Առանց Մայր Աթոռի թույլտվության վաղը Ստեփան Ասատրյանը պատրաստվում է «պատարագ» բեմականացնել Հովհաննավանքում։ Հայ «հանդիսատեսներին» խորհուրդ է տրվել չմասնակցել այդ հակաեկեղեցական ներկայացմանը, սակայն ինչպես տեսնում ենք, «թատերասերների» մի փոքր խումբ, այդուհանդերձ կմասնակցի այդ տրագիկոմիկ ներկայացմանը։ Հոգևոր դասի բազմաթիվ ներկայացուցիչների, հասարակության ողջախոհ հատվածի, բարեպաշտ լրագրողների ու Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կողմից բավարար չափով բացատրական աշխատանքներ իրականացվել են առ այն, որ նախկին քահանայի կողմից կատարվողը Սուրբ և Անմահ Պատարագ չի կարող լինել և նման արարքը ոչ միայն Եկեղեցու սրբազան կանոնների խախտում է, այլ նաև քրեորեն պատժելի արարք է։
Դրա մասին խոսել են փաստաբաններ և իրավապաշտպաններ, սակայն տպավորությունս այնպիսին է, որ իրավապահների վրա է ծանրանալու ամբողջ պատասխանատվությունը, այսինքն հենց իրավապահ մարմինների գործողություններով կհանգուցալուծվի վաղվա խնդիրը։ Եթե թույլ տան իրավապահները, ուրեմն «պատարագ» պիեսը տեղի կունենա և նոր խնդրի առաջ կկանգնի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, իսկ եթե իրավապահները թույլ տան, որպեսզի Հովհաննավանքի օրինական հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Սարգիս քահանան կամ մեկ այլ գործող հոգևորական մատուցի Սուրբ և Անմահ Պատարագ, ապա այդ դեպքում խնդիր կունենան իրավապահ մարմինները։
Այլ խոսքով գնդակը իրավապահների դաշտում է, նրանք պետք է ընտրություն կատարեն։ Աղանդավորականներն ու ապազգային ուժերը խրախճանքի մեջ են, իսկ հայ ազգի թշնամիները բաժակները ձեռքներին հերթ են կանգնած, որպեսզի հայի արյունով լցվի իրենց ձեռքի բաժակներն ու խմեն, խմեն ու շնորհակալություն հայտնեն պիեսի սցենարիստին ու բեմադրող ռեժիսորին։
Սիրելի հայրենակիցներ, այսօրվա հայաստանյան իրականությունը շատ բարդ է ու խճճված, կարելի է ասել՝ ճակատագրական օրեր ենք ապրում։ Հայ ազգը պետք է մեկ անգամ ևս ապացուցի աշխարհին, որ ինքը քրիստոնեության ջահակիրն է աշխարհում։ Դա պետք է ապացուցի միայնակ՝ առանց կողմնակի աջակցության։ Աշխարհը հանդիսատեսի կարգավիճակում է։ Եթե կարողանանք դա ապացուցել, ուրեմն կունենաք հարգանք ու աջակիցներ, իսկ եթե ոչ, ուրեմն էլ ավելի կմոտենանք անդունդին։ Ինչպես ասացի, ապացուցողը պետք է լինեն ուժային կառույցներն ու իրավապահ մարմինները։ Ժողովուրդը, կարծում եմ, չպետք է առճակատման գնա և մեր թշնամիներն էլ թող իրենց ձեռքի դատարկ բաժակները թեյ լցնեն ու հանգիստ իրենց թեյը խմեն։
Կարդացեք նաև
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


















































