-Տեր Մանուկը ո՞վ է, ո՞վ չի թողնում: Գնա նշանակողին ասա,- այսօր Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի մուտքը Հովհաննավանք արգելելու վերաբերյալ լրագրողների հարցերին այսպես էին արձագանքում տեղի բնակիչները:
-Ուրեմն իրեն լավ չի պահել, չի կարողանում անցնել, թող առուն թռնի, անցնի: Տեր Մանուկի ցավը տանեմ, ոտքերը լվամ, ջուրը խմեմ, դու հանգստանաս,- շարունակեց մեկ այլ բնակիչ:
Հիշեցնենք, որ այսօր Հովհաննավանքում «պատարագի» է հրավիրել կարգալույծ արված տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը: Այդ «պատարագին» ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչի համար այսօր վաղ առավոտից տարածքում աշխատում են ոստիկանները: Նրանք հեռացնում են տարածքում կայանած մեքենաները, իրականացնում ուժեղացված հսկողություն:
-Ոստիկանությունը ապահովում է հասարակական անվտանգությունը, խնդրում եմ թույլ տվեք աշխատել,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հովհաննավանք ժամանած Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Բացի Բաբայանից Հովհաննավանք են ժամանել նաեւ ոստիկանության բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Կարդացեք նաև
Լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին՝ հոկտեմբերի 23-ին, երբ Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանը փորձում էր պսակադրություն անել, Ասատրյանի աջակիցների կողմից խոչընդոտվում էր լրագրողների մասնագիտական աշխատանքը, նրանց վիրավորում ու հայհոյում էին, այդ ժամանակ ո՞ւր էին ոստիկանները, պարոն Բաբայանը պատասխանեց՝ ոստիկանության տեսանելիության դաշտում ինչքան եղել է, այնքան պահպանել են:
Իսկ ծառայողական քննություն իրականացվո՞ւմ է այդ միջադեպով հարցին ի պատասխան՝ Բաբայանն ասաց՝ այդ հարցերը տվեք համապատասխան կառույցին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































