«Հայաստանի տարածքն անընդհատ փոքրանում է ձեր թեթեւ ձեռամբ, անընդհատ խնդիրներ, ինձ մոտ դեժավյու է, դուք միշտ իրար շնորհավորելու առիթ եք գտնում։ Ասում եք՝ հարաբերութունները լավ են Վրաստանի հետ, եթե լավ են, ինչո՞ւ են Վրաստանի տարածքում մեր բեռնափոխադրողները ստիպված իրենք լուծել իրենց խնդիրները՝ գումարի դիմաց»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես եւ մեր հանրությունը ձեզանից երկու կարեւոր խնդրի լուծում ենք ակնկալում՝ մեր սուվերեն տարածքներից Ադրբեջանի դուրս գալը, օկուպացված տարածքները եւ երկրորդը՝ գերիների, պատանդառնված անձանց ազատ արձակում։ Ես այդ երկու հարցի վերաբերյալ մինչեւ հիմա ինձ եւ հասարակությանը բավարարող պատասխան չեմ ստացել»,- ասաց Դանիելյանը։
Միրզոյանն ասաց, որ Գառնիկ Դանիելյանին խաբել են։ Նա նշեց, որ 1991 թվականից՝ ՀՀ հռչակումից սկսած սկսած ՀՀ տարածքը նույնն է։ «Հայաստանի Հանրապետությունը ոնց կար, անկախ նրանից, թե Հայլուրով ինչ քարտեզ էին ցույց տալիս, իրականում ՀՀ-ն ոնց կար, ոնց հռչակվել էր, ոնց արտացոլված էր ձերոնց կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ տարածքը լրիվ նույնն է եղել։ Այսօր էլ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ռազմական գործողությունների հետեւանքով ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի ձեռքին, մեր սուվերեն տարածքների շուրջ 200 քկմ-ն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո»,- նշեց Միրզոյանը։
Նա հավելեց․ «Նաեւ գաղտնիք չէ, որ կան միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով Ադրբեջանին պատկանող տարածքներ, որոնք գտնվում են այսօր մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ ուրեմն, ինչպե՞ս լուծենք այս հարցը՝ մեր խորին համոզմամբ՝ ոչ նոր ռազմական գործողությունների ճանապարհով այդ սուվերեն տարածքներն ազատագրելու ճանապարհով՝ լինի դա մեր կողմից, թե իրենց կողմից։ Մենք ունենք ընկալում, պայմանավորվածություն, որ այս տարածքների՝ օրինական տերերին՝ մերը մեզ, իրենցը՝ իրենց, վերադարձի գործընթացը պետք է տեղի ունենա մեկնարկած եւ շարունակվող սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակներում։ Այ եթե այդ գործընթացը չի արտացոլի իրավական առումով միմյանց պատկանելիքը, խնդրում եմ, պարոն Դանիելյան, եկեք եւ ասեք, որ մենք ձեզ խաբեցինք, պայմանավորվածությունը եղավ եւ այդ ամենը չեղավ»,- նշեց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով գերիների մասին հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Ես կարող եմ ասել, որ պատանդառված անձանց ազատ արձակումը մեր ամենօրյա աշխատանքն է, բայց դա կարող է հնչել որպես շաբլոն նախադասություն՝ թեմայից խուսափելու համար։ Քանի դեռ շոշափելի արդյունք չկա, քանի դեռ հերթական արդյունքը չկա, չեմ ուզում այդ շաբլոն նախադասությունն ասել։ Բայց նաեւ կխնդրեի եւ կակնկալեի, որ մեր ջանքերն այս ուղղությամբ ոչ մեկ կասկածի տակ չդնեի, մենք ոչ պակաս շահագրգռված ենք այս հարցի շուտափույթ լուծման մեջ»։
Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաեւ հայ արտահանողների՝ Վրաստանի ու ՌԴ տարածքում ունեցած խնդիրներին։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































