Լույս է տեսել «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի 2025 թվականի 2-րդ (25-րդ) համարը:
«Գիտական Արցախ» եռալեզու պարբերականը Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) առանցքային նախագծերից մեկն է, որը հիմնադրվել է 2018 թ.-ին: Պարբերականի հիմնադիրը Երեւանի պետական համալսարանն է, իսկ նախաձեռնողն ու հրատարակիչը՝ ԱԵԳՄՄ-ն:
Պարբերականը 2019 թ.-ից ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի (ներկայումս՝ ԲԿԳԿ) կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում, իսկ 2023 թ. ընդգրկվեց РИНЦ (Российский индекс научного цитирования) միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում (www.elibrary.ru), որտեղ ներկայացված են սակավաթիվ հայկական գիտական պարբերականներ:
Ի դեպ, «Գիտական Արցախ»-ն արցախյան միակ պարբերականն է, որը շարունակում է տպագրվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքի տակ արցախահայությունը բռնի տեղահանվեց Մայր Հայաստան:
Կարդացեք նաև
Արցախի ապօրինի եւ ժամանակավոր բռնազավթման, ինչպես նաեւ արցախահայության բռնի տեղահանման հետեւանքով Արցախի երիտասարդ գիտնականներն ու մասնագետները ստանձնել են առավել պատասխանատու դեր՝ գիտական ուժերի համախմբման, գիտակրթական նախաձեռնությունների առաջմղման եւ Արցախի հիմնախնդրի գիտական ուսումնասիրության ու ներկայացման գործում։ Կազմակերպությունն իր ջանքերն ուղղում է նաեւ արցախագիտության պահպանման, զարգացման եւ լայն հանրության շրջանում տարածման կարեւոր առաքելությանը՝ օգտագործելով նաեւ «Գիտական Արցախ»-ի հնարավորությունները։
«ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը պարբերականի հոբելյանական 25-րդ համարի առթիվ գրել է.
«Սույն համարի հրատարակումը մեր խմբագրակազմի համար խորհրդանշական է. լույս է տեսնում «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականի հոբելյանական՝ 25-րդ համարը, ինչը կարեւոր ձեռքբերում է ոչ միայն խմբագրակազմի, այլեւ գիտական համայնքի համար։
2018թ.-ից մինչեւ օրս տպագրված 25 թողարկումներն արդեն իրողություն են. դրանցում արտացոլված է ոչ միայն մեր խմբագրության աշխատանքը, այլեւ այն գիտական ու մտավոր ներուժը, որն ունի Արցախը եւ Մայր Հայաստանը։
Այս տարիների ընթացքում Պարբերականը դարձավ հարթակ գիտական մտքի զարգացման, փորձի փոխանակման եւ նոր գաղափարների ներկայացման համար։ Յուրաքանչյուր հրապարակված հոդված՝ լինի դա պատմության, լեզվաբանության, մշակույթի, իրավագիտության կամ քաղաքագիտության մասին, մի նոր քայլ է դեպի գիտելիքի հարստացում եւ ազգային ինքնության ամրապնդում։
Հոբելյանական այս համարի լույսընծայումը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ է, աշխատանքի արդյունքը՝ կարեւոր ու տեսանելի։ Մենք հավատում ենք, որ գիտությունը եւ կրթությունը ոչ միայն պահպանում են ժողովուրդների հիշողությունն ու արժեքները, այլեւ բացում են ապագայի դռները։ Սույն համարի թողարկումը խորհրդանշում է նաեւ մեր ձգտումը՝ շարունակաբար պահպանելու բարձր գիտական չափանիշները, խրախուսելու հետազոտողներին եւ նպաստելու գիտության ու կրթության զարգացմանը»։
Նա նաեւ նշել էր, որ 2025 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հրատարակվել է «Գիտական Արցախ» պարբերականի 25 համար: Դրանցում ընդհանուր առմամբ տպագրվել են 733 հեղինակների 636 հոդվածներ, որոնք ներկայացնում են աշխարհի 19 երկրները` Հայաստանը, Արցախը, Արաբական Միացյալ Էմիրությունները, ԱՄՆ-ը, Բելառուսը, Գերմանիան, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Եգիպտոսը, Իսրայելը, Իրանը, Լեհաստանը, Լիբանանը, Հարավային Օսեթիան, Ղազախստանը, Շվեյցարիան, Չինաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան:
Համարում տեղ են գտել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբոնի դասախոս Նարինե Ասրյանի «Վերաբաշխիչ քաղաքականության եւ արդյունավետ կառավարման հարաբերակցման առանձնահատկությունների հայաստանյան համատեքստը», Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության եւ լրագրության գիտաուսումնական կենտրոնի ավագ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Ծովինար Խաչատրյանի «Քաղաքական զսպվածությունը Հայաստանում. իրավական, սոցիալական եւ մշակույթային ասպեկտներ»,
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական, Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ Մանե Մարկոսյանի «Ընդերքօգտագործման իրավունքի տեսակները, դրանց ծագման եւ դադարման հիմքերը ՀՀ օրենսդրությամբ», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության, ազգագրության ինստիտուտի բանահյուսության եւ տեքստաբանության բաժնի ավագ լաբորանտ Մելինե Պետրոսյանի «Արցախի մանկական հեքիաթները», Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Հայկ Սարգսյանի, ԵՊՀ ՏԿՖ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Նարինե Քոչինյանի, նույն ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Սոնա Սարգսյանի եւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյանի (ք. Իջեւան) «ՀՀ զարգացումը աշխարհաքաղաքական նոր իրողություններում» վերտառությամբ գիտական հոդվածները, վերջինս անգլերեն է:
Ռուսերեն լույս է տեսել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պետության եւ իրավունքի ինստիտուտի իրավունքի փիլիսոփայության, պետության եւ իրավունքի պատմության ու տեսության բաժնի գլխավոր գիտաշխատող, «Գիտական Արցախ» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր ՎԱԼԵՆՏԻՆԱ ԼԱՊԱԵՎԱՅԻ (ք. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) «Վլադիկ Ներսեսյանցի ազատական –իրավաբանական տեսությունը եւ դրա ներդրումը իրավական տեսության ու պրակտիկայի զարգացման մեջ» վերտառությամբ գիտական հոդվածը: Հոդվածում ներկայացվում է ժամանակակից ռուսաստանյան իրավափիլիսոփայական մտքի ուղղություններից մեկը՝ ազատական-իրավաբանական տեսությունը, որը մշակվել է խորհրդային եւ ռուսաստանյան հայտնի իրավագետ, ՌԳԱ ակադեմիկոս Վ Ս.Ներսեսյանցի (1938–2005) կողմից։ Ներկայացվում է այդ տեսության ձեւավորման պատմությունը խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջաններում, երբ հեղինակն, իր վիթխարի պատմական նյութերի վրա հիմնվելով, վերլուծեց իրավունքի եւ օրենքի տարբերակման գաղափարը եւ առաջ քաշեց իրավունքը որպես անհատների ազատության հավասար չափի ընկալում։ Վերջինս հետագայում զարգացվեց՝ դառնալով ազատական-իրավաբանական տեսություն:
Պարբերականում կան այլ ուշագրավ հրապարակումներ եւս:
Հոբելյանական հանդեսի շնորհանդեսը հոկտեմբերի 23-ին է, ժամը 17.30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.10.2025


















































