Լրահոս
Օրվա լրահոսը

Էստոնիայի փորձը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և ռազմավարական հաղորդակցության ոլորտում, արժեքավոր գիտելիք է Հայաստանի համար. Սեդա Մուրադյան

Հոկտեմբեր 25,2025 18:31

Հայաստանյան մեդիայի և քաղհասարակության ներկայացուցիչները համախմբվել են Երևանում՝ ծանոթանալու ապատեղեկատվության վերլուծության, կեղծ խոսույթների ուսումնասիրության և բացահայտման էստոնական փորձին։

Հանրային լրագրության ակումբի կազմակերպած կարողությունների զարգացման դասընթացը միտված է նաև խորացնելու մասնակիցների՝ թվային գործիքների կիրառման հմտությունները, հատկապես՝ Հայաստանում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

«Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հայաստան է ժամանել Էստոնիայի Պաշտպանության և անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն և համահիմնադիր, ռազմավարական հաղորդակցության և ապատեղեկատվության վերլուծության փորձագետ Դմիտրի Տեպերիկը։

Էստոնացի փորձագետը և հայաստանյան փաստեր ստուգող լրագրող, հետազոտող Լուսինե Ոսկանյանը դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն գործնական մոտեցումներ՝ ինչպես բացահայտել և վերլուծել ապատեղեկատվությունն ու կեղծ խոսույթները՝ հիմնվելով միջազգային, և մասնավորապես՝ էստոնական փորձի վրա։ Դասընթացը հնարավորություն կտա լրատվամիջոցների և ՔՀԿ ներկայացուցիչներին ամրապնդել ապատեղեկատվությունը ճանաչելու, խոսույթները բացահայտելու կարողությունները, արդյունավետ արձագանքել ապատեղեկատվությանը և նպաստել ժողովրդավարական գործընթացների պաշտպանությանը, որը հատկապես կարևոր է նախընտրական գործընթացներում։

«Տեղեկատվական խառնաշփոթի այս դարաշրջանում կեղծ խոսույթների հայտնաբերումն ու կանխատեսման գրագիտությունը ոչ միայն հաղորդակցության հմտություններ են, այլև քաղաքացիական անհրաժեշտություն։ Այս նախաձեռնությունը կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս կիսվել Էստոնիայի փորձով և ցույց տալ, թե ինչպես կարող են մեդիան ու քաղաքացիական հասարակությունը համատեղ նպաստել սոցիալական համախմբվածությանը, մանիպուլյացիայի դեմ պայքարին և ժողովրդավարական ապագայի կերտմանը»,- նշում է Դմիտրի Տեպերիկը։

Ծրագրի շրջանակում ՀԼԱ-ն իրականացրել է մի քանի միլիոն ընդհանուր լսարան ունեցող 18 ռուսալեզու տելեգրամյան ալիքների ուսումնասիրություն՝ պարզելու, թե 2025 թ. մայիսից սեպտեմբեր ժամանակահատվածում ինչ խոսույթներ են շրջանառվել Հայաստանի վերաբերյալ։

Միջոցառման առաջին հատվածում հետազոտության հեղինակ Լուսինե Ոսկանյանը դասընթացի մասնակիցներին, ինչպես նաև Զում հարթակով միացած՝ դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, մեդիայի և ԶԼՄ-ների մոտ 30 ներկայացուցիչների ներկայացրել է ուսումնասիրության արդյունքները։ Ընտրված ժամանակահատվածում ակտիվորեն շրջանառվել են խոսույթներ առ այն, որ Հայաստանի քաղաքական վերնախավը արևմտյան ազդեցության տակ է և դավաճանում է ավանդական դաշնակցին, արևմտյան ծրագրերն ու ֆինանսավորումն իրականում քողարկված միջամտություններ են՝ ուղղված մեդիայի և ընտրական համակարգի վերահսկմանը, Հայաստանը Խաղաղության հռչակագրի ստորագրությամբ հեռանում է Ռուսաստանից ու ընկնում ԱՄՆ-ի ու Թուրքիայի ազդեցության տակ։ Շրջանառվել են նաև այնպիսի խոսույթներ, ինչպիսիք են՝ Փաշինյանի գործողությունները Հայ առաքելական եկեղեցու և ազգային ինքնության դեմ բռնաճնշումներ են, Երևանը արևմտամետ ու թուրքամետ քայլերով հակառուսական գործունեություն է ծավալում, բայց պրոռուսական ուժերը դեռ հնարավորություն ունեն հակազդելու, և այլն։

Ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ․ այն պետք է շարունակվի նաև նոյեմբերին՝ պարզելու, թե այդ խոսույթներն ինչպես են արտացոլվել հայաստանյան մեդիայում և ինչ ազդեցություն կարող են ունենալ հանրային կարծիքի վրա։ Հետազոտության ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկայում։

«Ապատեղեկատվության դեմ պայքարը կարևոր է ժողովրդավարության ամրապնդման և կայունության համար։ Այսօրվա մեդիա հարթակները ոչ միայն տեղեկատվության տարածման, այլև հանրային կարծիքի ձևավորման ու լսարանների մանիպուլյացիայի հզոր գործիքներ են։ Ռուսական տելեգրամյան ալիքների կողմից տարածվող խոսույթների խորքային վերլուծությունը թույլ է տալիս հակազդել քարոզչությանը և նվազեցնել դրա ազդեցությունը հանրային մտածողության վրա»,- նշում է Լուսինե Ոսկանյանը։

 Այս նախաձեռնությունը կնպաստի Հայաստանի և Էստոնիայի փորձագետների միջև համագործակցության ամրապնդմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը։

«Գլոբալ մարտահրավերները պահանջում են համատեղ ու համակարգված լուծումներ։ Էստոնիայի փորձը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և ռազմավարական հաղորդակցության ոլորտում, արժեքավոր գիտելիք է Հայաստանի համար, հատկապես՝ նախընտրական շրջանին ընդառաջ։ Մեր գործընկերների հետ համագործակցությամբ՝ ձգտում ենք ձևավորել ավելի իրազեկ, կայուն և ներգրավված հասարակություն, որը կարող է դիմակայել տեղեկատվական մանիպուլյացիաներին»,- նշում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը։

 Միջոցառումն անցկացվում է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ ընտրություններին ընդառաջ» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացնում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

ՀԼԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031