Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին պետք է բարեփոխվի, նորոգվի լուռ, առանց աղմկոտ արշավների, ներքին գործընթացներով. «Ազգ»

Հոկտեմբեր 24,2025 10:12

Եթե նկատենք ներքին եւ արտաքին արձագանքները` հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ գործընթացի արագացումն այս համատեքստում է եւ պատահական չէ: Հակված չենք այն միագիծ ենթադրություններին, թե բա` Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունների ծիրում են եկեղեցականներին ուղղվող քրեական մեղադրանքները` սա մեզ համար անլուրջ մեղադրանք է, ինչպես, ի դեպ, եկեղեցին մաքրելու Նիկոլ Փաշինյանի` մշտապես բարձրաձայնվող շարժառիթը: Եկեղեցին պետք է բարեփոխվի, նորոգվի լուռ, առանց աղմկոտ արշավների, ներքին գործընթացներով: Իսկ այս ողջ աղմուկի պատճառները հարկ է որոնել, շատ ավելի տրիվիալ պատճառներ կարող են լինել Գարեգին Բ- Փաշինյան հակադրության տակ` սկսած վատիկանյան ստվերային գործընթացներից, արտաքին մի քանի շերտ գործոններից, մինչեւ անձնական հակակրանք եւ քաղաքական հաշվարկ: Վերջինիս առումով մի փաստ միայն այս պահին նշենք, քանի որ շատ պատճառներ անհայտ չեն հանրության տարբեր շրջանակներում. Հայաստանում կան բազմաթիվ աղանդներ եւ կրոնական հարանվանություններ, որոնց հետեւորդները տարբեր հաշվարկներով երեքհարյուրհազարից ավելի են: Ի՞նչ եք կարծում` նրանք Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդի վարկը տատանողներին ի՞նչպես շնորհակալ կլինեն ընտրությունների ժամանակ, եթե ոչ իրենց քվեով:

Ես այն մարդկանցից եմ, որ լիարժեք գիտե, հիշում է ամեն բան, որ վերաբերում է Հայաստանի ներքին կյանքին, այդ թվում` հոգեւոր, եւ ամենեւին հիացած չեմ շատ երեւույթներով: Ինձ ցավ է պատճառում, որ մեր երկրի ներքին կյանքը կառուցվում է ատելության, միմյանց ոչնչացնելու, միմյանց չեզոքացնելու ձեւաչափերով, որ մեր ժողովրդի կյանքում առանցքային դերակատարում ստանձնած մարդիկ, ղեկավարի, առաջնորդի, որոշողի այն հասունությունն ու իմաստնությունը չեն դրսեւորում` հանուն երկրի ներքին կայունության հետքայլ անելու իրենց կոշտությունից, իրենց ամբիցիաներից, հանուն իրեն կոչման եւ դերակատարման, հանուն հանրության եւ ժողովրդի, որոնց սթափ շրջանակները վաղուց կոչ են անում նստել-պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ` առճակատման եւ բեւեռացման չտանելով նրանց եւ խաղաթուղթ չտալ Հայաստանի թշնամիների ձեռքը :

Ինձ տխրցնում է, որ չկան այն հեղինակավոր մտավորականները, որոնց խոսքը լսելի ու հարգելի կլիներ, որոնց կարծիքը հաշվի կառնեին`բոլոր առանցքային որոշումները կայացնելիս, կառավարելի քաոսը չներմուծելով Հայաստան: Թե չէ մեռնելու աստիճան հոգնել ենք մեր հանրության տարբեր շերտերի առճակատումից ու բեւեռացումից, իրար քաղաքական ջորի, տրոյական ձի, ԿԳԲ-ի գործակալ եւ այլ երկրի լրտես անվանելուց: Բեւեռացման հաջորդ կայարանը` Վաղարշապատ համայնքի ընտրություններ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031