«Ասում եք՝ խաղաղության պայմանագրի դրույթները բխում են մեր շահերից, ես էլ կարող եմ ասել՝ քանի դեռ ռազմագերիների հարց կա, եւ ադրբեջանցիները գտնվում են մեր տարածքում, դրույթները կիսատ են եւ ամենեւին չեն երաշխավորում փոխշահավետությունը։ Ասում եք, որ TRIPP-ը չպետք է ընկալել որպես Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ կապ, բայց չգիտես ինչու, Ադրբեջանը հենց այդպես էլ ընկալում է»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
«ՀՀ ժողովրդավարության այսպիսի՝ իմ գնահատմամբ խայտառակ պայմաններում ո՞նց եք պատկերացնում ԵՄ անդամակցությունը։ Գյումրիում անհնազանդության ակցիաների հետեւանքով 41 մեղադրյալ կա, որից 2-ն անչափահաս են։ Էս ժողովդրավարությամբ ո՞նց եք գնում Եվրոպական միություն»,- հարցրեց Էլինար Վարդանյանը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքն ասել է՝ պետք չէ ընկալել TRIPP-ը որպես միայն Նախիջեւան-Ադրբեջան կապ, որովհետեւ մենք էլ ենք այդ նույն ենթակառուցվածքն օգտագործելու՝ աշխարհի այլ երկրների հետ կապվելու համար։
Կարդացեք նաև
«Ժողովրդավարության վերաբերյալ ձեր գնահատականն ընդհանրապես չեմ կիսում, համարում եմ, որ շատ ասելիք կունենայի, բայց զերծ կմնամ ասել, թե ինչպիսի աննախադեպ եւ անխոցելի դիրքերում է այսօրվա ՀՀ ժողովրդավարությունը բոլոր նախորդ շրջանների համեմատ։ Եթե դուք որպես փաստարկ բերում եք այն, որ Գյումրիի այդ դեպքից 41 անձի է մեղադրանք ներկայացված, եւ ասում եք՝ դա ինքնին խոսում է այն մասին, որ ժողովրդավարության վիճակը խայտառակ է, կներեք, բայց նույնիսկ տրամաբանական շղթա չկա։ Դեպք կարող է լինի, որ 41 չէ, 741․․․ Աստված մի արասցե, բայց կարող է զանգվածային անկարգություններ լինեն, 741 մեղադրյալ լինեն»,- ասաց Միրզոյանը։
Էլինար Վարդանյանը հավելեց․ «Մենք մի երկիր ենք, որտեղ հայտարարության համար մարդուն երկու տարով դատապարտում են, խոսքը վերաբերում է Միքայել սրբազանին։ Գյումրիի վերաբերյալ իմ բերած օրինակն ընդամենը մեկն էր, եւ այս պայմաններում մենք խոսում ենք ԵՄ գնալու մասի՞ն, որ ԵՄ-ն գրկաբաց ընդունելո՞ւ է մեզ»։
Արարատ Միրզոյանն ասաց․ «Իմ ընդդիմադիր եղած ժամանակ ընդդիմադիրներին սպանում էին՝ Մարտի մեկ է եղել, 10 քաղաքացի զոհվել է, ընտրությունները զանգվածաբար կեղծվում էին։ Ժողովրդավարության ամենաուղիղ իրականացման մեխանիզմն ընտրություններն են, ընտրությունների արդյունքները տարիներ շարունակ համակարգային կերպով կեղծվել են»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































