«2025-ի համեմատությամբ կապիտալ ծախսերի նվազումը պայմանավորված կլինի ՊՆ կապիտալ ծախսերի նվազման հանգամանքով»,-ՀՀ ԱԺ-ում 2026 թվականին պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հայտնեց՝ 2026-ի նախագծով պլանավորում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի ծախսեր, եկամուտները՝ 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ։ Դեֆիցիտը 537 միլիարդ դրամ կկազմի 2025-ի 603 միլիարդ դրամի դեֆիցիտի փոխարեն։
ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ վերանայել են տնտեսական աճի կանխատեսումները ու մանրամասնեց․ «2026-ի համար 5,1 տոկոսից տնտեսական աճը վերանայվել է՝ հասնելով 5,4 տոկոսի։ Այն պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների ու արդյունաբերական աճով, ներքին պահանջարկի և հայկական ծագման արտադրանքի արտահանման աճով, որը շարունակական նկատում ենք այս տարվա ընթացքում»։
Կարդացեք նաև
Խոսելով 2026-ի բյուջեի նախագծի՝ ըստ ուղղությունների կապիտալ ծախսերի մասին՝ Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Սոցիալական ծախսերը 2025-ի ուղղությամբ կավելանան երեք տոկոսային կետով, եթե այժմ 41 տոկոսը սոցիալական ծառայության ծախսերն են կազմում, դրանք 2026-ին 44 տոկոս կկազմեն։ Պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ծախսերը 26 տոկոսից կնվազեն 21 տոկոսի»։
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ 2026-ի բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ․ «Տնտեսական և սոցիալական ոլորտին ուղղվող կապիտալ ծախսերը 22 տոկոսից ավել ցուցանիշով կգերազանցեն 2025-ի պետբյուջեով ծախսվածին։ 2026-ին պաշտպանության ոլորտին կուղղվի ՀՀ բյուջեի կապիտալ ծախսերի 43 տոկոսը»։
Վահե Հովհանիսյանը նաև հայտնեց՝ քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով 2026-ին կներդրվի առողջապահական ապահովագրության համակարգը․ «2026-ին առողջապահական ծախսերը կկազմեն մոտ 211 միլիարդ դրամ, 2027-ին և 2028-ին համապատասխանաբար կկազմեն 240 միլիարդ և 249 միլիարդ դրամ»։
ՀՀ ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































