Այսօր Հայաստանի պետական գեղարվեստական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ցուցասրահում բացվեց ՀՀ Անկախության լուրը հայ ժողովրդին ավետած քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի «Անկախության գույնը» խորագրով անհատական ցուցահանդեսը, որին մասնակցելու էին եկել Անկախության հռչակագիրն ընդունած Գերագույն խորհրդի պատգամավորներ, նախկին պաշտոնյաներ, արվեստագետներ, ուսանողներ։
Ներկա էր նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին, երկարամյա նախագահ Էդուարդ Մանուկյանը։
«Մեզ անկախ հռչակողը» անվամբ հայտնի քաղաքական գործիչը, որն անչափ հուզված էր, մեկնաբանեց, թե ինչու է Անկախության հռչակագրի 35-ամյակի առիթով հանրայնացնում տարիներ առաջ արած իր նկարները։ Ըստ նրա, երբեք ցուցադրվելու ցանկություն չի ունեցել, նկարել է իր համար, իր հոգու համար։
Կարդացեք նաև
Այսօր ցուցադրված էին 35 նկարներ, ցուցասրահի մուտքի մոտ կախված էր Անկախության հռչակագիրը, իսկ երկու կողմերում՝ «Անկախություն» և «Ազատության գույները» խորագրերով նկարները։
«Նկարչությունն ինձ ուղղակի փրկում է․ լինել քաղաքականության մեջ և չչարանալ, շատ դժվար է։ Քաղաքականության մեջ ատելությունը, սև-սպիտակը, սթրեսը շատ-շատ է, և նկարչությունն ինձ այս ամբողջ ընթացքում պատ է ստեղծել այդ չարության դաշտ չանցնելու համար։
Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ ատելն ամեն մարդու բան չէ, ատողն ինքն իրեն է վնասում, և եթե ուզում ես մաքուր մնաս, անարատ մնաս, բարոյական մնաս, պետք է արվեստի աշխարհում շնչես էդ մաքուր օդը, որը մաքրում է։ Ամեն հարսանիքից հետո ռաբիս երաժշտությունից հետո ես գնում եմ տուն, դասական երաժշտություն եմ լսում, որ ականջներս մաքրվեն։
Ամեն քաղաքական ելույթից հետո փորձել եմ նկարել, որ մաքուր լինեմ։ Երկու նկարները՝ «Անկախության գույները» և «Ազատություն», նկարել եմ ամենաթունավոր, ամենազայրացած ելույթներից հետո, որ մաղձը միջիցս դուրս գա»-, ասաց Արամ Մանուկյանը։
Նա նշեց, որ «Անկախության գույները» նկարելիս՝ սպիտակ ներկ չուներ, ատամի մածուկ է օգտագործել, կորոնավիրուսի ժամանակ էլ կտավ չունենալու պատճառով մի կողմը նկարել է, հետո շրջել՝ մյուս կողմը նկարել (Տես տեսանյութում)։
Անկախության գույներից, դաշտային ծաղիկներից բացի նկարներում ցուցադրված էին Վենետիկը և Երուսաղեմը։ Բանախոսը բացատրեց, որ այդ երկու քաղաքները հայկական բազմահազարամյա մշակույթի ամբարներ են, լույսի աղբյուրներ են․ այս երկու վայրերում Մատենադարանից հետո հավաքված են հայության մշակութային ժառանգության ամենամեծ հավաքածուները՝ 4 հազար ձեռագիր ունենք Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, մոտավորապես այդքան էլ կա Երուսաղեմում։
Նա հիշեց, թե ինչպես 35 տարի առաջ Անկախության հանրաքվե անցկացնելիս՝ ամբողջ հայ ժողովուրդը՝ ավելի քան 2 միլիոն մարդ՝ կամովին, գիտակցաբար, սիրով, մատաղ անելով, քեֆ-ուրախությամբ կողմ քվեարկեց։
«Ցուցահանդեսի իմաստը և շարունակությունը նույնպես, որը լինելու է տարբեր տեղերում, ունի հետևյալ մեսիջը․ մեր Անկախության հռչակագիրը պաշտպանության կարիք ունի, մեր Անկախության հռչակագիրն այսօր հարձակումների է ենթարկվում, և եթե հանկարծ դա լինի, դա լրջագույն հարված է մեր հավաքական արժանապատվությանը։
Ուղերձս ձեզ՝ պետք է պահենք Անկախության հռչակագիրը, այն չպետք է դուրս գա Սահմանադրությունից, այլ պետք է լինի մշտական, պետք է լինի հավերժ, այն Հայաստանի Հանրապետության ծննդյան փաստաթուղթն է, և ոչ մեկը երբևէ չպետք է համարձակություն ունենա կամ հնարավորություն ունենա Հռչակագիրը մեր պատմությունից հանելու, ստվերելու, կրճատելու, խեղճացնելու։
Ուստի այս միջոցառման կարևորագույն մեսիջը դա է․ Հայաստանի քաղաքացիները պետք է տեր կանգնեն Հայաստանի անկախության հռչակագրին։ Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է նաև դրան, այսինքն՝ սա միայն ցուցադրություն չէ, խնդրանք է, հորդոր է, եթե կուզեք իմանալ՝ պահանջ է՝ տեր կանգնել մեր երկրի անկախությանը և նրա հիմնարար փաստաթղթին՝ Անկախության հռչակագրին», -ասաց Արամ Մանուկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




































































