Արտառոց դեպք է տեղի ունեցել երեկ Գերմանիայում:
Բավարիա երկրամասի Էրդինգ քաղաքի շրջակայքում Բունդեսվերը (գերմանական բանակը) անցկացնում է լայնածավալ զորավարժություն՝ Marshal power 2025։ Հոկտեմբերի 22-ին, քաղաքի բնակիչները, որոնք տեղեկացված չէին զորավարժություններից, տեսնելով զինված մարդկանց, ահազանգել էին ոստիկանություն՝ կարծելով, թե իրական վտանգ կա։
Ոստիկանները, պարզվում է, նույնպես տեղյակ չէին, որ այդ տարածքում վարժանքներ են լինելու: Նրանք ժամանել են տարածք և պահանջել զինվորներից դադարեցնել գործողությունները։ Վերջիններս, կարծելով, թե ոստիկանները նույնպես մասնակցում են վարժանքին, սկսել են կրակել վարժական (դատարկ) փամփուշտներով։ Ի պատասխան՝ ոստիկաններն արձակել են իրական կրակոցներ։
Մեկ զինվոր թեթև վիրավորվել է դեմքի հատվածում, սակայն լուրջ վնասվածքներ կամ զոհեր չեն եղել։
Կարդացեք նաև
Բունդեսվերն ու Բավարիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել են, որ միջադեպը պայմանավորված է «հաղորդակցության խոշոր ձախողմամբ», եւ քննություն է ընթանում՝ նման սխալները ապագայում բացառելու համար։


















































