Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ մասնակցելու պատարագին, նման պլաններ չունեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ կարգալույծ հոգեւորականի հրավիրած «պատարագի» մասին

Հոկտեմբեր 24,2025 16:17

«Ես չեմ մասնակցելու, ես տենց պլաններ չունեմ։ Միշտ չի, չէ՞, որ որտեղ վարչապետն է գնում, ես էլ եմ գնում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ կարգալույծ արված հոգևորականը, որն այսուհետ պարզապես Ստեփան Ասատրյան անունով անձ է, հայտնել է, որ կիրակի օրը բոլորին հրավիրում է Սուրբ Հովհաննավանք`մասնակցելու «Սուրբ եւ Անմահ Պատարագին»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել էր, որ մասնակցելու է «պատարագին» ու «հաղորդություն ստանա» կարգալույծ հոգեւորականից։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ իր՝ պատարագին չմասնակցելը չի՞ նշանակում, որ Նիկոլ Փաշինյանին չի աջակցում, նա պատասխանեց․ «Իհարկե, չի նշանակում։ Իրար հետ չենք համաձայնեցնում՝ ով որ եկեղեցի է գնում, մի տարեք քաղաքական հարթություն։ Ոչ մի աջակցելու և չաջակցելու հարց չկա։ Ամեն մարդու ընտրության հարց է։ Դրա շուրջ մեծ բանավեճ մի ստեղծեք։ Մարդը որոշել է գնա, մասնակցի պատարագին»։

Հարցին՝ ինչպե՞ս է վարչապետը մասնակցում կարգալույծի «պատարագին», Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ով, որտեղ, ոնց իր հավատքն արտահայտում է, դա ոչ մեկին չի վերաբերում։ Եթե հավաքվենք իմ սենյակում և աղոթենք, ի՞նչ խնդիր կա․․․Ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ, կաղոթեմ։ Իմ ու Աստծո միջև խոսակցության մեջ պարտադիր չէ՝ ինչ-որ մեկը լինի»։

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ,  քաղաքական հետապնդում չէ։ Լրագրողների հարցին՝ վտանգ չեք տեսնո՞ւմ, որ նրա շուրջ քաղաքական կոնսոլիդացիա կլիներ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ։ Ի՞նչ գործընթացներ են կատարվում, վեց ամիս հետո ընտրություններ են։ Իրենք իրենց ստորագրությունները նույնիսկ չեն կարողանում հավաքել, ի՞նչ վտանգ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031