Լրահոս
Այսօր Հոկտեմբերի 27-ն է
Օրվա լրահոսը

Եթե ամբողջ աշխարհում օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեզ մոտ այդ բանը չկա, և այսօր առկա վտանգները, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հենց այդ հարթակներից են. Տիգրան Հակոբյան

Հոկտեմբեր 27,2025 12:04

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Երևանում անցկացվեց EPRA-ի հերթական՝ 62-րդ համաժողովը,  որը համախմբեց 47 երկրների 56 կարգավորող մարմինների ավելի քան 100 պատվիրակների՝ մեդիա դաշտի արդի մարտահրավերների և զարգացման ռազմավարական ուղիների քննարկման նպատակով։

Հայաստանը համաժողովում ներկայացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են հիմնական թեմաներն են թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման և պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարությունների մշակման և իրագործման մեխանիզմները արագ փոփոխվող միջավայրում։

Համաժողովի  ընթացքում պատվիրակները կիսվել են իրենց երկրների մեդիա կարգավորման փորձով, ներկայացրել են իրականացված հետազոտությունների արդյունքները, ընդգծել մեդիա դաշտում առկա հիմնական մարտահրավերները և առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ՝ շեշտադրելով տեխնոլոգիական զարգացման, արհեստական ինտելեկտի ազդեցության և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը։ Քննարկվել է   նաև ատելության խոսքի (Hate Speech) դեմ պայքարի արդի մեխանիզմները։

Քննարկվել է խոսքի ազատության պաշտպանության և հասարակության տարբեր խմբերի նկատմամբ թշնամական, խտրական կամ բռնություն հրահրող արտահայտություններից պաշտպանության համադրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով միջազգային համագործակցության, միասնական կարգավորող մոտեցումների ներդրման և հստակ իրավական մեխանիզմների ձևավորման կարևորությունը։

«Վերջին տարիներին, հաշվի առնելով տեղեկատվական դաշտի արագ ու կտրուկ վերաձևումները, Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կենտրոնացած է եղել տեղեկատվական անվտանգության ապահովման մեթոդաբանության կատարելագործման վրա»,- նշում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Խոսելով մեդիա ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքի մասին՝ Տիգրան Հակոբյանը նկատեց, որ դա իրականում շատ բարդ աշխատանք է՝ հատկապես բալանսավորման տեսանկյունից։

«Բալանսավորումը դժվար բան է, և մեկնաբանություններն ու շահարկումները միշտ կարող են տարբեր լինել։ Մյուս կարգավորող մարմինների լիազորությունների համեմատ՝ մեր լիազորությունները շատ սահմանափակ են։ Նոր է, որ Ազգային ժողովը պատրաստվում է փոփոխություններ մտցնել օրենքում։ Այսինքն՝ եթե ամբողջ աշխարհում արդեն տեսալսողական բովանդակություն տարածող օնլայն հարթակները կարգավորման ներքո են, մեզ մոտ այդ բանը չկա, և այսօր առկա վտանգները, ապատեղեկատվությունը, ատելության խոսքը հենց այդ հարթակներից են։ Աշխարհում ոչ մեկ չգիտի՝ որտեղ է խոսքի ազատության և խոսքի ազատության չարաշահման սահմանը, և այստեղ շատ կարևոր է կոնսենսուսը հասարակության, իշխանությունների, ընդդիմության, կարգավորող մարմինների, մեդիայի միջև», – ընդգծեց Տիգրան Հակոբյանը՝ հավելելով, որ այս հարցը ևս լինելու է համաժողովի քննարկման առարկա։

Տիգրան Հակոբյանը կարևորեց նաև միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով, որ եվրոպական գործընկեր կառույցների հետ համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն հակազդել ապատեղեկատվությանը և հակահայկական քարոզչությանը միջազգային հարթակներում։

EPRA-ի մասին

Կարգավորող մարմինների եվրոպական հարթակը (EPRA) ստեղծվել է 1995 թվականին՝ եվրոպական երկրների մեդիա կարգավորող մարմինների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը խթանելու նպատակով։ Կազմակերպության առաքելությունն է աջակցել ապացույցների վրա հիմնված քաղաքականությունների մշակմանը, պաշտպանել խոսքի ազատությունը և ապահովել մեդիա բազմազանություն։ EPRA-ն հանդիսանում է կարևոր հարթակ ժողովրդավարական արժեքների ամրապնդման և մեդիա միջավայրի կայուն զարգացման համար։

Հայաստանը EPRA-ի անդամ է 2010 թվականից և ակտիվորեն մասնակցում է հարթակի նախաձեռնություններին՝ ներկայացնելով ազգային օրենսդրական և կարգավորող փորձը։

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031