Լրահոս
Օրվա լրահոսը

Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները. CivilNet

Հոկտեմբեր 24,2025 17:55

CivilNet. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։

Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անդլով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։

Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։

«Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։

#CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։

Իշխանական մամուլի «անանուն նամակը»

Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։

Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։

Սակայն հոդվածում և դրանում ներկայացված անանուն նամակում չի ներկայացվում փաստաթղթային որևէ ապացույց, հղում կամ աղբյուր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին։ Առկա է միայն անհայտ ծագման էջից լուսանկար, որտեղ երևում է արտատպված նամակում առկա բովանդակությունը կրկնող տպագիր տեքստ, ինչպես նաև Եզրաս արք. Ներսիսյանի լուսանկարը։

Ուշագրավ է, որ Civic.am լրատվական կայքը գործարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։ Այս տեղեկությունը #CivilNetCheck-ի հետ զրույցում ՔՊ ներկայացուցիչները բազմիցս հաստատել են։ Ավելին, կայքը որպես լրատվամիջոց չունի առանձին իրավաբանական գրանցում, և դրա գործունեությունը ուղղակիորեն ֆինանսավորվում է իշխող կուսակցության կողմից։

Նույն օրը այս տեղեկությունը գրեթե միաժամանակ հրապարակվել է իշխանամերձ լրատվական այլ կայքերում՝ MediaNews.am-ում, FreeNews.am-ում և Armtimes.com-ում։

Ովքե՞ր են կանգնած այդ կայքերի հետևում

MediaNews.am-ը, համաձայն 2021-ին «Ինֆոքոմի» բացահայտման, կապված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Մինչ օրս Չախոյանը որևէ կերպ չի հերքել իր կապը այդ կայքի հետ։ FreeNews.am-ը ղեկավարվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կողմից։ «Հայկական ժամանակը»՝ Armtimes.com-ը, պատկանում է վարչապետ Փաշինյանի ընտանիքին։

Ստացվում է՝ վարչապետ Փաշինյանի նշած «մամուլը», որի վրա նա հիմնվում է խորհրդարանում հնչեցրած իր մեղադրանքներում, վերաբերում է իր ընտանիքին, իր կուսակցությանը կամ իր համակիրներին պատկանող իշխանամերձ լրատվական կայքերին։

Հայկ Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031