Գառնիկ Իսաղուլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է
«Ենթադրաբար իմ դեմ ներկայացվել է հայցապահանջ եւ նշված դատական վարույթին ֆիզիկապես մասնակից չեն դարձել՝ չեմ ծանուցվել, քանի որ ես Իսագուլյանը չեմ, այլ Իսաղուլյանը եւ դա է պատճառը, որ իմ հասցեով չի եկել ու չի փոխանցվել ինձ երբեւէ այս մասով ծանուցումներ: Ավելին, ուսումնասիրելով Դատալեքս համակարգը` տեսնում եմ, որ ապացույցների բեռն է բաշխվել, դրանից հետո նշանակվել են դատական նիստեր, որի ժամանակ եղել եմ կալանավայրում եւ չէի կարող ստանալ ծանուցագրեր եւ ներկայանալ, քանի որ դեռ 21.12.2021թ.-ից թիվ 58230521 քրեական գործով եղել եմ անազատության մեջ, որի պարագայում միանշանակ ներկայանալով կներկայացնեի եւ ապացույցներ, եւ միջնորդություններ, մասնավորապես հայցային վաղեմությունը բաց թողնելու մասին դիմում: Ինձ զրկել են դատարանում լսված լինելու իրավունքից, մրցակցության իրավունքից, եթե իհարկե, դատական ակտը կյացվել է Իսաղուլյանի դեմ, այսինքն՝ իմ դեմ»,- իր վերաքննիչ բողոքում գրել էր «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը:
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը հայցադիմում էր ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:
Հայցվորը խնդրել է պարտավորեցնել Գառնիկ Իսագուլյանին հերքել 2020թ. նոյեմբերի 23-ին «Հայելի» մամուլի ակումբում հրապարակված հետեւյալ բովանդակությամբ հայտարարությունը. «Կարծում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության մեկ տոկոսն էլ չէ: Դրա համար գոյություն ունի նախապատմություն, հեղափոխությունից մինչեւ պատերազմ եւ հիմա: Նախկինում իմ կողմից բարձրացված հարցը, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը թուրքերի, ադրբեջանցիների կողմից ստացել էին 48 միլիոն դոլար, ցավոք, որեւէ հետեւանք չունեցավ: Այսինքն, հեղափոխությունը, որ արվել էր ՀՀ-ում, արվել էր ադրբեջանական փողերով: Եվ ասվել էր, որ այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան է ներկրել հիմնականում… Ստյոպա Սաֆարյանը»:
Կարդացեք նաև
Պատասխանողը հայտնել է հստակ եւ որոշակի տեղեկատվություն առ այն, որ Ստյոպա Սաֆարյանը, ի թիվս այլ անձանց, Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից Հայաստան է ներկրել թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին տրամադրված 48.000.000 ԱՄՆ դոլար գումարը՝ Հայաստանում հեղափոխություն անելու համար: Հայցվորի ներկայացուցիչը խնդրել էր Իսաղուլյանից հօգուտ հայցվորի բռնագանձել նաեւ դատական ծախսերը՝ փաստաբանի վարձատրությունը 250000 ՀՀ դրամի չափով եւ նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Դատական ծախսերին անդրադառնալիս անդրադառնալ Հայցվորի կողմից նախապես վճարված 48,000.00 ՀՀ դրամ պետական տուրքի գումարին եւ փաստաբանական ծառայությունների գումարին՝ 800,000.00 ՀՀ դրամ:
2022թ. մայիսի 30-ին դատվոր Մ.Հովակիմյանը վճռեց. Պարտավորեցնել Գառնիկ Իսագուլյանին հերքելու Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 23-ին «Հայելի» մամուլի ակումբում հրապարակված հետեւյալ հայտարարությունը: Հայցը մնացած մասով մերժեց: Դատարանը կատարողական թերթ էր տրամադրել վճիռը կատարելու համար, երբ պարզվեց, որ հասցեատերը Իսագուլյանը չէ, այլ` Իսաղուլյանը: Ըստ ներկայացուցիչ Աննա Ծառուկյանի` «Գառնիկ Իսագուլյանին հասցեագրված դատավարական փաստաթղթերը վերադարձվել է փոստային առաքանու ետվերադարձի կտրոնում նշված՝ «Չպահանջված» գրառումով, որի կապակցությամբ դատարանը կատարել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով եւ 6-րդ մասով նախատեսված՝ դատավարական փաստաթղթերը պատասխանողին հանձնելու եւ դատական ծանուցագիրը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու վերաբերյալ գործողությունները»:
Նշեմ, որ նախնական դատական նիստը տեղի է ունեցել 2021թ. օգոստոսի 13-ին:
Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին: Դատական գործի մասին տեղեկացված չլինելու հիմքով Իսաղուլյանը զրկված է եղել որեւէ ապացույց ներկայացնելուց, որը հստակ մատնանշում է անձի հավասարության իրավունքի խախտման մասին: Այսինքն, ստորադաս դատարանը խախտել է, Իսաղուլյանը ապացուցների մասով չի կարողացել դիրքորոշում հայտնել նյութերին ծանոթ չլինելու հիմքով:
2025թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական (դատարանը Նաիրա Մարգարյան, Դավիթ Սերոբյան, Գայանե Խաչատրյան կազմով) գրավոր ընթացակարգով քննելով Իսաղուլյանի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանի վերաքննիչ բողոքը, որոշեց. Գառնիկ Իսաղուլյանի անունից բերված վերաքննիչ բողոքը բավարարել, թիվ ԵԴ/36138/02/20 քաղաքացիական գործով, ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2022 թ. վճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
25.10.2025


















































