ՀՀ 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նկատեց՝ վերջին ամիսներին կառավարությունն անընդհատ ասում է՝ մեր տնտեսական աճի պոտենցյալը 5-5,5 տոկոսի շրջանակներում է և նախագիծը ներկայացնող ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրեց․ «Ասում եք՝ միջազգային գործընկերները համաձայն են ՀՀ տնտեսական աճի՝ ձեր կանխատեսումների հետ։ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը գալիք տարվա համար 4,9 տոկոս տնտեսական աճ է, այսինքն՝ տնտեսական պոտենցյալից ցածր է։ Կարո՞ղ եմ ենթադրել՝ վերջին առաքելությունը, որը եկավ ՀՀ, հանդիպումների արդյունքում եկան այն եզրակացության, որ 5 տոկոսը շատ է, այլապես ստացվում է, որ ըստ իրենց կանխատեսումների՝ տնտեսական պոտենցյալից ցածր է լինելու մեր տնտեսական աճը։ Մյուսն արդյունաբերական աճի մասին է։ Այս տարի այն բացասական նպատակաուղղվածություն է ունեցել, մյուս տարի շեշտակի աճ ենք կանխատեսում։ Արդյունաբերության կոնկրետ ո՞ր ճյուղն է աճելու»։
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց․ «Ես մի լավ լուր ունեմ ձեզ համար․ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխել է կանխատեսումը մյուս տարվա համար և բարձրացրել 5,5 տոկոս։ Հետաքրքիրն այն է, որ այդ փոփոխությունն ավելի մեծ է, քան մեր կանխատեսումը տնտեսական աճի․ մենք պլանավորում ենք 5,4 տոկոսի տնտեսական աճ, իրենք փոխել են 5,5, որովհետև հավատում են, որ մեր պոտենցյալը ավելացել է։ Ինչ վերաբերում է արդյունաբերության աճի մասին, ապա 2026-ին թե մշակող արդյունաբերությունն է աճելու, թե հանքերն են աճելու, և Ամուլսարն ունի նաև իր ազդեցությունն այդ աճի մեջ։ Մասնավորապես, եթե ճիշտ եմ հիշում՝ մենք կանխատեսում ենք, որ 4 տոննա ոսկի ենք արդյունահանելու 2026-ին»։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Ուրախ լուրը, որ բերել եք, խնդրում եմ կիսվեք, քանի որ իրենց կայքում այդքան էլ ուրախ լուր չեմ տեսնում։ Եթե մեր արդյունաբերական աճը բերում, կապում եք անմիջապես Սոթքի լիարժեք շահագործման հետ, Ձեր գրած տեքստն եմ կարդում, Ամուլսարի հետ կապված խոստանում եք բարձր տեխնոլոգիական տնտեսություն, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ 2018-ից մինչև այս տարվա սկիզբ այդ հարցը չէր լուծվում և միայն Ամուլսարի՝ մեծահոգի նվերից հետո որոշվեց ընթացք տալ այդ հարցին»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որը նախագահում էր նիստը, դիմելով Արթուր Խաչատրյանին, միջամտեց․ «Ինչ վերաբերում է Ամուլսարի մասով, կարող եք Վահե Հակոբյանին հարցնել՝ ինչու էր ձգձգվում»։ Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Չգիտեի, որ Վահե Հակոբյանն այդքան ազդեցություն ունի կառավարության վրա, որ ինքն է որոշում։ Կարո՞ղ է պարզվի՝ օգոստոսի 8-ի թուղթն էլ է ինքը ստորագրել»։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































