Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին հարկավոր է թասիբի գցել, նամուսի բերել, որ կործանվողի վերջին բնազդով ոտքի ելնի․ օր-օրի գահավիժում ենք»․ Արամ Մանուկյան

Հոկտեմբեր 24,2025 23:33

Այսօր Գյումրիում անկախության լուրը հայ ժողովրդին ավետած քաղաքական գործիչ, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն իր «Անկախության գույնը» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց, որ վաղուց էր նկարում, բայց երբևէ իր մտքով չէր անցնի, որ անկախության դեմ արշավանք կսկսվի։ Ըստ նրա, երբեք չէր եղել անկախությունը պաշտպանելու առիթ։

«Ով կմտածեր, որ 35 տարի անց անկախությունից հանկարծ գան մարդիկ, որոնք ձեռնոց են նետում անկախությանը, քո սկզբին, քո պատմությանը, քո ինքնությանը։ Եվ մի քիչ մշակույթն ու քաղաքականությունը խաչվեցին, ես հայտնվեցի կենտրոնում, և ցուցահանդեսը ես անվանում եմ քաղաքականության և մշակույթի խաչմերուկ»։

Նա ասաց՝ Անկախության հռչակագրի տեքստը կարդալուց առաջ երդվել է, որ տեր է կանգնելու անկախության հռչակագրին, ամեն ինչ անելու է՝ այն կյանքի կոչելու, պաշտպանելու համար, սակայն 35 տարի անց վտանգ է զգում՝ տեսնելով անբացատրելի, տարօրինակ հարձակումները։

«Քաղաքականությունից մաքրվելու համար գալիս էի արվեստ, իսկ հիմա արվեստից ստիպված նորից գնում եմ քաղաքականություն՝զայրանալու, մի քիչ ըմբոստանալու, բողոքելու, թե ովքեր եք դուք, ի՞նչ եք ներկայացնում ձեզանից, որ հայ ժողովրդի պատմական ինքնության դեմ ելնեք՝ եկեղեցու, մշակույթի, կրթության, պատմության դեմ, բոլոր-բոլոր արժեքների դեմ»։

Մեր հարցին՝ ի՞նչ պիտի անել անկախության գույները պահպանելու համար, պառակտված հասարակությամբ հնարավո՞ր է պաշտպանել Անկախությունը, Անկախության հռչակագիրը, Արամ Մանուկյան այսպես արձագանքեց․ «Դուք ճիշտ, թիրախային հարց եք տալիս, այն ֆոնը, որը պիտի ապահովեր անկախությունը, հանգած է, մի տեսակ մաշված է, փուշը կոտրված է, և դա նպատակային է արվել, հենց ստեղծել այնպիսի հասարակություն, որ չըմբոստանա, մտավորական, որն իր նկարից ու դաշնամուրից հեռու չգնա, գիտնական, որը զբաղվում է միայն իր ոլորտով, բայց քաղաքացին չկա։

Մշակույթը կա, գիտնականը կա, քաղաքացին էդ մարդկանց մոտ հանգել է, մարել է։ Եվ եթե հանկարծ էսպես գնա, դժվար կլինի և՛ անկախություն պահել, և՛ հռչակագիր պահել և՛ երկրի ինքնիշխանությունը պահել։

Ժողովրդին հարկավոր է թասիբի գցել, նամուսի բերել, ասել, որ եթե հանկարծ պետությունը կորցրեցինք, ինքնիշխանությունն ենք կորցնելու, ձեր երեխայի ապագան, ձեր բարեկեցությունը, ձեր հանգիստ կյանքը և երկար ճանապարհ եք բռնելու դեպի ռուսաստաններն ու ամերիկաներ։

Ես դեռ կարծում եմ, որ մինչև 2016 թվի ընտրությունները դեռ ժամանակ կա, և քաղաքական ուժերը, առավել ևս քաղաքական ուժերը, մտավորականները պետք է փեշերը թափ տան, քարը թափեն, դուրս գան իրենց շքամուտքից, խցից, լաբորատորիայից և իջնեն հասարակություն, դառնան քաղաքացի, որ քաղաքացին հետևի իրենց։ Վերջին հաշվով էլիտաներն են քաղաքացիներին առաջնորդում, և եթե հանկարծ էդ քաղաքական ուժերը, մտավորականները չհասկանան էս վտանգը, իսկ էսպիսի վտանգ կա, ապա մենք պատմական կորուստներ կունենանք։

Էս տեմպով, էս արագությամբ մենք գնում ենք դեպի ոչինչ, մենք գնում ենք կորուստների ճանապարհով, գահավիժում ենք՝ օրի-օրի, ամենօրյա ռեժիմով մենք սթրես ենք ապրում, կորցնում ենք պետականությունը, օր օրի մենք մտնում ենք Ադրբեջանի թելադրանքի տակ, Հայաստանը օրակարգ չի թելադրում, Ադրբեջանն է օրակարգ թելադրում, և մեր իշխանություններն ուղղակի կցորդ են։

Եվ եթե հանկարծ էդ ըմբոստությունը չլինի այս ամենը հետ շրջելու, ես վատ գույներ եմ տեսնում, կլինի մեկ գույն։

Հույս ունեմ, որ վերջին խելքով, բնազդով, անգամ կործանվողի վերջին բնազդով ժողովուրդը ոտքի կելնի, ոչ թե իշխանության խնդիր է,ոչ թե ընտրության խնդիր է, անգամ էսօր եկեղեցու չէ, Էջմիածնի խնդիր չէ, սրանք լուրջ, անշրջելի կորուստներ են, որ կարող են մեր գլխին թափվել արհավիրք լինեն։ Այս արհավիրք բոթը, վտանգը պետք է զգալ»։

Նա նշեց, որ Անկախության հռչակագիրը հանելը թուրքական և ադրբեջանական պատվեր է։

Ըստ Արամ Մանուկյանի, ընդդիմադիրներին ոչնչացնելը, եկեղեցու դեմ հարձակումը պատվեր է, որն իրականացվում է նախկին Սովետական երկրներում, Մոլդովայում, Ուկրաինայում։ Իսկ եկեղեցիները լուրջ գործոն են, քաղաքական գործոն են, Հայ Առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի ամենամեծ լոբբիստական կառույցներից մեկը, որից շատ են վախենում ադրբեջանցիները։ Իսկ մեր իշխանությունը ոչնչացնում է այցեքարտերը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031