«Բոլորս գիտենք, թե ինչ ահավոր արհավիրքի նախաշեմին ենք կամ ինչ արհավիրքի մեջ ենք ապրում, փորձ է արվում Հայաստանի Հանրապետությունում մեղքը բարդել բոլորի վրա՝ անցյալի գործիիչների, ներկայի, եկեղեցու, փաստաբանների ու շարքային մարդկանց վրա, գնալ դեպի ամբողջատիրություն մինչեւ ընտրությունները: Այդ ամբողջատիրությունն ինքնին նմանակում է, դա պստլիկ մարդկանց փորձ է՝ մեծ դիկտատորներին, մեծ ամբողջատերերին կրկնօրինակելու:
Տեսնում ենք, որ թիրախ բռնելով ազգային արժեքների, մայր եկեղեցու, պայքարող տղաների, շարքային քաղաքացիների, փաստաբանների, հոգեւորականների վրա՝ իրենք փորձում են հող նախապատրաստել ընտրությունների նախաշեմին վիճակ, մտայնություն, միջավայր փոխելու համար»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդի ձեւակերպմամբ՝ այս իշխանությունը ոչ մի դեպքում չպետք է կարողանա վերարտադրվել. «Սա ենթադրում է, որ հասարակությունը պետք է վերարթնանա, իր իրավունքների եւ ճակատագրի տերը դառնա, դուրս գա անտարբերությունից, ցավից, տառապանքից, հեռավորությունից եւ նորից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իր պատկանելության զգացումն իրացնի: Սա նաեւ ենթադրում է, որ ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները՝ թե հին, թե նոր, պետք է դուրս գան այն պատրանքից, որ կարելի է հին ձեւով պայքարել այսօրվա իշխանական սպառնալիքի դեմ: Պետք է նոր՝ համախմբող վիճակ, նոր տեխնոլոգիաներ, նոր կիրառական փորձ, որը ոչ միայն դաշտային է, այլեւ մարդկային է՝ տետ ա տետ մարդկանց հետ աշխատելով հանդերձ, ներառում է տեխնոլոգիաները, սոցցանցերը եւ այլն»:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը պայքարը բազմաճակատ է բնորոշում: Նա, խոսելով իշխանության կողմից իրականացվածի մասին, ասաց. «Այս պայքարներն ունեն հատուկ մեթոդաբանություն, հրահանգավորված են վերեւից, չասեմ՝ կոնկրետ արտաքին ուղղորդում, բայց պարզ է, որ համընկնումը թուրքական եւ ադրբեջանական շահի հետ ակնհայտ է՝ զուգահեռ գործողություններով իրենք առաջ են գնում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում այն, ինչն ազգային է, քաղաքացիական է, ժողովրդավարական է եւ որեւէ հեռանկար է ցույց տալիս ժողովրդին, թուլանա, Հայաստանի շարքային քաղաքացին նվաստացած վիճակով գնա դեպի հերթական ընտրությունները:
Կարդացեք նաև
Ճակատի տաք կետերից մեկը Մայր Աթոռն է, վերջին շրջանում՝ Հովհաննավանքը, տեղական ընտրություններ եղել են Գյումրիում, մենք տեսնում ենք, թե ինչպես են ընտրված համայնքի ղեկավարները կամ սպանվում, կամ բանտարկվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի


















































