Մինչև 2026 թվականը կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել առնվազն 300 հանրակրթական ուսումնական հաստատություններ, դրանք ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով․ սա Հայաստանի Հանրապետության կառավարության խոստումն է, որն ամրագրված է Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում։
Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2093-Ն որոշմամբ սահմանվել է մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող դպրոցների ցանկը։ Այդ որոշման մեջ տեղ են գտել 281 դպրոցներ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման և նորոգման ցուցանիշները, դրանց առնչվող իրավական ակտերի փոփոխությունները, իշխանության տված խոստումներն ու առկա արդյունքները։
Կարդացեք նաև
Խոստումների մասին
2022 թվականի սեպտեմբերի 1-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր մեկնարկած «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրին, նշել է․ (02։26ր․-ից) «Մինչև 2026 թվականը Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու մեր ծրագիրը, որը ամրագրված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում, մեկնարկել է։ Այս ծրագրի արդյունքում նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի երեխաները բարձրորակ մանկապարտեզներ, նախակրթարաններ ու դպրոցներ հաճախելու հնարավորություն են ունենալու, ինչը գյուղերի վերածննդի առանցքային գործոն պետք է դառնա»։
ԿԳՄՍ նախարարությունը, 2023 թվականի օգոստոսին իր պաշտոնական կայքում հրապարակած հաղորդագրությամբ անդրադառնալով թեմային, նշել է, որ «300 դպրոց և 500 մանկապարտեզ» կնորոգվեն, կկառուցվեն և կվերակառուցվեն մինչև 2026 թվականը։
Նույն հաղորդագրության մեջ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ասել է․ «Կրթության ոլորտում չափազանց կարևոր է բովանդակային փոփոխությանը զուգահեռ նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն ունենալ կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ»։
Ներկա իրավիճակը
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ «300 դպրոց» ծրագրի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականը շինարարական աշխատանքներն ավարտվել են 59 դպրոցներում․ 35-ում իրականացվել է կառուցման, 22-ում՝ հիմնանորոգման, 3-ում՝ վերակառուցման աշխատանքներ:
Այսպիսով, մինչ Կառավարության ծրագրով նախատեսված վերջնաժամկետը՝ 2026 թվականը, մնացել է երեք ամսից պակաս, սակայն խոստացված 300 դպրոցներից շինաշխատանքներն ավարտվել են ընդամենը 59-ում։ Սա նշանակում է, որ ծրագիրն իրականացվել է մոտ 20%-ով՝ էականորեն հետ մնալով Կառավարության նախանշած նպատակներից։
Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»



















































