Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Դպրոցները փակվում են. Կարմրաշենից՝ Կիրանց. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2025 11:14

Վայոց Ձորի Կարմրաշեն համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Թովմասյանը նախկինում՝ դեռ սովետական իշխանության ժամանակ, երբ սովխոզները գարաժներ ունեին, մեխանիկ է աշխատել: Երբ դպրոցը վերջնականապես փակվի, անասնապահությամբ է զբաղվելու:

«Ինձնից առաջ քեռիս է եղել դպրոցի տնօրեն՝ 43 տարի: Ես զինղեկն էի, կոչում ունեմ: Բերեցին զինղեկ, հետո ստիպեցին՝ գնացի տնօրեն: 31 տարի է արդեն՝ 91 թվականից: Ամեն ինչ եմ դասավանդում, ներկա պահին՝ հասարակագիտություն»,- ասում է Արմեն Թովմասյանը: Կառավարության վերջին նիստին, որի ժամանակ իր դպրոցը փակելու եւ հարեւան գյուղի՝ Հերհերի դպրոցին միացնելու վերաբերյալ որոշում է ընդունվել, նա չի հետեւել: Բայց վաղուց է տեղյակ, որ դպրոցն ուզում են փակել: Իսկ փակելու հիմնավորման մեջ նշվում է, որ 2024-2025 ուսումնական տարում Կարմրաշենի դպրոցում սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված է եղել ընդամենը երկու աշակերտ։ Անցյալ տարվանից դեռ երկու դասասենյակ է ձմռանը տաքացվում՝ «պլիտայով», գումարած միջանցքի մի հատվածն ու զուգարանը: Դպրոցի երկու աշակերտներն էլ քույր ու եղբայր Հախվերդյաններն են:

Հիմա ընդամենը 36 տնտեսություն է մնացել Կարմրաշենում: Երեխաների թիվն էլ երկրաչափական հակառակ պրոգրեսիայով նվազում է:

Հերհերը Կարմրաշենին ամենամոտ ուսումնական հաստատություն ունեցող գյուղն է՝ շուրջ 7 կիլոմետր է հեռու: Մեծ հույս կա, որ մյուս տարի երթուղային կամ մի փոքրիկ ավտոբուս կտան Կարմրաշենին, որ քույր ու եղբայր Հախվերդյանները ստիպված չլինեն օրը 14 կիլոմետր ճամփա անցնել: Բայց դա ընդամենը հույս է:

Կիրանցում, օրինակ, 2024 թվականի սեպտեմբերի 2-ին գեղեցիկ դպրոց բացեցին, Փաշինյանն էլ անձամբ «լենտոչկան» կտրեց: Խոստանում էին, որ միջնակարգ դպրոց է դառնալու: Չդարձավ: Արդյունքում երեխաները հարեւան գյուղեր են գնում՝ Սարիգյուղ ու Ներքին Ծաղկավանք, ամեն օր: Ավտոբուս չտվեցին: Երեխաներին օրը 200 դրամ տրանսպորտի փող են տալիս: Մի կերպ գնում-գալիս են:

Փորձառու լրագրող Ոսկան Սարգսյանն ասում է, որ ինքն է պայքարել ու հասել նրան, որ այդ գումարը գոնե երեխաներին տան: «Մի հատ ավտոբուս կա, որ Իջեւան է գնում-գալիս: Կիրանցի երեխաները մի կերպ, ոտքի վրա` ծռված, դրանով հասնում են դպրոցներ»,- ասում է նա: Հիշեցնում է՝ Փաշինյանն ասում էր, որ Կիրանցն ամենաանվտանգ տեղն է լինելու Հայաստանում: «Սուտ է: 40 տոկոսով անասունը կրճատվել է, արոտավայրեր չեն մնացել: Ասում են՝ տներ ենք կառուցել, բայց այդ տների մի մասը Կիրանցի բնակիչներին չեն տվել: Մի խոսքով, շատ ստեր կան»,- ասում է Ոսկան Սարգսյանը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031