Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

Երբեմն բռնության են ենթարկվում նաեւ բանտային բուժաշխատողները (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 26,2025 16:52

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալ Ցոլակ Մելքոնյանը 19 տարեկան էր, երբ կալանավորվեց։ Հիմա արդեն 44 տարեկան է, ու 25 տարի անազատության մեջ է։ «Պատկերացրեք՝ առողջական ինչ խնդիրներ կունենամ։ Շնչառությունս լավ չէր, գլխացավ ունեի, բժիշկը հետազոտեց ու ասաց, որ քթիս միջնապատը պիտի վիրահատվի։ Հակառակ դեպքում՝ հնարավոր է սրտի հետ կապված խնդիր ունենայի»,-ասում է Ցոլակ Մելքոնյանը։ Հերթագրեցին ու երկու շաբաթ հետո, պետպատվերի շրջանակում վիրահատվեց Երեւանի բժշկական կենտրոններից մեկում։ Ցոլակը շարունակում է ներկայացնել կալանքի ընթացքում ձեռք բերած առողջական խնդիրները։ Խիստ հետեւողական է առողջության հանդեպ, անվտանգային գոտին փոխել են, ու հավատում է՝ շուտով պայմանական վաղաժամկետ կազատվի։

Ցոլակ Մելքոնյան

«Նախկինում, անկախ ինչ հիվանդություն ունեիր, կարեւոր չէր՝ որ օրգանդ էր ցավում, բոլորին անտիբիոտիկ էին տալիս։ Հիմա տարբեր դեղամիջոցներ են տալիս, ռենտգեն են անում, «կատե» են անում։ Իսկ տարիներ առաջ նույնիսկ սովորական ճնշում չափելը խնդիր էր դառնում, էլ չասեմ քաղաքացիական հիվանդանոց տանելը»,-նշում է մեր զրուցակիցը։

Արման Իսկանդարյան

Արման Իսկանդարյանը նույնպես 25 տարի կալանավայրում է։ Ասում է՝ 90-ականներին վիրավորվել է հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ցմահ դատապարտյալի ոտն են  անդամահատել․ հանում է պրոթեզը՝ ցույց տալիս վերքը։ «Հիմա խնդրում եմ ասել՝ այստեղի բուժքույրը կամ բժիշկը ի՞նչ կարող են անել անդամահատված ոտի վերքի հետ։ Մասնագիտական լուրջ բուժում է պետք, բայց չեն ազատում։ Պայմանական վաղաժամկետ ազատվելու դիմումս երկու անգամ դատարանը մերժել է»,-նշում  է Արման Իսկանդարյանը։

Չի կարող ասել, արդյո՞ք առողջական իր կարգավիճակն անհամատեղելի է  կալանքի հետ։ «Չեմ հետաքրքրվել, բայց պայմաններն էլ այն չի։ Սանհանգույցից, բաղնիքից օգտվելն էլ է խնդիր։ Հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-բարձրաձայնում է դատապարտյալն ու պատկան մարմիններին խնդրում՝ գոնե պայմանական վաղաժամկետ ազատել։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի Արթիկի ստորաբաժանումում 6 բուժքույր է աշխատում, 8 բժիշկ։ Ստորաբաժանման պետ Նիկողայոս Ասատրյանի հավաստմամբ՝ ամեն օր համայց են կատարում։ «Պատիժ կրող անձանց թիվը շատ չէ ու ամեն օր հասցնում ենք ծանոթանալ նրանց առողջական խնդիրներին ու տեղում արձագանքել»,-մեզ հետ զրույցում նշեց  բժիշկ Ասատրյանը։ Դատապարտյալ Արթուր Կարապետյանը գյումրեցու ոճով ասում է՝  «բուժքույրերը այստեղ մեզ տեր կեղնեն» ու շարունակում անկեղծանալ․ «Մեկ-մեկ դեղերը դրսից կբերենք, բայց դե ինչ արած, նախկինում բոլոր դեղերն դրսից էիք բերում»։

Արթուր Կարապետյան

Չնայած, «Արթիկ»  ՔԿՀ-ում դժգոհ չեն բուժաշխատողներից, այնուամենայնիվ վերջերս միջադեպ էր  գրանցվել։ Մեր հարցմանը, քրեակատարողական ծառայությունից պատասխանեցին, որ պատիժ կրող դատապարտյալներից մեկը  դրսեւորել է բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով բուժքրոջ եւ քրեակատարողական ծառայողների հասցեին։ «Նա նաեւ հրահրել է այլ դատապարտյալների միջամտել իր գործողություններին, ինչի հետեւանքով մի քանի դատապարտյալ եւս միացել են անօրինական գործողություններին՝ հայհոյանքներ հնչեցնելով ծառայողների նկատմամբ։ Ի պատասխան քրեակատարողական ծառայողների բազմակի պահանջներին՝ դադարեցնել ներքին կանոնակարգի խախտումները՝ դատապարտյալները դիմել են ֆիզիկական բռնության՝ քաշքշելով եւ հարվածներ հասցնելով ծառայողներին։ Օրինազանցության դադարեցման նպատակով դատապարտյալների նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ, եւ ֆիզիկական ուժ կիրառելու արդյունքում վերջիններս տեղափոխվել են պատժախցեր։ Դատապարտյալների անօրինական գործողությունների հետեւանքով ծառայողներից մեկի առողջությանը պատճառվել է էական վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի եւ Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի հատկանիշներով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) »,-նշված է ՔԿԾ-ի պատասխանի մեջ։

Լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են պատիժ կրող անձանց համաձայնությամբ

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031