«Ռուսական երկաթուղիները» ներկայում իրենց տարածաշրջանային գործընկերների հետ քննարկում են ռուսական ապրանքների տարանցման կազմակերպման հարցերը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն հանել է սահմանափակումները իր տարածքով Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման վրա։
«Ադրբեջանական կողմը հաստատել է, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները՝ ռուսաստանյան արտադրանքը Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով ունենք շատ հետաքրքիր առաջընթաց։ Այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին լուծում են այդ փոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ են տրվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ ուղղությունը զարգացնելու համար», – նշել է Օվերչուկը։


















































