն խոսքում Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ հանդիսացող «Զանգեզուրի միջանցք» եզրույթը կիրառելու համար։
Հիշեցնենք. վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» թեմային անդրադառնալու «օբյեկտիվ հիմքեր չկան»։ «Հարցն այլեւս հասցեագրված է եւ արդիական չէ»։
Տարածքային պահանջներ, խաղաղության մասին խոսող խոշտանգվող ադրբեջանցիներ
«Ի՜նչ հետաքրքիր բան է տեղի ունենում։ Ադրբեջանի ղեկավարը հանդիպեց Ղազախստանի իր գործընկերոջ հետ, խոսեց հարաբերություններում նոր փուլի բացման մասին, խոսեց խաղաղության մասին, ու դրանից անմիջապես հետո ասում է՝ «Զանգեզուրի միջանցք»։ Նա օգտագործում է տերմինաբանություն, որը պարունակում է տարածքային պահանջներ»,-ասաց Հայրապետյանը։
Նա եզրահանգում է՝ Ալիեւն անում է անհրաժեշտ «մանր-մունր ժեստերը՝ ապահովելու համար արտաքին շղարշը եւ Նիկոլ Փաշինյանին աջակցությունը»։
Խաղաղության իրական գործընթաց, Հայրապետյանի դիտարկմամբ, այժմ անհնար է, քանզի «հայատյացությունն ադրբեջանական պետության եւ Ալիեւի վարչակարգի համար կարեւոր հենարան է»։
Ադրբեջանագետը հիշեցրեց Հայաստանի հետ խաղաղություն քարոզած ադրբեջանցի ակտիվիստների վարկաբեկման եւ հալածանքների մասին՝ օրինակ ներկայացնելով 30-ամյա Բահրուզ Սամադովին, որը բանտում խոշտանգվում է եւ ինքնասպանության արդեն երկու փորձ է իրականացրել։
«Եթե ամեն ինչ այդքան լավ է, այդ մարդիկ ինչո՞ւ են բանտում»,-հռետորական հարց հնչեցրեց «Առավոտի» զրուցակիցը։
Ցուցիչները իրական խաղաղության մասին չեն խոսում
Հետաքրքրվեցինք՝ Ադրբեջանը չի՞ հրաժարվի հայատյացությունից, եթե ե՛ւ նա, ե՛ւ Հայաստանը շահեն երկու երկրներով անցնող տարանցիկ ճանապարհներից։
«Միանշանակ՝ ոչ։ Ես փոքր-ինչ թերահավատորեն եմ մոտենում այդ գործընթացին։ Դա չի համապատասխանում հայկական պետության գաղափարական քայքայման նպատակին։ Ալիեւը հոյակապ հասկացել է, որ աշխարհը փոփոխվում է։ Թրամփի միջնորդությամբ ստեղծված իրավիճակում նա փորձում է որպես լավ խաղացող հանդես գալ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների խորացման համար։ Նա դա վաճառում է արտաքին դերակատարների վրա որպես լուրջ, էական քայլ»,-ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը, ամփոփեց՝ խաղաղությանը միտված բովանդակային քայլեր, օրինակ՝ հայ պատանդների հայրենադարձում, չկան։
«Կան ցուցիչներ, որոնք փաստում են, որ գետնի վրա իրական գործընթաց չկա։ Կա արտաքին շղարշ եւ շոու»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2025


















































