Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-74-Ո-138 որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր (Շենգավիթի նստավայր) Սամվել Յուզբաշյանի անուն-ազգանունը ժամանակավորապես հանվել է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից։
Որոշումն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 21-ից։
Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը, ինչպես նաեւ նույն դատարանի նախագահի պարտականությունները կատարողի համաձայնությունը։
Ըստ ԲԴԽ հիշյալ որոշման՝ դատավոր Սամվել Յուզբաշյանի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից 2025 թվականի հոկտեմբերի 21-ից մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։
Կարդացեք նաև
Որոշումը սահմանում է բացառություն՝ դատավոր Յուզբաշյանը շարունակելու է մասնակցել մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթների բաշխմանը։
Հիշեցնեմ, որ այս դատավորի վարույթում է Նարեկ Սարգսյանի աղմկահարույց գործը. վերջինս մեղադրվում է կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու համար (սա այն գործն է, երբ դատական նիստի մասնակիցներից մեկը երեք տարի անց հայտարարեց նիստերի դահլիճում, թե իրականում ինքն է սպանել, դատարանը լսել է նաեւ նրան):
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2025


















































