«Մենք այսօր զարգացնում ենք մեր բանակի այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Ասում ենք՝ մեր բանակը մեր ինքնիշխանության տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք պաշտպանունակ բանակի»,- ՀՀ ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց՝ առաջնորդվել են այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար․ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ ՀՀ-ն իր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելն է։ Մեր բոլոր ռազմավարությունները՝ ներառյալ անվտանգայինը, պաշտպանականը, տեղավորվում են այս տրամաբանության մեջ»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2026-ի պետբյուջեի եկամտային մասը նախատեսում են ավելացնել 253,4 միլիարդ դրամով կամ 8,9 տոկոսով։ Հայտնեց, որ 2026-ին կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը․ «2026-ին քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն կատարի, որովհետև ծախսերն ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն շրջանում՝ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի ծախսման արդյունքում»։
Հետո էլ հիշեց ուղտերին, ձիերին ու ջորիներին և ասաց․ «ՀՀ պետական բյուջեի և համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային կամ ծախսային հոդվածներ չունենալու դեպքում քաղաքացու բարեկեցությունն ուղղակի անհնար է։ Բերեմ իմ սիրած օրինակը։ Մարդ կարող է ասել՝ իմ բարեկեցության հետ ի՞նչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը․ շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում։ Կարո՞ղ է լինել էսպիսի դեպք, կարող է՞ կառուցել էդ քաղաքացին իր համար դղյակ, կարող է կառուցել՝ տեսականորեն, բայց քաղաքացին կարո՞ղ է այդ դղյակում բարեկեցիկ ապրել, բացառվում է։ Կարո՞ղ է բարեկեցիկ ապրել, եթե օրինակ չլինի կոյուղի։ Բացառված է։ Եթե էդ դղյակը չունենա ջրամատակարարում, էլեկտրականություն, կարո՞ղ է բարեկեցիկ ապրել այդ դղյակում, բացառված է։ Եթե ենթադրենք, որ մարդն իր համար կոյուղի էլ է կառուցում, ջրամատակարարում էլ է ապահովում, եթե ճանապարհներ գոյություն չունենային, էդ մարդը չէր կարողանա այդ դղյակը կառուցել։ Եթե քարավաններով է ուզում բերել շինանյութը, եթե երկրում իրավակարգ չլինի, էդ քարավանները հինգ րոպեում նենց կթալանեն, որ մեծ կտորը կմնա ուղտի ականջը, եթե, իհարկե, ուղտերից է քարավանը կազմված, ոչ թե ջորիներից և ձիերից, այդ դեպքում կմնա ձիերի և ջորիների մեծ կտոր ականջը»։
Կարդացեք նաև
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































