Հայաստանում ընթացող քաղաքական դատավարությունների ֆոնին հաճախ են համեմատություններ անցկացվում Բաքվում ընթացող «դատավարությունների» հետ։ Կառավարության ղեկավարը, տարբեր պաշտոնյաներ հավաստիացնում են, որ աշխատանք են տանում գերիների՝ տուն վերադարձի ուղղությամբ, մինչդեռ ստորագրվող պայմանագրերում կամ էլ ձեռք բերվող համաձայնություններում խոսք չկա այս մարդկանց՝ Հայաստան վերադառնալու մասին։ Կարծիք է նաև շրջանառվում, որ գուցե 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիների մի մասին։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ եթե խոսում ենք այս իշխանությունների կողմից իրականացվելիք որևէ գործառույթի մասին, ապա միանշանակ պետք է փաստենք, որ այստեղ որևէ դասական դիտարկում չենք կարող անել։
«Պետք է որպես օրինակ վերցնենք Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի տակ ևս Հայաստանի ղեկավարն իր ստորագրությունն է դրել, և, կարծես թե, առ այսօր նա որևէ կերպ չի էլ չեղարկում այն։ Գոնե այդ փաստաթղթում հստակ գրված է գերիների վերադարձի մասին, բայց փաստում ենք, որ դեռևս 2020 թվականից ունենք գերիներ, ունենք անհետ կորածներ, որոնց ճակատագրի մասին առ այսօր որևէ մեկը տեղեկություն չի տալիս։ Իրավապաշտպանները փաստում են, որ ոչ թե 23 գերի ունենք, այլ, իրենց ճշտած տվյալներով, 23 գերիներին պետք է ավելացնել ևս 80-ը, իսկ չճշտված տեղեկություններով՝ նույնիսկ 100-ը։ Կարող ենք ասել, որ այդ առումով ևս իշխանությունները ստում են, մանևրում, վստահաբար իրենք ունեն այդ տեղեկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։
Ընդգծում է՝ որևէ փաստաթուղթ կազմելուց առաջ նախ լուծվում են բոլոր հումանիտար խնդիրները։ «Որևէ մեկս խաղաղությանը դեմ չենք, միգուցե իրենք գիտեն խաղաղության այն ճանապարհը, որը մենք չենք տեսնում կամ չենք դիտարկում։ Ենթադրենք՝ այդպես է։ Այդ պարագայում ցանկացած գործընթացից առաջ, եթե խոսում են գործընկերային հարաբերությունների, ոչ թե ղեկավար և ենթակա հարաբերությունների մասին (տվյալ դեպքում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների մասին է խոսքը), ապա մինչ փաստաթղթի ստորագրումը գերիները պետք է իրենց տներում լինեին, անհետ կորածների ճակատագրերը պիտի ճշտված լինեին։ Դրանից հետո նոր կարելի էր քննարկել որևէ փաստաթուղթ»,-նշում է մեր զրուցակիցը։ Փաստում է՝ չպետք է բացառել այն, որ Հայաստանի իշխանությունները խնդրելու են իրենց տերերին՝ մի քանի գերու վերադարձ՝ որպես ընտրությունների հաղթաթուղթ։
«Շատ հնարավոր է սա ու դիտարկելի։ Նաև պատահական չէ Ալեն Սիմոնյանի վերջին ժամանակների ոգևորվածությունն այդ առումով, իր գործընկերոջ հետ հանդիպումների մասով։ Հիշում ենք, երբ մի անգամ ևս պատրաստվում էր և հայտարարեց ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպման մասին, նախօրոք խոսեց այն մասին, որ քննարկում է լինելու գերիների վերադարձի մասին, տեղի չունեցավ այդ հանդիպումը։ Իրենք ստելով, մանևրելով՝ ուզում են ենթադրելու հիմքեր թողնել, որ այս անգամ տեղի ունեցավ այդ հանդիպումը, հնարավոր է, որ գերիների վերադարձ լինի։ Խղճուկ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ այսօր թշնամու հետ պատրաստ են ցանկացած գործարքի գնալ։ Սատանայի գործելաոճով ամեն ինչի վրայով կարող են անցնել, որպեսզի 2026 թվականին տանեն ընտրությունների ու ապահովեն իրենց հաղթանակն այդ առումով»,-նշում է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Արցախի մասին խոսելու առիթ է ոչ միայն ռազմագերիների հարցը, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից հնչող հայտարարությունները, որոնք վերահաստատում են՝ արցախահայերն իրավունք ունեն վերադառնալ իրենց բնօրրան։ Հայաստանում այս հարցը բարձրացնում է Հայ առաքելական եկեղեցին և ընդդիմադիր որոշ ուժեր ու անհատներ։ Ստացվում է, որ ինչքան էլ Հայաստանի գործող իշխանությունը ջանքեր է գործադրում փակելու Արցախի հարցը, միջազգային հանրությունը բաց է թողնում մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձի հնարավորությունը։
«Եկեղեցին, միանշանակ, այդ ուղղությամբ բավականին աշխատանք է տանում, այդ հարցը արտերկրում և Հայաստանում տեղի ունեցող ցանկացած հանդիպման ժամանակ քննարկման թեմա է դառնում։ Դրան զուգահեռ՝ կա ևս մի կառույց՝ Արցախի Ազգային ժողովի կողմից ձևավորված հանձնախումբը, որը ղեկավարում է Վարդան Օսկանյանը։ Ի դեպ, օրերս հանձնախմբի հետ հանդիպում կունենանք, որտեղ իրենք կներկայացնեն վերջին ժամանակների կատարած աշխատանքը։ Մեր խողովակներով, այս պահին ունենք գործընթաց Շվեյցարիայի ուղղությամբ, աշխատանքները հստակ, իրենց հունով ընթանում են՝ անկախ այս իշխանությունների խոսույթից ու պահվածքից։ Խնդիրն այն է, որ, ցավոք, իշխանությունների աղաղակը, ձայնն ավելի բարձր է լսվում, տպավորություն է, որ որևէ գործընթաց հնարավոր չէ իրականացնել։ Իրենց այդ առումով կհիասթափեցնեմ, որովհետև աշխատանքներն այնպիսի արդյունք են տալիս, որ իրենք հաստատ պատկերացնել չեն կարող։ Միջազգային հանրությունը, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը կամ իր ուսապարկերը, միանշանակ պնդում է, որ, այո՛, արցախցիների վերադարձի իրավունքն անքակտելի է, որևէ կերպ մերժելի չէ, և աշխատանքները պետք է միջազգային համայնքով, հանրությամբ տեղի ունենան։ Գնալով ընդլայնվում է այդ շրջանակը։ Այսօր ոչ միայն Շվեյցարիայում, այլ տարբեր երկրներում ստեղծվել են հարթակներ, որտեղ քննարկվում է այդ հարցը։ Այդ նույն հարթակներում պնդում են, որ խնդիրն այսօր իշխանությունների պահվածքն է, որովհետև ցանկացած խոսակցություն այդ ուղղությամբ փակում են հենց իշխանությունները։ Միջազգային կառույցներից, դերակատարներից, հարթակներից ցանկացած առաջարկ փակում են հենց Հայաստանի իշխանությունները։ Միջազգային հանրության հետաքրքրությունն ավելի է ակտիվացել։ Մինչև տարեվերջ ավեի հստակ դիտարկումներ, առաջարկներ կունենանք այդ առումով»,-հավելում է մեր զրուցակիցը։
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































