Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ․ «Փաստ»

Հոկտեմբեր 25,2025 09:50

Նույնիսկ ամենամղձավանջային երազում դժվար էր պատկերացնել, որ հայկական որևէ եկեղեցու մերձակայքում, էլ չենք ասում՝ նախագավթում կամ նույնիսկ եկեղեցու ներսում կարող է ինչ-որ քաշքշուկ, աղմուկ ու անախորժ խժդժոց լինի թեկուզ կարգալույծ արված հոգևորականի մասնակցությամբ: Հատակից անդին ընկած այդ եզրագիծն էլ հատվեց նախօրեին:

Եկեղեցին ինքնին սրբավայր է՝ դրանից ուղղակիորեն բխող խորհրդով: Առհասարակ, եկեղեցու, սրբավայրի հանդեպ մեր ժողովրդի մեջ ընդունված ու տիրապետող վերաբերմունքը ակնածանքն է, հարգանքը, խոնարհումը, պատկառանքը, անկախ նրանից՝ մարդը քրիստոնյա-հավատացյա՞լ է, թե՞ նույնիսկ, կներեք, աթեիստ: Եկեղեցիները, մանավանդ միջնադարյան տաճարներն ու վանքերը ամենևին էլ պատահական վայրերում չեն կառուցված: Ավելին, այդ բազմադարյա տաճարների, վանքերի մուտքերի մոտ, գավիթներում ամփոփված են նաև անցյալի հոգևոր հայրերի աճյունները՝ դրանից բխող՝ հավատացյալների և այլոց վարքային դրսևորմանն առնչվող հետևությամբ: Մի խոսքով, եկեղեցիներն ու եկեղեցիների մերձակայքը հաստատ այն վայրերը չեն, որտեղ կարելի է աղմկել, գոռգոռալ, խժդժել, էլ չենք ասում՝ հրմշտուք հրահրել:

Բայց ինչի՞ ականատես եղանք նախօրեին Հովհաննավանքի տարածքում, կարգալույծ արված ու արդեն նախկին քահանա, այժմ քաղաքացի Ստեփան Ասատրյանի մասնակցությամբ: Քիչ է ասել, թե դա խայտառակություն էր: Առաջին հարցը, որ ծագեց հիշատակված անձնավորության նյարդային վարքին ու բացականչություններին զուգահեռ, այն էր, թե ինչպե՞ս է նման նկարագրի տեր անձը քահանա ձեռնադրվել ու մի քանի տարի ծառայել այդ եկեղեցում: Ստեփան Ասատրյանն իր պահվածքով նմանվում էր… Դժվար է նույնիսկ լրատվամիջոցի բարեվարքության սահմաններում համեմատություն գտնել: Ձեռքերը օդում թափահարելով, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հասցեին վիրավորական ու անվայելուչ արտահայտություններ հնչեցնելով, իր հետ բերված սադրիչ անձանցով շրջապատված՝ նա աչքի ընկավ քահանային, նույնիսկ կարգալույծ արված քահանային անվայել պահվածքով: Ըստ որում, հատկանշական է, որ Մայր Աթոռի Դիվանատան կարգադրությունը բերած հոգևորականը ծանրակշիռ, հավասարակշռված ու զուսպ պահվածքով ուշադրություն գրավեց:

Մյուս կողմից՝ գիտեք, միանգամայն բնական է, որ Նիկոլ Փաշինյանի ընտրած ու ՔՊ-ի սրտի «քահանան» հենց այդպիսին պիտի լիներ, ինչպիսի աղմկոտ վարքով առանձնացավ Ստեփան Ասատրյանը: Եվ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքում նախօրեին, ըստ էության, «նախավարժանքն» էր այն վիճակի ու պատկերի, որ կանխատեսելի է նույն վայրում առաջիկա կիրակի: Այսինքն՝ այն օրը, երբ կարգալույծ արված նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանը Փաշինյանի և ոստիկանական զորքերի հովանու ներքո պատրաստվում է պատարագ մատուցել, ինչի իրավունքից կամ շնորհից այլևս զրկված է: Այսինքն, եթե Փաշինյանն ու նրան կից քպականները առաջիկա կիրակի իսկապես գան այստեղ, ապա Հովհաննավանքն ու շրջակայքը կանխատեսելիորեն լցված են լինելու ոստիկանական ուժերով, ԱԱԾ-ականներով, տարբեր հիմնարկներից վարչական ռեսուրսով «բերման ենթարկված» անձանցով, մի շարք քպամերձ սադրիչներով, որոնք թերևս խնդիր են ունենալու հարձակվել տարածքում հայտնված իրական հոգևորականների, խաղաղ բնակիչների ու հավատացյալ մարդկանց վրա:

Չէ, իրոք, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի «սրտի քահանան» հենց Ստեփան Ասատրյանը պետք է լիներ: Իսկը՝ նմանն զնմանն գտանե… Երևի հենց այդպիսին է ամեն ինչ հարամելու, փչացնելու, ամեն ինչի վրա բիծ գցելու, ամեն ինչ ավերելու «արվեստը»՝ գործողության մեջ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031