Ֆրանսիա–Արցախ բարեկամության շրջանակը 2025 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ նվիրված Արցախահայության իրավունքների պաշտպանությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված հայցերին։
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ եւ սենատորներ, ինչպես նաեւ Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։
Կարդացեք նաև
Օրվա գլխավոր բանախոսն էր Արմեն Հարությունյանը՝ իրավագիտության դոկտոր, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (2006–2011), ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կենտրոնասիական տարածաշրջանային ներկայացուցիչ (2011–2014), ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելության ղեկավար Ուկրաինայում (2014–2015) եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր (2015–2025)։
Վերջինս շեշտեց, որ Արցախի հարցը պետք է դիտարկել ոչ թե որպես տարածքային վեճ, այլ որպես մարդու իրավունքների հիմնախնդիր։ Ադրբեջանի փորձերը Արցախի հարցը ներկայացնելու որպես պարզապես տարածքային հակամարտություն, որեւէ միջազգային մարմին՝ ո՛չ Միավորված Ազգերի Անվտանգության խորհուրդը, ո՛չ Մինսկի խումբը երբեւէ չեն ընդունել։
Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի օրակարգային կարեւորությունը, հիմնվելով միջազգային իրավական փաստաթղթերի եւ կոնվենցիաների վրա։ Հարությունյանի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է դիտարկել Մեծ Թուրան ծրագրի համատեքստում, որը լայն քաղաքակրթական մարտահրավեր է՝ ուղղված ողջ տարածաշրջանի կայունության դեմ։
Անի Չաքմիշյան
Լուսանկարները՝ Լիդիա Գասպարյանի
«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» (Արցախ միություն)






















































