Քիչ առաջ ՀՀ ԱԺ-ն ժամը 21։30-ից շարունակվող արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների՝ 60 «կողմ», 1 «դեմ» հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախագծի փաթեթը։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 10-օրյա ժամկետում օրենքի հաստատումից հետո հայտարարագրման հետ կապված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 1-ից։
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս մեկ անգամ ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսված․ «Այս փոփոխությունները նշանակում են, որ մեր քաղաքացիները, եթե չունեն եկամուտներ, որոնք ՊԵԿ-ի համար տեսանելի չեն, վստահ են, որ միայն աշխատավարձ ու կենսաթոշակ են ստանում, կարող են չմտնել ու չլրացնել հայտարարագիր․ այն կհամարվի լրացված ու հանձնված այն տեղեկությունների հիման վրա, որոնք տեսանելի են ՊԵԿ-ին։ Ըստ այդմ՝ պատասխանատվությունը կվերանա հայտարարագիր լրացնելու համար»։
Նաև շեշտեց՝ եթե անձն ունի հարկման ենթակա եկամուտ, որը պետությունից թաքցրել և ցույց չի տվել թե′ հայտարարագրի միջոցով, թե′ եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու միջոցով, այդ պատճառով որևէ մեկը չի վերացնում պատասխանատվությունը։
Նաև հայտնեց․ «Սոցիալական կրեդիտներից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք մուտք են գործել համակարգ և թեկուզ առանց որևէ փոփոխության հաստատել են այն»։
Կարդացեք նաև
Ընտանիքի անդամների միջև կատարվող փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Բաբկեն Թունյանն ասաց նաև, որ կառավարությանն իրավունք են վերապահում նաև այլ եկամուտների տեսակներ սահմանել, որոնք հայտարարագրման ենթակա չեն լինի, և դրանց թվում կլինի քաղաքացիների վերցված վարկերն ու փոխառությունները․ «Սահմանում ենք, որ քաղաքացիների համաձայնության դեպքում, եթե այդ իրավունքը տալիս է ՊԵԿ-ին, բանկային ավանդներից ստացված եկամուտներն ինքնաշխատ եղանակով կլրացվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































