Երկրորդ անգամ ՀՀ կառավարությունը չի կատարում միջազգային դատարանի որոշումը՝ վտանգի տակ դնելով կալանավորի կյանքը:
ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցը մնում է անկատար:
2025 թվականի հոկտեմբերի 20-ին, գրեթե երկու ամիս տևած փոխադարձ հաղորդագրություններից հետո՝ կապված պարոն Ստեփան Սամվելյանի կալանքի պայմանների հետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է միջանկյալ միջոց՝ իր կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը.
Կարդացեք նաև
- կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի` Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ,
- մինչ այդ ապահովել, որ դիմողը ստանա իրեն նշանակված բժշկական խնամքը՝ այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են նրա առողջական կարիքներին։ Չնայած այս միջանկյալ որոշմանը, որի կատարումը պարտադիր է ՀՀ կառավարության համար, ՀՀ կառավարությունը մինչ այժմ չի կատարել իր պարտավորությունները։
«Էրեբունի» բժշկական կենտրոն չեն փոխանցվել բժշկական փաստաթղթեր՝ փորձաքննությունը իրականացնելու նպատակով, թեև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը գտնվում են կառավարության տրամադրության տակ։ Իսկ զազրելին այն է, որ ՀՀ իշխանությունները կրկին տեղափոխել են պարոն Սամվելյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, այն դեպքում, երբ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) դեռ տարիներ առաջ նշել էր, որ այդ հաստատությունը պետք է անհապաղ փակվի, քանի որ այն առողջապահական հաստատություն չէ։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանքի պայմանները լիովին անհամատեղելի են պարոն Սամվելյանի առողջական վիճակի հետ և չեն համապատասխանում անգամ նվազագույն բժշկական չափանիշներին՝ ոտնահարելով ոչ միայն նրա կյանքի իրավունքը, այլև նրա արժանապատվությունը։
Նշենք, որ հենց կառավարությունն է ճանաչել այս փաստը՝ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին ընդունելով որոշում՝ տվյալ հաստատության փակման վերաբերյալ։ Վերոհիշյալից ելնելով՝ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը բացահայտ կերպով հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված միջանկյալ միջոցը։ Սա երկրորդ դեպքն է, երբ կառավարությունը բացահայտորեն չի կատարում միջազգային դատարանի որոշումը․ առաջինը վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանի գործին՝ միջազգային արբիտրաժային դատարանում, իսկ երկրորդը՝ պարոն Ստեփան Սամվելյանի գործին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։
Սույն իրավիճակը վկայում է ոչ միայն ՀՀ կառավարության՝ մասնավորապես Արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանի, Առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանի և Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի՝ պարոն Կարեն Անդրեասյանի դիտավորյալ անգործության մասին, այլև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անգործության մասին։ Վերջինս լիովին տեղյակ է պարոն Ստեփան Սամվելյանի ծանր առողջական վիճակի և համապատասխան բուժօգնության բացակայության լուրջագույն հետևանքների մասին, սակայն շարունակում է լռել:
Պարոն Ստեփան Սամվելյանի կյանքը անմիջական վտանգի տակ է։ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է կատարել ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը, և դրա չկատարման յուրաքանչյուր րոպե կարող է մահացու հետևանքներ ունենալ պարոն Սամվելյանի կյանքի համար։
Կից ներկայացվում է ՄԻԵԴ որոշումը:
Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
Ստեփան Սամվելյանի պաշտպան



















































