Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Արդեն 32 տարի

Հոկտեմբեր 25,2025 21:55

«Ես չգիտեմ առավելության այլ նշաններ, բացի բարությունը»։
Լյուդվիգ վան Բեթհովեն

Բարեգործություն իրականացնող «Հուսո տուն բարեգործական հիմնադրամ»-ը գործում է Երևանում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Այն ստեղծվել է 2017 թվականին՝ իրավահաջորդելով Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից նախաձեռնած բարեգործական ծրագրերը։

Դրանց շրջանակում 1994-ից գործող «Գթության խոհանոց» մայր ծրագիրն իրականացվում է ամեն տարի՝ հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում։ Ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և հարակից վայրերի շուրջ 220 տարեց, միայնակ և սոցիալապես անապահով քաղաքացի, այդ թվում Արցախից տեղահանված, սիրիահայ ներգաղթյալ և Երևան համայնքի հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ և սոցիալապես անապահով անձինք օրական մեկ անգամ տաք, բարձր կալորիականությամբ սնունդ են ստանում:

Հոկտեմբերի 24-ին «Հուսո տուն բարեգործական հիմնադրամ»-ի տարածքում տոնական էր․ բացվեց «Գթության խոհանոց» բարեգործական ծրագրի հերթական՝ 32-րդ շրջանը։ Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի այս առթիվ տոնական արարողությանը ներկա են լինում նաև ծրագրի իրականացման հետ կապված պաշտոնատար անձինք, բարերարներ, շահառուներ, հյուրեր, մշակութային խմբեր ու անհատներ։ Մինչ տոնական արարողության սկսելը՝ ծրագրի շահառուների, պաշտոնական հյուրերի և աջակիցների մասնակցությամբ տնկվեց բարեկամության եղևնին։

Բացելով տոնական արարողությունը՝ ներկաներին ողջունեց և օրվա առթիվ շնորհավորեց «Հուսո տուն բարեգործական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Մովսես Պողոսյանը։ Տոնական օրն իրենց երգերի ու պարային գեղեցիկ կատարումով ողջունեցին կենտրոնում գործող «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի երեխաները, ովքեր հիմնականում արցախցիներ են։

Ներկա պաշտոնյաներից ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին, Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Գերմանիայում «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի անդամներ Միխայել Լենգեն ու բողոքական եկեղեցու դեկան Ուրսուլա Ռիխտերը, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լուսինե Ազարյանը: Բոլորի խոսքում կարևորվեց բարեգործական այս կառույցի գործունեությունը։ Միխայել Լենգեն և Ուրսուլա Ռիխտերը ներկայացրեցին իրենց կառույցի մասին և վստահեցրեցին՝ մշտապես աջակցելու են «Հուսո տուն բարեգործական հիմնադրամ»-ին։

Էդգար Բզնունին ԱՍՀ նախարարության անունից շնորհավորեց օրվա առթիվ՝ նշելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շուրջ 4 տարի է՝ համագործակցում է կենտրոնի հետ։ Հայտնեց շնորհակալություն կենտրոնին՝ բարեգործական ծրագրերը հաջող իրագործելու համար։ «Պարոն Պողոսյան, Դուք մեծ ջանք ու եռանդ, կյանք եք ներդրում այս ծրագրերը հաջողությամբ իրագործելու համար, և մենք ուրախ կլինենք հետագայում ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու համար», -ասաց Է․ Բզնունին։ Զարեհ Սինանյանն իր խոսքում, շնորհավորելով «Գթության խոհանոց»-ի բացման 32-րդ շրջանի բացման առթիվ, շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին, բարերարներին, կամավորներին, աջակիցներին՝ հավելելով․ «Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ ամենօրյա ջերմություն ու հոգատարությունը հասցնում եք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և թող ձեր բարությունը լինի շարունակական․․․»։

Հավելեց նաև՝ «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամը և Գերմանիայում գործող «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն տարիներ շարունակ իրենց աշխատանքով ապացուցում են, որ բարեգործությունը սահմաններ չի ճանաչում։ «Նրանք միավորում են հայրենիքն ու Սփյուռքը՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է Սփյուռքի ներուժը ծառայեցնել հասարակական բարօրությանը», -նշեց նա։

 

Հյուրերի կազմում էին նաև գերմանական Շվեբիշ Գմյունդի ազգային բարձրագույն դպրոցի (Schwäbisch Gmünder Volkshochschule e.V.) տնօրեն Ինգրիդ Հոֆմանի գլխավորած 23 հոգիանոց պատվիրակությունը։ Այս բարձրագույն դպրոցի 2025 թ․ երկրորդ կիսամյակի շրջանակում Հայաստանը ներկայացվել է որպես ուսումնական շրջանի առանցքային թեմա՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը հայկական մշակույթի, պատմության, հասարակության և սոցիալական խնդիրների վրա։ Հյուրերն այստեղ էին նաև «Հուսո տան» շենքի կառուցման 20-ամյա հոբելյանական միջոցառումներին ընդառաջ։ Շվեբիշ Գմյունդի ազգային բարձրագույն դպրոցի (Schwäbisch Gmünder Volkshochschule e.V.) տնօրեն Ինգրիդ Հոֆմանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց հայ մանուկներին, ովքեր երգով ու պարով օրն առավել տոնական դարձրեցին։

«Շնորհակալություն այս հրաշալի ընդունելության համար, որից տպավորված ենք։ Շնորհակալություն պարոն Միխայել Լենգենին, ով միտք է տվել ծանոթանալ Հայաստանի հետ, և մեր արվեստի դպրոցի երեխաները նկարել են հայ երեխաների համար», -ասաց նա և իրենց հետ բերած նվերը հանձնեց Մ․ Պողոսյանին՝ շնորհակալություն հայտնելով նաև թարգմանիչ Լենային։ Կարևորելով համագործակցությունն այդ դպրոցի հետ՝ Մ․ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այցի և նվիրատվության համար։ Սակայն առավել կարևորեց գերմանական այդ կրթօջախի դերը՝ ասելով․ «Մտնում եմ նրանց բարձրագույն դպրոցը և ամբողջ ճեմասրահում տեսնում եմ մեր կենտրոնի արցախցի երեխաների նկարներ են պատերին․․»։

Արարողության վերջում Մ․ Պողոսյանը շնորհակալագրեր հանձնեց «Հուսո տուն բարեգործական հիմնադրամ»-ի աջակից անհատներին՝ օդաչու Բագրատ Խաչատրյան, Անահիտ Բալաբեկյան, Ալբերտ Տոնեյան, Էջմիածնից Ղազարյանների ընտանիքը, այլոք։ Արարողության ընթացքում իրենց պարային հրաշալի կատարումներով ներկաներին ողջունեցին «Բելլա» պարային համույթի հրեշտակակերպ փոքրիկ պարուհիները։ Ազգագրական երգերի կատարումով հանդես եկավ «Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը՝ պարի հանելով «Հույսով լի և առողջ մանկություն» ծրագրի երեխաներին ու հյուրերին։ Տոնական արարողությունից հետո Մ․ Պողոսյանը պատասխանեց գերմանացի հյուրերի հարցերին։ Եղավ նաև տոնական հյուրասիրություն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031