Լրահոս
ԲԴԽ նոր որոշումը
Օրվա լրահոսը

Արեւմուտքը շահ ունի Հայաստանում, դրա համար ամեն ինչով աջակցում է իշխանություններին. Արմեն Բադալյան

Հոկտեմբեր 24,2025 13:32

«Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները չպետք է դիտարկել  որպես զուտ ներհայաստանյան գործընթաց: Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացների  վրա էական նշանակություն ունի արտաքին քաղաքական գործոնը»,-  Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Հայաստանում Արեւմուտքը շահ ունի, դրա համար ամեն ինչով աջակցելու է այս իշխանություններին, միայն ռազմական ուժ չի գործադրելու, իսկ Մոլդովայում անգամ դա են պատրաստ անելու…  Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որն ամբողջ թափով հակառուսական եւ հակաիրանական տարածքի է վերածվում եւ գտնվում է գլոբալիստների հսկողության տակ: Դրա համար գլոբալիստները՝ ԵՄ ղեկավարությունը, նրանց դաշնակից Միացյալ թագավորությունը, Թուրքիան եւ Իսրայելը, ինչպես Մոլդովայում, այնպես էլ՝ այստեղ, ամեն ինչ անելու են, որպեսզի ռուսական կողմը պարտվի, իրենց դրածո քաղաքական ուժը հաղթանակ տանի: Ռուսական կողմը միգուցե փորձի այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժին աջակցել Հայաստանում, մի բան, որ Մոլդովայում հաջողություն չունեցավ, ու չկա ոչ մի երաշխիիք, որ այստեղ էլ կունենա»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը ներկայացրեց հայաստանյան նախընտրական պատկերը. «ՔՊ-ն արդեն սկսել է նախընտրական քարոզարշավը, որի մեկնարկը համարում ենք օգոստոսի 8-ը, երբ ստորագրվեց այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը: Երկրորդ նախագահի հետ ասոցացվող քաղաքական ուժերի նախընտրական մեկնարկը երկրորդ նախագահի հարցազրույցն էր, երբ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին: «Մեր ձեւով» շարժման նախընտրական քարոզչության մեկնարկը տրվեց օգոստոսի վերջին իրենց հայտարարությամբ՝  «Մեր ձեւով» շարժում սկսելու մասին, մյուսն էլ վերջերս կայացած իրենց հաշվետու համաժողովն էր: Սա էլ երրորդ ուժն է: Նաեւ մի քանի անհատ քաղաքական գործիչներ հայտարարեցին ընտրություններին մասնակցելու եւ դաշինքներ ձեւավորելու մասին»:

Արմեն Բադալյանը կարծում է, որ շուրջ 20-25 ուժ կմասնակցի ընտրություններին: Նա հիշեցնում է, որ ուժեր կան, որ մասնակցում են 1995 թվականից, եւ այդ մանր կուսակցությունները, քաղաքական ուժերը, ամեն անգամ ընտրություններին մասնակցելով եւ չնչին ձայներ հավաքելով, ըստ էության, աջակցում են իշխող քաղաքական ուժերին:

Արմեն Բադալյանը նաեւ նշում է. «Ընդդիմադիր ուժերի կողմից մենք չենք տեսնում ընտրական պայքարի մեթոդոլոգիայի փոփոխություն: Արդեն նշեցինք, որ իշխող քաղաքական ուժն ունի դաշնակից, դա ԵՄ-ն է, ՄԹ-ն, մյուսները, բայց չենք տեսնում, թե ովքեր են ընդդիմադիր ուժերի դաշնակիցները: Բոլոր այն հեքիաթները, որ ընդդիմադիր ուժերը պատմում են, թե՝ մեր ուժերով կգնանք, կքվեարկենք, հաղթանակ կբերենք, իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ 1995 թվականից տեսել ենք, թե ինչպես են իրենց ուժերով գնում ու պարտվում: Ընդդիմադիր ուժերը չունեն դաշնակից, ինչն իրենց համար լուրջ խնդիր է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝  Sputnik Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031