«Առաջիկայում Վաղարշապատում ընտրություններ են, եւ «Ժառանգությունը» զգալի ընդմիջումից հետո վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին՝ ունենալով շատ արժանի թեկնածու՝ Արկադի Փայտյանին, որն ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ: Նաեւ մի ցուցակ ենք ուզում ներկայացնել ժողովրդին, որ «Ժառանգությունը» միայն կուսակցություն չէ, «Ժառանգությունը» պատասխանատվություն է, թե անցյալ է՝ իր հերոսական ճախրանքներով եւ թե մեծ սխալներով, ինքը ներկա է, եւ հատկապես ապագա: Մենք կարծում ենք, որ «Ժառանգության» ցուցակը Արկադի Փայտյանի ղեկավարությամբ՝ լինելու է առանցքային դերակատար:
Բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ դիմացն այնպիսի երեւույթ է, որն ամեն ինչ անելու է (ընտրական շրջանում էլ արդեն իսկ անում է) ժողովրդի ձայնը հերթական անգամ խլելու համար»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք պետք է որպես հայ ժողովուրդ պատրաստ լինենք, որքան էլ ընտրական շրջանը կուսակցական է, պետք է վեր կանգնել կուսակցական հին մեթոդաբանությունից, որ՝ ես եմ գալու ու փրկելու Հայաստանը: Այլեւս փրկիչի պետք չունենք՝ ոչ անցյալից եկող, ոչ ներկայում կրկնվող, մենք պետք ունենք հավաքական հայաստանակենտրոն պատասխանատվության»,-ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































