Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե սա պետք է լիներ հազարամյակների ճանապարհ անցած հայ ժողովրդի գոյության հետագա իմաստը

Հոկտեմբեր 25,2025 12:30

Հայ մարդը եւս հիմնականում հոգեւոր Էակ է, ֆիզիկականն ընդամենը նրա գոյատեւման խնդիրը պետք է լինի, որն էլ պարզորոշ խոսում է այն մասին, որ նյութականի պահանջը զուտ գոյատեւման համար է

Մարդկային կյանքի ողջ ընթացքում չափազանց կարեւոր կլինի, թե մարդիկ որքանով կծառայեն եւ երախտապարտ կլինեն Տիրոջը: Որպեսզի նրանք ընթանան ճիշտ ուղով, ապա պետք է ծառայեն ու խոնարհվեն Տիրոջը եւ մշտապես նրա հետ գտնվեն հավատարմության հարմոնիայի մեջ՝ երբեք չմոռանալով ու չլքելով նրան:

Կյանքում ճիշտ ապրելու մեկ բանաձեւ գոյություն ունի. պետք է առաջնորդվել Տիրոջ պատվիրաններով եւ նեղության ժամանակ ճշգրիտ առաջնորդվել նրա խորհուրդներով՝ մշտապես խոնարհվելով նրան: Առանց դրա, գիտակցական կյանքում ոչ ոք չի կարող չնչին հաջողության հասնել ու իմաստավորել կյանքը: Եթե անգամ հանգամանքների բերումով, որեւէ մեկը հասնում է ֆինանսական մեծ հաջողությունների, ապա միեւնույն է, նրա հոգին կլցվի դատարկությամբ եւ կշարունակի հենց այդ կերպ էլ ապրել: Մարդկային կյանքում նյութականն ընդամենը գոյատեւելու միջոց է, որը որեւէ կերպ կապ չունի հոգու անսահմանության հետ, որի թրթիռները զուտ հոգեւոր են, իսկ ֆիզիկականը կարծես բացակայում է: Եթե մարդուն ամեն օր տրվի այն ամենաճոխը, որը նա է ցանկանում եւ ինքը դա չհամեմի Տիրոջ գծած հետագծով, որը միանշանակ պետք է դառնա նաեւ իր ցանկությունների ու նպատակի դաշտը, ապա այդ ամենը  կդառնա զուտ դատարկություն եւ ժամանակի անիմաստ կորուստ:

Ի վերջո, հայի համար այսօր ո՞րն է կյանքի իսկական իմաստը. այն Տիրոջ կողմից  նրան տրված ապրելու ժամանակահատվածի իմաստալից  օգտագործումն է, որն ամեն վայրկյան պետք է կապված լինի հայրենիքի փրկության՝ պաշտպանության հետ՝ Տիրոջ կողմից պարգեւած հրաշքների միաձուլման գործադրմամբ: Միեւնույն է, կյանքի տեւողությունը ժամանակի անվերջ առանցքի վրա մի ակնթարթի չափ է եւ իմաստալից է անգամ, որ այն իր մեծությամբ լինի թեկուզ ամենամինիմալի չափով, սակայն այն համադրելի լինի հայրենիքի անվտանգության ապահովմանը՝ միմիայն Տիրոջ պատվիրանների համեմամբ, որպեսզի դա իսկապես կոչվի իրական ու ճշմարիտ կյանք:

Մարդիկ բոլորը տարբերվում են իրարից, հետեւաբար նրանց ապրելիք կյանքը եւս տարբեր է իրարից, բայց նրանց ամբողջությունը կոչվում է ժողովուրդ, որի թիվ մեկ առաքելությունը պետք է լինի հայրենիքի անվտանգության ու ապահովության ապահովումը: Մարդկանց մի մասն ապրում է հոգեւոր կյանքով, մյուս մասը՝ ֆիզիկականով՝ նյութով, իսկ երրորդ մասը՝ առանց խորը վերլուծությունների՝ ինքնանպատակ, այլ խոսքով՝ ինչ ուզում է լինի, նրանց համար միեւնույն է :

Չափազանց կարեւոր է, թե ո՞րն է ժողովուրդների ապրելու իրական իմաստը: Մասնավորապես, կուզենայի հատկապես խոսել հայ ժողովրդի հետագա գոյության իմաստի մասին: Ինձ միշտ թվացել է, որ հայ ժողովուրդը համարյա մշտապես անցած լինելով կյանքի դաժան խորխորատներով, հատկապես անցնելով Հայոց մեծ եղեռնի դաժան արհավիրքի միջով, գոնե ճակատագրական պահերին պետք է դաս առներ այդ ողբերգություններից, մի հավաքական ուժ դառնար եւ փորձեր բռունցքված՝ մի ամբողջություն դարձած, պաշտպանել իրեն հետապնդող վտանգավոր մարտահրավերներից ու գոնե տեր կանգնել հազարամյակներ փայփայած իր պետականության երազանքին, հայրենիքին, պետությանն ու ժողովրդին, սակայն ի զարմանս՝ բոլոր նամուսով, թասիբով նորմալ հայերի, նույնիսկ 44-օրյա պատերազմի կապիտուլյացիայից, տասնյակ հազարավոր հայ երիտասարդների զոհվելուց, անհետ կորածների, վիրավորների, Ադրբեջանի բանտերում հայտնվելուց, Արցախի եւ սուվերեն Հայաստանի 240 եւ ավելի քառ.կմ-ից ավելի տարածքների կորստից հետո: Հայ ժողովուրդը կարծես խորը քնի մեջ լինի ու անգամ այսպիսի դաժան ողբերգության պայմաններում, կարծես հանգիստ վայելում է տարիների ընթացքում կուտակած թալանը՝ իր երջանկությունը կապելով զուտ նյութի հետ, մոռանալով իր սրբությունների, պատվի ու այլ շատ արժեքների մասին, չափազանց հեշտ հարմարվելով թուրքերի եւ ադրբեջանցիների վայրագությունների հետ ու ստրուկի նման տանելով նրանց դաժան ստորացումները: Կարծես, րոպե-րոպե սպասում է այն օրվան, թե նրանք ե՞րբ կգրավեն ամբողջական Հայաստանն՝ իր եղած-չեղածով, իսկ հայ ժողովրդի մի ստվար հատվածն էլ անմիջապես կփորձի արդարանալ, որ իրենք չէին էլ պատկերացնում, որ նման բան կարող էր լինել:

Փաստացի, Հայաստանն այսօր հայտնվել է մի իրավիճակում, որ իշխանությունների, ընդդիմության եւ ժողովրդի նման պահելաձեւի պայմաններում Հայաստանին քայլ-քայլ տանում են կործանման եւ դրա դեմն առնելու համար ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվում ու կարծես բոլորը խորը քնի մեջ են եւ աստիճանաբար ընտելանում են Հայաստանի խարխլմանն ու նրա աստիճանական կործանմանը, որը ափսոսանք ու ցավ չի ծնում մարդկանց մեջ: Որեւէ մեկը պատասխանատվություն չի կրում պետականության, պետության ու հայրենիքի կորստյան համար:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031