Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային գաղտնալսումների սկզբնաղբյուրները. ի՞նչ սխեմա է օգտագործվում․ CivilNet

Հոկտեմբեր 25,2025 13:56

Վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված խոսակցություններ՝ հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն հանրության շրջանում քննարկվող հարցերից մեկն այն է, թե ինչպես են այդ ձայնագրությունները հասնում համացանց, հատկապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ նման գաղտնալսումներ կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների կողմից։

Որտեղի՞ց է սկսվել ձայնագրության տարածումը

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին և Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող խոսակցության մեջ, որը, ըստ հրապարակումների, տեղի էր ունեցել 2023-ի հոկտեմբերին, վերջինս պնդում է, թե կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայնագրությունը ամենաառաջինը հրապարակվել է New Armenia Blog անվանումով տելեգրամյան ալիքում՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 12:03-ին: Ալիքն ունի մոտ 3,700 հազար հետևորդ։ Էջում լրատվական նյութերից բացի, պարբերաբար տարածվում են ընդդիմադիր գործիչներին ծաղրող գրառումներ և արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ պատկերներ ու դիփֆեյքեր։

Ալիքում հրապարակումից ընդամենը մի քանի րոպե անց՝ 12:08-ին, ձայնագրությունը հայտնվել է ֆեյսբուքյան «Մտածող մարդկանց ակումբ/Клуб думающих людей» էջում։ Այն ստեղծվել է 2022-ին և ունի մոտ 20 հազար հետևորդ։

Հոկտեմբերի 24-ի դրությամբ ձայնագրության վերաբերյալ այս գրառումը էջում ունեցել է ընդամենը 16 տարածում (share), որոնցից միայն երեքը՝ հրապարակային։ Այս օգտատերերի էջերը ողողված են իշխանամետ քարոզչական բովանդակությամբ․ նրանք հիմնականում տարածում են գրառումներ «Հայկական ժամանակ» և civic.am կայքերից։

Էջի մյուս հրապարակումները հիմնականում մեջբերումներ և մտորումներ են․ քաղաքական բովանդակություն ունի միայն հոկտեմբերի 17-ի գրառումը։ Չի բացառվում, որ էջը սկզբում հրապարակել է ոչ քաղաքական բովանդակություն՝ հետևորդներ հավաքելու և հետագայում այլ նպատակներով օգտագործվելու համար։

Լրատվամիջոցներից առաջինը՝ Medianews.site-ը

Տելեգրամյան ու ֆեյսբուքյան անհայտ էջերում հայտնվելուց հետո ձայնագրությունը հրապարակվել է medianews.site-ում։ Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:50-ին, այն հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, 12:51-ին՝ կայքում, իսկ 13:10-ին՝ ֆեյսբուքյան էջում (արխ․

Նույն ժամին՝ 13։10-ին, medianews.site-ի հոդվածը կցած ձայնագրության վերաբերյալ գրառում են տարածել ArmeniaNews (արխ․) և «ԱՐՄԵՆԻԱ» (արխ․) ֆեյսբուքյան էջերը։ Ըստ ուսումնասիրության՝ այս էջերն ուղիղ կապ ունեն medianews.site-ի հետ և, ամենայն հավանականությամբ, կառավարվում են նույն տեղից, քանի որ միաժամանակ տարածում են նույն գրառումները։

Ինչպե՞ս տարածվեցին նմանատիպ այլ «սկանդալային» ձայնագրություններ և տեսանյութեր

Հոգևորականների ձայնագրությունից օրեր անց տարածվեց մեկ այլ «գաղտնալսում»՝ այս անգամ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ներկայում կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հանրահավաքին իբր գումարով մասնակիցներ բերելու վերաբերյալ։

Տարածված ձայնագրությունում զրուցակիցներից մեկը խոսում է հրապարակ գնալու և 40,000 դրամ խոստացված գումարի մասին։ Ձայնագրության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց։ Մինչդեռ Կարապետյանի թիմը պնդում է, թե ձայնագրությունները կեղծ են։
#CivilNetCheck-ի ուսումնասիրության համաձայն՝ այս ձայնագրությունն ամենավաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 20:21-ին հրապարակվել է medianews.site-ի յութուբյան էջում, րոպեներ անց՝ 20:27-ին, հրապարակվել է նույն լրատվամիջոցի կայքում և 20:33-ին ֆեյսբուքյան էջում (արխ․

Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ՝ հոկտեմբերի 15-ին, medianews.site հրապարակել էր իբրև անանուն աղբյուրից ստացած նամակագրություն, հոդվածում նշելով, որ 40,000 դրամի դիմաց առաջարկում են մասնակցել Սամվել Կարապետյանին աջակցող ակցիաներին։

Այս դեպքում էլ գործել է նույն սխեման։ Medianews.site-ից հետո «սկանդալային ձայնագրությունը» հայտնվել է ՔՊ-ի civic.am-ում՝ 20:36-ին, araratnews.am-ը՝ 20:59-ին։

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031