Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Հասկանալի է, որ դա խմելու բան չէ: Գործադիրը պետք է այս հարցերն օրակարգ բերի, եւ եթե չի բերում, ապա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2025 10:30

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկը ապրանքների որակի ստանդարտների հարցն է եղել՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ իր եւ վրաց գործընկեր Իրակլի Կոբախիձեի հանդիպման մանրամասների մասին։

Փաշինյանի խոսքով՝ ոչ բոլոր ընկերություններն են հետեւում որակի եւ գործարար էթիկայի նորմերին, եւ դրա հետեւանքներն ինքն է կրում միջազգային ասպարեզում: Ասաց, թե դեռ 2018 թվականից է տնտեսվարողներին հայտարարել, որ պետք է ստանդարտներ լինեն։ «Ինչի՞ պետք ա ես գնամ միջազգային կազմակերպություն կամ միջազգային այցի ընթացքում, միջազգային հեղինակավոր արտադրող կազմակերպությունն ինձնից հանդիպում խնդրի, ես մտածեմ՝ երեւի էս կազմակերպությունն ուզում ա Հայաստանում ներդրում անի։ Բայց կազմակերպությունները հերթով գան, ասեն՝ ձեր երկրում էս արտադրանքն են կեղծում, էն արտադրանքն են կեղծում։ Հետո էլ ասենք, թե հիմա рычаг-ը քաշենք, պրոբլեմներ կլինեն,- ասաց Փաշինյանը եւ հավելեց։- Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, ոնց որ Դիլիջանում չի կարող ջերմուկ արտադրվել։ Հայաստանում չի կարող շամպայն արտադրվել։ Մեր մեծագույն պրոբլեմն էն ա, որ մենք մի պատուհան ունենք ու ամբողջ աշխարհը տեսնում ենք էդ պատուհանից, ու էդ պատուհանը թափանցիկության հարց ունի»։ Բագրատյանը հարցրեց, թե որքանով է տեղին Վրաստանի իշխանությունների կողմից խոչընդոտել հայկական ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան՝ որակի անհամապատասխանության պատճառով, եթե այդ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է: Փաշինյանը հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը չպետք է իրեն թույլ տա արտահանել «չայով գույն տված յաթրջի արաղը, որի անունը դրած ա կոնյակ», եւ մենք չենք կարող այդ «յաթրջի արաղի» համար մեր ինքնիշխանությունը վտանգել։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի խնդրահարույց հայտարարություններին, նկատեց. «Երբ ռուսներն ասացին, որ հայկական կոնյակը խնդիր ունի, ես մտածում էի, որ սա էլ քաղաքական հարց է: Մենք՝ բոլորս էլ պարբերաբար լինում ենք խոշոր առեւտրային կետերում, անուններ չեմ ուզում տալ, որտեղ կան գեղեցիկ շշեր, որոնց վրա գրված է, օրինակ, «կոնյակ», «լիկյոր» եւ այլն: Դրանք արժեն 1000-2000 դրամ, պարզ է, չէ՞, թե այդ շշերի մեջ ինչ է լցված: Հասկանալի է, որ դա խմելու բան չէ, բա դուրս գնացող ապրանքի որակի գնահատման հսկողությունն ո՞վ պետք է իրականացնի, ենթադրենք՝ մենք կարողանում ենք մեր երկրի ներսում հազար դրամանոց սպիրտը տարբերել բարձրակարգ խմիչքից, բայց, լավ, ո՞նց եք թույլ տալիս ձեզ, որ դա դուրս գնա, ո՞վ պետք է այդ հարցերով զբաղվի, ո՞ւմ ողորմածիկ տատը: Կան համապատասխան կառույցներ, որոնք պարտավոր են չափորոշիչներ ստեղծել եւ սահմանել, ապա հսկողություն իրականացնել: Հարց է առաջանում` ո՞ւմ վրա ես մուննաթ գալիս, որ ինչ զիբիլի վրա ասես՝ գրում են «կոնյակ»: Ուրախ եմ, որ մուննաթ են գալիս, որովհետեւ իրենք իրենց վրա են մուննաթ գալիս, այդտեղ այլ մեղավոր չկա, իրենցից բացի: Ուղղակի ավելի տեղին կլիներ, որ ես, Դուք մուննաթ գայինք: Մուննաթ պետք է գալ առաջին հերթին գործադիր իշխանության վրա: Կոնյակի սպիրտը գալիս է Մոլդովայից, գինու խտանյութը՝ այլ տեղից, մենք ունե՞նք իրավունք այն անվանելու հայկական: Գործադիրը պետք է այս հարցերն օրակարգ բերի, ինչո՞ւ չի բերում եւ եթե չի բերում, ապա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս: Էկոնոմիկայի նախարարությունում 700 հատ համապատասխան բաժին կա` ստանդարտացում, չգիտես ինչացում, ինչո՞ւ չեն խոսում այս հարցերի մասին: Կա Սննդի անվտանգության տեսչական մարմին, որը պարտավոր է զբաղվել այս հարցերով, լավ, գոնե իրար մեջ, իրար վրա մուննաթ եկեք, մեզնից ի՞նչ եք ուզում: Հարյուրավոր պրոբլեմներ կան, իրենք միանգամից սկսում են մուննաթ գալը, որ ոչ ոք հարց չտա իրենց: Ինչի՞ մասին է խոսքը, եթե բեռնատարների վարորդները խայտառակ պայմանների արդյունքում միտինգ են անում, իսկ էկոնոմիկայի նախարարը, փոխանակ այս մարդկանց լսի, Վարդանիկի մասին գրառումներ է անում Ֆեյսբուքում»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031