Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ թեմա է, որ քո ձենը դրո՞ւկ են»

Հոկտեմբեր 25,2025 13:00

«Պատիվ ունեմ» կուսակցության պատգամավորության թեկնածուին գաղտնալսել էին

Այս քրեական գործով պաշտպանական կողմը ուշադրություն էր հրավիրել վեց հատորանոց գործում «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությանը, որը ներկայացվել է դեռեւս այն ժամանակ, երբ դեռ հարուցված չի եղել քրեական գործ` 2021 թ. հունիսի 9-ին: Քրեական գործ հարուցվել է 2021 թ. հունիսի 26 -ին, այդ պահից սկսած վարույթն իրականացնող մարմինը հանդիսացել է քննիչը, բայց նախաքննության փուլում գտնվող քրեական գործով հետաքննության մարմնի կողմից իրականացվել է ՕՀՄ, այնինչ քրեական գործի նյութերում բացակայում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` դատախազի ցուցումը կամ ՀՀ քր. դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետով նախատեսված քննիչի հանձնարարությունը ՕՀՄ իրականացնելու վերաբերյալ:

2021թ. հոկտեմբերի 21-ին մեղադրանք առաջադրվեց 2021 թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու, Վայոց ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Գարիկ Ադամյանին, նրա նկատմամբ խափանման միջոց ընտվեց չհեռանալու մասին ստորագրությունը:

Նույն տարվա նոյեմբերի 2-ին նա ձերբակալվեց:

Արարատի եւ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա խափանման միջոցը փոխարինվեց 2 միլիոն դրամի չափով գրավով: Սակայն գործը հետագայում ուղարկվեց Հայաստանի հակակոռուպցիոն դատարան (դատավոր՝ Ս.Խաչատրյան):

Ըստ քրեական գործում առկա մեղադրական եզրակացության, Ադամյանը ընդգրկված լինելով դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակի 226-րդ համարում, 2021 թ. հունիսին իրենց ընտանիքի մտերիմ Ա. Վարդանյանին եւ նրա ընտանիքի անդամներին առձեռն տվել է 20.000 ՀՀ դրամ կաշառք։

Գարիկ Ադամյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մեղադրանքի հիմքում ընկած գումարը կաշառքի գումար չի եղել, այլ հարեւաններին պարտքով է տվել։

Ընտրությունների վերաբերյալ վստահ է եղել, որ Ա.Վարդանյանն իր ընտանիքի հետ միասին իրենց ձայնը տալու են իրեն, քանի որ նրանց ընտանիքի հետ գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ։ Նրանք էլ անվերապահորեն իրենց աջակցությունն են առաջարկել:

2024թ. ապրիլի 23-ին հակակոռւպցիոն դատարանի վճռով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 4 ամիս 7 օր ժամկետով:

Դատավճռով ազատազրկումը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Փորձաշրջանի ընթացքում Գ. Ադամյանը առանց իրավասու մարմնի համաձայնության չէր կարող լքել Հայաստանի տարածքը:

Հակակոռուպցիան վերաքննիչ դատարանը 2024թ. սեպտեմբերի 18-ին բանավոր ընթացակարգով, դռնբաց դատական նիստերում քննության առնելով քրեական գործով Հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ս. Խաչատրյան) 2024 թ. ապրիլի 23-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Մովսես Անտոնյանի եւ Գարիկ Ադամյանի պաշտպան Վարդուհի Սարգսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքները՝ դատավճիռը թողեց անփոփոխ:

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փաստեց, որ այն ժամանակ, երբ քրեական գործը դեռեւս հարուցված չի եղել, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին թույլտվությունը ստացվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդության հիման վրա, իսկ 2021 թ. հունիսի 26-ից հետո, երբ արդեն քրեական գործը հարուցվել է, 2021 թ. հուլիսի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բ. Չիլինգարյանը որոշում է կայացրել «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն տալու մասին»։

Այսինքն, 2021 թ. հունիսի 9-ից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 9-ը արդեն իսկ թույլտվություն առկա եղել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար, որը տրվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդության հիման վրա եւ այդ ժամանակ որեւէ հանձնարարություն անհրաժեշտ չի եղել, քանի որ քրեական գործը հարուցված չի եղել, ավելին՝ զննության են ենթարկվել հենց այդ ժամանակ կատարված հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, իսկ արդեն քրեական գործի հարուցումից հետո անհրաժեշտ հանձնարարությունը եւս առկա է եղել, որից հետո էլ տեղի են ունեցել գաղտնազերծումները։

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանը /նախագահող՝ Ռ.Մխիթարյան/ գրավոր ընթացակարգով քննության առնելով Գ.Ադամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը ,որոշեց. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թ. սեպտեմբերի 18-ի որոշումը փոփոխել։

Վճռաբեկ դատարանն արձանագրեց, որ ստորադաս դատարանները, Գ.Ադամյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում:

Վճռաբեկ դատարանը որոշեց Գ.Ադամյանի նկատմամբ 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել եւ թողնել կրելու նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թ. ապրիլի 23-ի դատավճռով նշանակված 3 տարի 4 ամիս 7 օր ժամկետով ազատազրկումը։

Պատժի կրման սկիզբը հաշվել Գ.Ադամյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031