Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ թեզ են շահարկում, թե իբր իմ զոքանչը ձերբակալվել է Վարդանիկին սատարելու համար, այդպես չէ»․ Կարեն Սարուխանյան

Հոկտեմբեր 24,2025 17:51

Տեղեկացրել ենք, որ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի երեք կին աշխատակիցների են ձերբակալել, որոնք կասկածվում են այն բանի համար, որ կատարելով պաշտոնատար անձանց ցուցումները՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են սաներին տուն ուղարկել ու գալ քաղաքապետարան՝ չթույլատրելով ձերբակալել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանցից մեկը Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչն է՝ Վարդուհի Փիլոյանը։

Պատգամավորն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկատվությունը, թե իր զոքանչը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին սատարելու համար։ Պատգամավորը հայտարարեց, որ իր զոքանչը իր քաղաքական հայացքների համակիրն է։

«Թեզն են շահարկում, որ իմ զոքանչը ձերբակալվել է Վարդանիկին աջակցելու համար, բայց այդպես չէ․ իմ զոքանչը քաղաքական առումով և գաղափարական առումով առաջինը իմ աջակիցն է, մեր քաղաքական թիմի աջակիցն է։

Դա մեկ, և հետո՝ նա երկար տարիներ՝ մինչև Վարդանիկի՝ համայնքի ղեկավար դառնալը, աշխատում է որպես առաջատար մասնագետ։ Որքան գիտեմ՝ ամենացածր պաշտոնն է համայնքային ծառայության, որոշում կայացնող պաշտոն չէ դա։ Գործառույթը հիմնական հանձնարարություններ կատարելն է և այդ օրվա իրավիճակում էլ, որքան տեղեկացված եմ, հիմա ընթանում են իրավական գործընթացներ, մնացածը թող իրավապահները պարզեն։

Այն, որ Վարդանիկը կոչ էր անում լցվել իր կողքը, այդ ժամանակ նաև որոշ աշխատակիցների որոշ պաշտոնյաներ՝ վերադաս պաշտոններից, ստիպել են, որպեսզի զանգեր կատարեն, մարդկանց փորձեն կանչել։

Ամենայն հավանականությամբ այդ կինն այդ պահին վախեցած, մնացածը իրավապահները կպարզեն, այդ ազդեցության տակ՝ ինչ-որ գործառույթներ է իրականացրել։ Մնացած մանրամասներից տեղյակ չեմ, հիմա փորձում են շահարկել, թե իմ զոքանչը քաղաքական հակառակ գաղափարներ ունի, սատարել է Վարդան Ղուկասյանին։

Իմ զոքանչն այնտեղ աշխատել է մինչև Վարդան Ղուկասյանը, մինչև Վարդգես Սամսոնյանն էլ, մինչև մեր՝«Քաղաքացիական պայմանագրի» և «Բալասանյան դաշինքի»  հետ հուշագիրն էլ, այսինքն՝ համայնքային ծառայող է, առաջատար մասնագետ է և զուտ իր ոլորտային, մասնագիտական գործառույթներն է իրականացրել»։

Պատգամավորն ասաց, որ միայն իր զոքանչը չէ ձերբակալված, այլ կրթության բաժնի այն բոլոր աշխատակիցները, որոնք այդ օրն աշխատանքի մեջ են եղել։

Նա ասաց, որ մնացած մանրամասներից տեղյակ չէ, իրավապահների հարթությունում է։

«Վստահում եմ մեր իրավական համակարգին, վստահ եմ, որ ճիշտ որոշումներ կկայացնեն»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Մեր հարցին՝ ձեր կողմից միջամտություն չի՞ լինի ազատ արձակել զոքանչին, պատգամավորը պատասխանեց․  «Չի կարող իմ կողմից միջամտություն լինել, բացառվում է դա։ Սա նաև ապացույցն է այն շահարկումների, որ անում են՝ քաղաքական ձերբակալություններ և այլն, և այլն։

Եթե մենք լինեինք այն իշխանությունը, որ քաղաքական պատվերներ աներ և այլն, հաստատ իմ զոքանչը չէր հայտնի այդ կարգավիճակում։ Ինչպես իմ զոքանչը, այնպես էր բոլորն օրենքի առաջ հավասար են, և ով ուզում է լինի, եթե օրենքի խախտում է տեղի ունեցել, պետք է պատասխանատվության ենթարկվի»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե Վարդան Ղուկասյանը համայնքապետ ընտրվելուց հետո ի՞նչ վերաբերմունք է ցուցաբերել Վարդուհի Փիլոյանին, երբ իմացել է, որ Կարեն Սարուխանյանի զոքանչն է՝ որևէ ձևով ակնարկե՞լ է, հետևից փորձե՞լ է ընկնել։

«Նախ իմ զոքանչը համայնքային ծառայող է, համայնքային ծառայողները և քաղծառայողները օրենքով պաշտպանված են, և գործառութային թերացումներ պետք է լինեն, որպեսզի ինչ-որ պրոբլեմ լինի։

Ինչքան գիտեմ, նա իմացել է, որ իմ զոքանչն է, պատկերացրեք բարձր  պաշտոն չի զբաղեցնում, առաջատար մասնագետ է ընդամենը, այսինքն  փաստաթղթաշրջանառություն իրականացնող աշխատանք է դա։

Իմացել է, բայց, ինչքան գիտեմ, զուտ աշխատանքային հարաբերություններ են եղել, այսինքն՝  պարտադրանք, որ գնա, չի եղել։ Ամենայն հավանականությամբ գիտակցել են, որ օրենքով պաշտպանված են։

Ես նման բան չեմ իմացել, կարող է և եղել է, ինձ չեն ասել», -ասաց պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031