Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռը ուժով գրավելու եւ Վեհափառ Հայրապետին ուժով կարգալույծ անելու նիկոլական պլանները կարծես հետաձգվում են»

Հոկտեմբեր 25,2025 13:30

«Ղազախական ցորենի շուրջ երկկողմ քարոզչությունը չափազանց աղմկոտ է, մինչդեռ դա ոչ այդ կանալի վստահելության մասին է խոսում, ոչ էլ դա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի տարածքով ապրանք է տեղափոխվում Հայաստան». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

-Իմպիչմե՞նթ, հերթակա՞ն, թե արտահերթ ընտրություններ. որ ճանապարհով գնալ եւ ինչո՞ւ։

-Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլն ինքն է ուզում գնալ արտահերթ ընտրությունների։ Դրանով նա կքանդի հերթական ընտրությունների գնացող ընդդիմադիր ուժերի մշակած երկարաժամկետ պլանները, իսկ մյուս կողմից ակնհայտ է, որ ընդդիմադիրները «պլան Բ»՝ արագ ու արտակարգ գործողությունների համար մշակած ծրագիր չունեն։

Նիկոլը արտակարգ իրավիճակներում գործելու վարպետ է, նա միշտ հաղթել է միայն արտահերթ ընտրություններով։ Հիմա երկրում սկսված քաոսը դժվար կլինի կառավարել առանց նոր արագ մանդատի։ Երկրում տիրում է քաղաքական տեռորը, իսկ տեռորի այդ մակարդակը դժվար կլինի պահպանել եւս 8-9 ամիս։ Եթե անցնի եւս մի քանի շաբաթ, ապա հայ ժողովուրդը, որը վերջին տարիներին բազմաթիվ փորձանքներ է տեսել, կսովորի նաեւ այս մեկին, եւ տեռորն այլեւս չի լինի նախընտրական շրջանի համար անհրաժեշտ վախի մթնոլորտն ապահովող։

Այնպես որ, կամ տեռորի շարունակականության համար Նիկոլը պետք է գտնի եւս մի քանի «ազգի թշնամի» ու ձերբակալի եւս մի քանի հարյուրին, կամ օգտվի իր ստեղծած վախի մթնոլորտից ու դրանից արագ դիվիդենդներ քաղի՝ նորացված «լեգիտիմության» ու նոր իշխանական մանդատի տեսքով։

Ինչեւէ, ես կարծում եմ, որ հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլի շանսերը շատ բարձր են, քանի որ նրա տրամադրության տակ է կիսաօրինական (ինչպես, օրինակ, բանակում ծառայության ժամկետը կրճատելու, որոշ տուգանքներ ու վարկային մուծումներ հետաձգելու, ասֆալտ փռելու, ու շատ-շատ նման գործիքների տեսքով) ու անօրինական (կանխիկ փողով ու օնլայն վճարումներով) ընտրակաշառքների ողջ զինանոցը։ Սրան գումարեք բարձր վարձատրությամբ կատաղի ոստիկանությունը, ենիչերիների սկզբունքով հավաքված պարեկներին, իրավապահ համակարգը, որը Նիկոլի օրոք դարձել է պատժիչ համակարգ։ Սրան գումարեք վարչական ռեսուրսը, օլիգարխների բանդաները ու թաղի խուժանին։ Սրան գումարեք Հ1-ի Պետրոսին ու ֆեյքերի ֆաբրիկաներին։ Սրան գումարեք ընտրատեղամասերում կատարվող լցոնումները եւ ԿԸՀ-ի հավելագրումները… Դժվար է անգամ թվարկել այն բոլոր մեխանիզմները, որին ունակ է ոչ բարոյականությամբ, ոչ էլ օրենքով չսահմանափակվող ՔՊ-ական երեւակայությունը։ Այս ամենին ընդդիմությունն ուզում է հակադրել Նիկոլի հանդեպ համաժողովրդական ատելությունը. շատ դժվար խնդիր է։

Բայց, կրկնեմ, վերը նկարագրածը հնարավոր է այն դեպքում, երբ ընտրությունների (լինի արտահերթ, թե հերթական) ժամանակ իշխանությանը տիրապետի Նիկոլը։ Իմպիչմենթի դեպքում Նիկոլը զրկվում է այս բոլոր գործիքներից եւ ակնհայտորեն պարտված է։ Իհարկե, իմպիչմենթի հասնելն էլ դյուրին գործ չէ, բայց ավելի հեշտ է, քան ընտրություններում հաղթելը։

-Յոթ տարի ընդդիմադիր քաղաքական ուժերն ունեն մեկ թիրախ՝ Նիկոլ Փաշինյան եւ «Քաղաքացիական պայմանագիր», բայց անկյունաքարային բանավեճը դեռ ընդդիմության ներսում է, պայքարը՝ նույնպես։ Ինչո՞ւ հերթական ճգնաժամային իրավիճակում ընդդիմության երկխոսությունը չի ստացվում։ Հերթական կամ արտահերթ ընտրություններում ինչպե՞ս պետք է այս կերպ պայքարեն իշխող ուժի դեմ։

-Այո, ընդդիմադիրներն ունեն մի թիրախ, բայց տարբեր նպատակներ. եթե ոմանք առաջնահերթ են համարում Նիկոլից ազատվելը, մյուսների համար կարեւորը իշխանության գալն է, կամ առնվազն՝ ԱԺ-ում կամ իշխանության այլ օղակներում աթոռներ ստանալը։ Այս հիմնական երկիմաստությունն է, որ Նիկոլին պահում է իշխանության գլուխ, եւ պետք է խոստովանել, որ նա վարպետորեն մանիպուլացնում է ընդդիմադիր ուժերի միջեւ տարաձայնությունները։

Իմպիչմենթի դեպքում այս խնդիրն ավելի հեշտ կլուծվի, քանի որ իմպիչմենթի գնալիս ընդդիմադիրներն արդեն կունան որոշակի ներքին պայմանավորվածություններ եւ դերաբաշխում, իսկ ընտրությունների դեպքում միայն ենթադրական մեխանիզմներ են հնարավոր՝ Հայրենիքի հանդեպ պատասխանատվություն, անվիճարկելի լիդերի առկայություն, եւ այլն։

-Մյուս կողմից՝ իշխանություններն էլ շատ հանգիստ չեն, թեեւ ղազախական ցորենն արդեն Ադրբեջանով անարգել գալիս է Հայաստան, ժամկետային զինծառայությունը մեկ լայվով դառնում է 1,5 տարի, բայց ջղաձգումներն ակնհայտ են։ Այդ դաշտում ի՞նչ է կատարվում։

-Այդ ղազախական ցորենի շուրջ երկկողմ քարոզչությունը չափազանց աղմկոտ է, մինչդեռ դա ոչ այդ կանալի վստահելության մասին է խոսում, ոչ էլ դա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանի տարածքով ապրանք է տեղափոխվում Հայաստան։ Հիշենք, որ մի քանի շաբաթ առաջ Նիկոլին տեղափոխող ինքնաթիռն էլ է թռել Ադրբեջանի տարածքով։ Իսկ ժամկետային ծառայության կրճատումը Ալիեւի ցանկություններին հագուրդ տալով՝ պարզ նախընտրական կաշառք է։

Իրականում Հայաստանի անվտանգային իրավիճակը դարձել է ծայրահեղ խոցելի։ Ոչ «Խաղաղության համաձայնագիր» կոչվող անհեթեթությունը (որի ստորագրումը Ալիեւն անընդհատ ձգձգում է), ոչ էլ TRIPP կոչվածը չեն կարող որեւէ անվտանգության երաշխիք տալ Հայաստանին։ Անվտանգությունն ապահովվում է ուժերի բալանսի միջոցով, որը 30 տարի շարունակ մեծ դժվարությամբ, բայց՝ հմտութամբ կառուցել էր Հայաստանը, եւ որը մի շարժումով փոշիացրեց Նիկոլը։ Այժմ Հայաստանը դարձել է ծայրահեղ անպաշտպան, բայց Ալիեւը դեռեւս չի գնում հետագա տարածքային էքսպանսիայի, քանի որ սպասում է, որ Հայստանն ավելի թուլանա եւ գրավի տարածքները ավելի քիչ զոհերով։ Իհարկե, Հայոց Բանակի կրճատումն այս ուղղությամբ կարեւոր քայլերից է Ալիեւի համար։

-Կիրակի օրը կարգալույծ եղած քահանան պատարագ է անելու, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, անգամ պատրաստ է նրա ձեռքից հաղորդություն ընդունել։ Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ պետության հաշվեկշռում եղած եւ Մայր Աթոռին փոխանցված եկեղեցիները ետ են վերցնելու։ Այս պատերազմը մտնում է վերջնական փուլ. ի՞նչ սպասել։

-Կարծես թե Մայր Աթոռը ուժով գրավելու եւ Վեհափառ Հայրապետին ուժով կարգալույծ անելու նիկոլական պլանները հետաձգվում են։ Խնդիրը նրանում է, որ կարգալույծ անելու մեխանիզմներ չկան, անգամ բարձր եկեղեցական ժողովը, որն ընտրում է կաթողիկոսին, ունի միայն ընտրելու, բայց ոչ կարգալույծ անելու իրավասություն։ Նիկոլը չի խորշի անգամ Վեհափառ Հայրապետին ձերբակալելուց, բայց անգամ բանտում է նա մնում Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարը։

Հիմա Նիկոլը գնում է սխիզմի՝ եկեղեցին պառակտելու ճանապարհով, եւ կարծես թե այդ ուղու վրա նա փորձում է անգամ խաղացնել անթիլիասական աթոռը, հայ կաթոլիկներին, ու բնականաբար՝ տարբեր աղանդների։ Նիկոլի զոմբիների համար կարեւոր չէ, որ նրա կողմից սարքվող եկեղեցին անօրինական է, այնտեղ քսվող մեռոնը օրհնված չէ, այլ պարզապես օծանելիք է։ Այս զոմբիների ու դավաճան եւ կարգալույծ տերտերների միջոցով Նիկոլը ստեղծելու է իր եկեղեցին։

Հայ Առաքելական Եկեղեցին դեռեւս հույսը դնում է մեր ժողովրդի միակամության վրա։ Իհարկե, նա ճիշտ է, բայց կարելի էր գնալ նաեւ պրոակտիվ քայլերի՝ բանադրելու, Նիկոլին եկեղեցուց հեռացնելու, նզովելու այն ԱԱԾ-ականներին ու դատավորներին, որոնք գնում են աստվածանարգ քայլերի։ Թվում է, թե բարոյականության բոլոր նորմերը խախտած այս մարդկանց համար նզովքը կարող է պարզապես օդի տատանում թվալ, բայց երբ բացատրեն դրա հետեւանքները, այն կարող է լուրջ ազդեցություն ունենալ։ Օրինակ, երբ պարզ դառնա, որ ինչ-որ մեկին դիմելու պաշտոնական ձեւը դառնում է ոչ թե «հարգելի տիկին դատավոր», այլ «անիծյալ Մելիքսեթյան», կամ որ դրանք բոլորը զրկվելու են գերեզման ունենալու իրավունքից, դա, թերեւս կարող է որոշ մարդկանց ստիպել՝ մտածել իրենց գործողությունների մասին։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031