2024 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 98 և ֆիզիկական բռնության 101 դեպք։ Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության գործերով աճ է նկատվել հատկապես որոշ հոդվածների մասով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ու սեռական բռնության ցուցանիշների միտումները՝ 2021-2025թթ․ ընթացքում։
Այսպես, 2023 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 90 և ֆիզիկական բռնության 96 դեպք։ Նախորդող տարիներին այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել․ 2022 թվականին՝ սեռական բռնության 51 դեպք, ֆիզիկական բռնության 49 դեպք։
Կարդացեք նաև
Այս տարվա հունվար-հուլիսի տվյալներով արդեն իսկ սեռական բռնության 49 դեպք է գրանցվել, ֆիզիկական բռնության՝ 72 դեպք։
FIP.am-ը ուսումնասիրել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի տվյալները՝ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների մասով։
Ըստ այդմ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քննվել և դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով 3, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 6 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 20 քրեական վարույթ։
Նույն ժամանակահատվածում կարճվել է ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 8, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 14, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 57 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 25 քրեական վարույթ։
Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի աճի միտում կա։ Այդ միտումը արտացոլված է ինչպես հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված ու կարճված քրեական վարույթների վիճակագրությունում։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»



















































