Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից ինքնաբուխ հավաքի մասնակիցների հանդեպ իրականացվող հետապնդումները և ապօրինի գործողությունները։
Կալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։ Այս քայլը հստակ քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմադիր ձայների լռեցմանը և կուսակցության գործունեությունը խոչընդոտելուն։
Այս անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքով խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։
Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները՝ «ոստիկանության գործունեությանը խոչընդոտելու» անհիմն մեղադրանքով, մենք գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ։ Սա ոչ թե օրենքի իրականացում է, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ ուղղված ժողովրդի ազատ կամարտահայտման ճնշմանը։
Կարդացեք նաև
Իշխանությունները պետք է հասկանան՝ վախեցնելով չեն կարող կառավարել ժողովրդին։ Այսօր հետապնդվում են Գյումրու ավագանու անդամներն ու հավաքի մասնակիցները, իսկ վաղը կարող է հետապնդվել յուրաքանչյուր քաղաքացի, ով կհամարձակվի բարձրաձայնել իր կարծիքը։
Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել օրենքի ուժի աղավաղումն ու վերականգնել արդարությունը։ Օրենքը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե իշխանության պահպանման գործիք դառնա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ


















































